Ռուսաստանի Պետական դումայի քաղաքացիական, քրեական, արբիտրաժային եւ ընթացակարգային օրենսդրության հարցերով հանձնաժողովի նախագահ Պավել Կրաշենինիկովը կարծում է, որ ի պատասխան ռուսական «Սու-24» ռմբակոծիչի կործանման՝ Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու պատգամավորների նախաձեռնությունը տեղին չէ. հաղորդում է «TASS»-ը:
«Այո, միջադեպ է տեղի ունեցել: Բայց պետք չէ իրավիճակներին ոչ համարժեք արձագանքել: Այսօր դա տեղին չէ»,- հայտարարել է Կրաշենինկովը:
Նրա խոսքերով՝ օրենսդրությունը պետք է կարգավորի իրավական հարաբերությունները, որոնք գոյություն ունեն. «Ես չեմ լսել, որ մեզ մոտ ինչ-որ մեկը հերքի Հայոց ցեղասպանությունը: Մեր նախագահն այս տարի Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը ելույթ է ունեցել եւ զանգվածային հերքումներ չկան: Այստեղ տարօրինակ կապ կա ինքնաթիռի հետ: Այդքան էլ ճիշտ չէ այժմ ամեն ինչ «դու ես հիմարը» սկզբունքով լուծել»:
Հիշեցնենք, որ երեկ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող օրինագիծ էր ներկայացվել Ռուսաստանի Պետական դումայում: Առաջարկվում էր Ռուսաստանի քրեական օրենսգրքում ավելացնել 354.2 հոդվածը, որով սահմանվում է, որ եթե Հայոց ցեղասպանության հերքումը հրապարակային է արվում, առաջարկվում է տուգանել մինչև 300 հազար ռուբլով կամ աշխատավարձի չափով, կամ էլ ազատազրկել մինչև 3 տարով։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ