«Միջազգային ահաբեկչությունը լրիվ ուրիշ բան է, ցավոք սրտի մենք էլ ականատես ենք: Դա այն է, ինչ տեղի ունեցավ և Փարիզում, եւ ռուսական քաղաքացիական ինքնաթիռի հետ»,- կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին այսպես մեկնաբանեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ Երեւանի Նորք-Մարաշ թաղամասում տեղի ունեցած միջադեպին:
Լրագրողները փոխարտգործնախարարից հետաքրքրվեցին, թե ահաբեկչության վտանգ կա՞ Հայաստանում, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ահաբեկչության վտանգն ամբողջ աշխարհում էլ կա. «Մենք պետք է հասկանանք, թե ինչի մասին ենք խոսում: Եթե խոսքը վերաբերում է միջազգային ցանցերի կողմից ահաբեկչությանը, ապա ցանկացած պետություն միշտ պետք է զգուշավոր լինի»:
Հարցին, թե ինչ է ակնկալում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից, Շավարշ Քոչարյանն ասաց, որ ակնկալիքներ կարող են լինել միայն մի դեպքում, եթե ադրբեջանական կողմը վերջ դնի իր այդ մոտեցմանը՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ եւ փորձի ուժի դիրքերից կորզել իր համար նպաստավոր լուծում. «Դա անհնարին է: Քանի դեռ Ադրբեջանը դա չի անում, ես լուրջ ակնկալիքներ չունեմ: Մյուս կողմից չի նշանակում, որ հանդիպման անհրաժեշտություն չկա: Նույնիսկ պատերազմող երկրներում լինում են հանդիպումներ ու բանակցություններ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ