Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է բանդան կապվում «Նոր Հայաստանի» հետ

Նոյեմբեր 26,2015 15:03

«Վաղը-մյուս օրը էդ կուսակցություններին կասեք`էսքան ձայն, էսքան տեղ, կգաք խորհրդարան: Չէ՞`չեք գա: Բայց ոչ մեկն էլ չի ընդդիմանա, չի հակաճառի: Բոլորի հետ կապված ինֆորմացիան ունեք, որ խելոք կլսեն: Մի 20 տոկոս էլ ձեզ համար ընդդիմություն կբերեք խորհրդարան, որի հետ համագործակցելով առաջ կգնաք: Բայց միայն տեքստը չի, ունենք նաեւ իրականություն: Սահմանադրությունը միայն տեքստով չի, կյանք պիտի մտնի, իսկ կյանքը տեսնում ենք: Դրա համար եմ ասում՝ դե ֆակտո իրավիճակը նոր նախագծով դե-յուրե են ամրագրում, որ իշխանության համար ավելի հեշտ լինի»,- այսօր «Մեդիա-կենտրոնում» սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բանավեճի ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Նիկոյանին կշտամբեց «Նոր Հայաստանի» առաջնորդներից Արմեն Մարտիրոսյանը:

Նա տարակուսանքով է վերաբերվում «այո»-ի շտաբի ձեւավորմանը, նրա ղեկավարների ընտրությանը. «Ամռանը մի շարք փոփոխություններ բերեցին, որ վարչապետը-բանը շտաբը կարողանա ղեկավարել: Սերժ Սարգսյանը խորը պարսավեց Իշխան Զաքարյանին`դու ի՞նչ իրավունք ունես քաղաքական գնահատականներ տալ, բայց Իշխան Զաքարյանի տեղակալին էդ շտաբի պետի տեղակալ դրեցին»:

Սամվել Նիկոյանը համամիտ է իշխանության եւ ներկայիս իրավիճակի մասին Արմեն Մարտիրոսյանի քննադատությունների մի մասի հետ: Թե ո՞ր մասի`չի մանրամասնում: Բայց քանի որ ընդդիմախոսները ամեն ինչ կապում են փրկիչների հետ, նա ասում է`փրկիչների ժամանակն անցել է, համակարգը պիտի աշխատի. «Մենք երեք նախագահ, մեկ տասնյակից ավելի վարչապետներ, ԱԺ նախագահներ, կառավարության անդամների փոփոխություններ ենք ունեցել, անձերի փոփոխություն`ինչքան ուզես: Բայց բոլորի պարագայում էլ քննադատությունը, լեքսիկոնը նույնն է: Ուստի, անձի փոփոխությունը եւ նոր փրկիչի փնտրտուքը մեզ այլեւս պետք չէ: Համակարգային խորը փոփոխության միջոցով կարող ենք խնդիրները լուծենք: Խորքային փոփոխություններ են պետք`եւ անձերի եւ համակարգի»:

Լրագրողներից մեկի հարցին`ինչո՞ւ է փորձ արվում նախօրեին ձերբակալված ահաբեկչական բանդան կապել «Նոր Հայաստանի» հետ, դա կապ ունի՞ դեկտեմբերի 1-ի հանրահավաքի հետ, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Գնահատականներ չեմ ցանկանում տալ: Դրանք մամուլով են հնչել, ինձ համար դրանք էական չեն: Կլինի համապատասխան մարմինների հստակ գնահատականը`կխոսենք: Կարեւորը`խումբը վնասազերծված է»:

Իսկ Արմեն Մարտիրոսյանը այս ամենում տեսնում է իշխանությունների ահաբեկումը, որ դեկտեմբերի 1-ին մարդիկ չմասնակցեն «Նոր Հայաստանի» նախաձեռնությանը. «Այդ վախի մթնոլորտում նաեւ հանրաքվեն անցկացնեն»: Նա կարծում է, որ արմատական փոփոխությունները Հայաստանում չեն կարող լինել առանց իշխանության փոփոխություն, որը 1991 թվականից ի վեր չի փոխվել: «Անձեր են փոխվել, բայց ոչ իշխանություն»,- հակադարձելով Սամվել Նիկոյանի պնդումներին՝ ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Մի հարցում իշխանական եւ ընդդիմադիր գործիչները համամիտ են`արմատական փոփոխություններ են պետք

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30