Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սյունիքը պակա՞ս ռազմավարական մարզ է, քան Տավուշը»

Նոյեմբեր 26,2015 15:30

Արմեն Աշոտյանն ուզում է հավատալ,
որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ մղումներ ունի

ԱԺ-ում 2016-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ուշադրություն դարձնել սահմանամերձ գյուղերին. «Իրականացվում է եւ նախատեսված է ծրագիր տարրական դասարաններում եւ նախակրթարաններում սովորող երեխաներին սննդով ապահովելու վերաբերյալ: Բազմաթիվ սահմանամերձ գյուղեր այս ծրագրից դուրս են մնում: Ճիշտ չե՞ք համարում, որ առաջին հերթին ապահովվեին սահմանամերձ գյուղերի երեխաներին: Ստեղ գյուղեր են ընկնում սրա տակ, որ Հայաստանի ամենաառատ գյուղերն են՝ հազարավոր հեկտարներով հողատարածքներով, իսկ այնտեղ մարդիկ իրենց հողերը չեն կարողանում մշակել: Ես կոչ եմ անում ձեզ, որ միջնորդեք ու կառավարությանն ասեք, որ սենց չի՛ կարելի անել»:
Փաշինյանի այս կոչն ուղղված էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Մովսես գյուղի աշակերտը ամեն օր թշնամու ուղիղ նշանառության տակ գնում է դասի. «Նրա համար այս սննդի ծրագիրը չեք անում, Արարատյան դաշտի էլի մեր սիրելի աշակերտներին անում եք: Առաջնահերթությունների խնդիր կա, չէ՞»:
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց պատգամավորի հարցադրմանը. «Մենք հերթով ընդգրկում ենք նոր մարզեր: Պարոն Փաշինյանը նոր է հիշել այդ դպրոցական ծրագրի մասին, որը 3 տարի գոյություն ունի, մենք ի սկզբանե ծրագրի ակունքներում ենք եւ ընդգրկել ենք ոչ պակաս ռազմավարական նշանակություն ունեցող մարզեր՝ սկսելով Սյունիքից, Վայոց ձոր, Արարատ»:

Ըստ նախարարի՝ այն, որ պատգամավորը հետաքրքրված է սահմանամերձ գյուղերի խնդիրներով, ողջունելի է միանշանակ. «Բայց որպեսզի այդ հետաքրքրվածությունը ազնիվ դիտարկվի, կարծում եմ, ճիշտ կլինի՝ ինքը տիրապետի նաեւ մեր կողմից իրականացված ծրագրերին եւ խնդրի մասին բարձրաձայնի ոչ միայն պետական բյուջեի քննարկման շրջանակներում, այլեւ շուրջ տարի»:

Մեր հարցին՝ այսինքն՝ առաջնահերթությունների խնդիր չկա՞, նախարարը պատասխանեց. «Առաջնահերթությունների խնդիր ծրագրում ի սկզբանե դրվել է՝ ելնելով աշխարհագրական դիրքից: Սյունիքը պակա՞ս ռազմավարական մարզ է, քան Տավուշը: Կարծում եմ՝ սրա շուրջ անիմաստ բանավեճ պետք է ծավալենք, թե որն է ավելի ռազմավարական մարզ: Բայց Սյունիքում պակա՞ս դրա կարիքն ունեին 2 տարի առաջ»:
Արմեն Աշոտյանը նշեց, որ նույն դասարանում կարող է լինել եւ շատ ապահովված ընտանիքի երեխա, բայց դու չես կարող դասարանի մի երեխային սնունդ տաս, մյուսին՝ ոչ՝ հաշվի առնելով սոցիալական կարգավիճակը:

«Արարատի մարզի վրա սեւեռվելը պատգամավորի կողմից գուցե ունի քաղաքական ենթատեքստ, բայց այդ ենթատեքստը անիմաստ է, որովհետեւ նույն Արարատի մարզում է Երասխ գյուղը, որի շուրջ ծավալված մարտերի մասին, կարծում եմ, դեռ ինքն էլ հիշողության մեջ պետք է պահպանած լինի: Ինչ վերաբերում է առաջնահերթությանը, մենք պատրաստ ենք իր հետ քննարկել: Ամեն երեխայի համար օրական հատկացնում ենք 140 դրամ: Սահմանապահ համայնքների մի մասը արդեն ծրագրում են: Հարցադրումը ես ազնիվ եմ ընդունում, բայց դա ոչ շատ տեղեկացված մարդու հարցադրում է: Եթե առաջարկում են ընդլայնել համայնքների թիվը կամ ընդգրկել ոչ թե մարզը, այլ կոնկրետ համայնքներ, պատրաստ եմ քննարկել,- ասաց Արմեն Աշոտյանը՝ ավելացնելով, որ 50 մլն դրամ է հատկացվել 2200 աշակետների համար:- Եթե պատգամավորը հանդես գա բյուջետային առաջարկությամբ, պատրաստ ենք աշխատել: Ես ուզում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի մղումն ազնիվ է, եւ ազնիվ արձագանք ենք տալիս»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30