Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. «Ինչո՞ւ մեր գործընկերները հրաժարվեցին մասնակցել այս նախագծին». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 26,2015 12:50

  «Այո-ոչ»-ի քարոզարշավի՝ 13 օր շարունակ երկրի հյուսիսային եւ հարավային շրջաններում զուգահեռաբար ընթացող «ռեալիթի-շոուի» վերաբերյալ իր տպավորությունները ներկայացնում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ:

-Իր տեսակի մեջ եզակի այս ծրագիրն առաջին անգամ է իրականացվում Հայաստանում եւ չի կարող միանշանակ գնահատականի արժանանալ քաղաքական բոլոր դերակատարների եւ հասարակության կողմից։ Մի բան պարզ է. նախագծի հիմնական նպատակներից մեկը հանրությանը իրազեկելն էր՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը բարձրացնելը, եւ այդ առումով նախաձեռնությունը ծառայում է իր նպատակին։

Այն, որ բարեփոխումներին կողմ եւ դեմ հանդես եկող ուժերը հնարավորություն են ստանում տարբեր բնակավայրերում քաղաքացիներին փոխանցել իրենց փաստարկներն ու մտահոգությունները, խոսել նախագծի առավելությունների ու թերությունների մասին, այն էլ՝ ուղիղ եթերում, միանշանակ նպաստում է տեսակետների բյուրեղացմանը։

Քաղաքացին իր հերթին հնարավորություն է ստանում ոչ կես ժամ կամ մեկ ժամ, այլ ժամեր շարունակ լսել հակադիր կարծիքներ։ Քաղաքական մշակույթի առումով սա ինքնին նոր երեւույթ է, որ, հուսով եմ, շարունակություն կունենա 2017թ. համապետական ընտրություններում։

Եթե համանման մի նախաձեռնության շրջանակներում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ կարողանան հանրապետության տարբեր բնակավայրերում ուղիղ եթերից ներկայացնել իրենց քաղաքական ծրագրերը եւ մոտեցումները, կարծում եմ, դա կլինի բավականին լուրջ ձեռքբերում։

  -Եթե, իհարկե, այդ դեպքում էլ չառաջնորդվեն «բոյկոտի մարտավարությամբ»։ 

-Այն քաղաքական ուժերը կամ գործիչները, որոնք այս կամ այն պատճառով չցանկացան մասնակցել այս նախաձեռնությանը, կարող են վերապահումներով վերաբերվել այդ գաղափարին։ Բայց եթե տարիներ առաջ արմատական դիրքերից հանդես եկող որեւէ քաղաքական ուժ ունենար հնարավորություն՝ օրական առնվազն 12 ժամ երկրի տարբեր բնակավայրերում ուղիղ եթերից ներկայացնել եւ հիմնավորել իր տեսակետները, սուր քննադատության ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը, վստահաբար կօգտվեր այդ հնարավորությունից։

Ինչո՞ւ մեր գործընկերները հրաժարվեցին մասնակցել այս նախագծին՝ հետեւությունները թողնում եմ ընթերցողին։ Մի բան կարող եմ փաստել՝ առաջին անգամ Հայաստանում տեղի է ունենում համապետական քաղաքական գործընթաց, որտեղ բացակայում է հասարակության վստահությունը քաղաքական ընդդիմության հանդեպ։ Իշխանությունների հանդեպ որոշակի անվստահություն եղել է միշտ՝ համապետական բոլոր ընտրությունների ժամանակ։ 2015թ. սահմանադրական հանրաքվեի առանձնահատկությունը, իմ կարծիքով, հենց այն է, որ այն տեղի է ունենում քաղաքական ընդդիմության նկատմամբ լրջագույն անվստահության պայմաններում։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30