Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Առկախել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն»

Նոյեմբեր 26,2015 15:00

Ռազմական ինքնաթիռ կորցնելուց հետո
ռուսները հիշեցին հայկական հարցի մասին

Պատմությունից բազում օրինակներ ունենք, երբ ռուս-թուրքական պատերազմներից Հայաստանն ու հայերն են տուժել. հիմա, կարծես, համանման իրավիճակ է ստեղծվում` «Առավոտի» դիտարկմանը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հակադարձեց, որ այժմ այլ իրավիճակ է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Աստված մի արասցե, եթե պատերազմ պայթի, կռվողն Օտտոմանյան կայսրությունը չի լինելու: Հիշեցնենք, որ երեկ Սիրիայի տարածքում Թուրքիան ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա որակեց «հարված թիկունքից»: Այս իրողությունների ֆոնին երեկ բավական ուշագրավ հայտարարություն հնչեց «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում մի քննարկման ժամանակ: «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի» հետ հաղորդաշարի ժամանակ Վլադիմիր Սոլովյովը հիշեց հայերի Ցեղասպանության մասին, կարծիք հայտնեց, որ ՌԴ-ն պետք է այս հարցում պինդ կանգնի հայերի եւ Հայաստանի կողքին: Նրա առաջարկն արժանացավ բանախոսների հավանությանը: Հայկական հարցը կրկին գործիք կդառնա՞ գերտերությունների ձեռքին` ժամանակն ու զարգացումները ցույց կտան: Բանախոսներից մեկն էլ պնդեց, որ ՀԱՊԿ-ում ՌԴ-ի գործընկերները պետք է ակտիվ լինեն եւ դիրքորոշում արտահայտեն ու միջամտեն: Սակայն փաստ է, որ ՀԱՊԿ-ը ոչ Վրաստանում, ոչ Ուկրաինայում ռուսական գործողությունների եւ ոչ էլ Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի ոտնձգությունների ժամանակ չմիջամտեց:

Արամ Կարապետյանը բավական ուշագրավ է համարում այն ժամանակաշրջանը, որն ընտրվեց ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման համար: Նա կարծում է, որ սա մարտահրավեր էր ՌԴ-ին` ուկրաինական իրադարձությունների համար: «Պուտինը մի պահ որոշեց աշխարհի հետ խոսել ռազմական լեզվով: Դա սկսվեց Ուկրաինայից: Հիմա դժվար է ասել` ճի՞շտ արեց, սխա՞լ արեց: Իմ կարծիքով, իհարկե, սխալ էր: Բայց քաղաքական ձեւ էր, որն աշխարհում շատ ընդունված է: Այն ժամանակ, իմ տպավորությամբ, ՆԱՏՕ-ն պատրաստ չէր եւ անգամ ինչ-որ տեղ անակնկալի եկավ, որ ՌԴ-ն այդքան խիստ ուժային մեթոդոլոգիա ընտրեց»,- ասում է մեր զրուցակիցը` հիշեցնելով, որ դրանից հետո անընդհատ տարբեր վայրերում` Անգլիա, Նիդերլանդներ, Էստոնիա եւ այլն, հայտարարություններ են հնչում, որ ռուսական ռազմական ինքնաթիռները խախտում են սահմանը: «Ես կարծում եմ՝ դա այն ընթացքն էր, երբ ՆԱՏՕ-ն նախապատրաստական աշխատանքներ էր տանում, նաեւ իր խմբավորումներն էր տարբեր երկրներում պաշտոնապես ավելացնում եւ այլն: Եկավ մի պահ, երբ ՌԴ-ն սիրիական կոնֆլիկտում մտավ իբրեւ ինքնուրույն ուժ, սկսեց անել այն, ինչն ինքն է ճիշտ համարում, ու ստացվեց, որ ՌԴ-ն մեկ ուժային օպերացիա էլ է սկսում:

Պատասխանը եղավ Եգիպտոսում քաղաքացիական ինքնաթիռի կործանումը: Դա զգուշացում էր ՌԴ-ին, որ ինքնուրույն ուժային խաղեր տալու իրավունք չունի: ՌԴ-ին դա չզսպեց: Հակառակը՝ եղածին գումարվեց Կասպից ծովից ավելի ուժգին հարվածները: Ապա Փարիզի դեպքը եւ Ֆրանսիայի դիրքորոշումը, որ ՌԴ-ի հետ համատեղ պայքար պետք է տանել «Իսլամական պետության» դեմ: Ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի այդ դիրքորոշումը պետք է պաշտպաներ նաեւ Գերմանիան: Ու ենթադրում եմ, որ Դոնբասում գործողությունները կդադարեցվեին, որպեսզի Մինսկի հետ համաձայնագրի խնդիրներ չծագեին, եւ ՌԴ-ին կընդգրկեին «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի համաշխարհային ֆորումի մեջ: Ինչ-որ մի լուրջ ուժ դրան հակառակվեց: Ու քանի որ Թուրքիայում ռազմական գործողություններ են գնում, հարմար պահ գտավ եւ խփեց ռուսական ինքնաթիռը»:

Մեր զրուցակցի տպավորությամբ՝ ՆԱՏՕ-ի այն հատվածը, որը ՌԴ-ի հետ կոշտ խոսելու կողմնակից է, այս գործողությամբ ուղղակի ասում է. «Սա Ուկրաինա չէ: Մենք պատրաստ ենք ՌԴ-ի հետ խոսել ռազմական լեզվով»: Արամ Կարապետյանը գտնում է, որ այսպիսով ի չիք են դառնում ռուս այն վերլուծաբանների եւ քաղաքագետների ջանքերը, ովքեր այս ընթացքում ամեն ինչ արեցին` ցույց տալու համար, որ ՌԴ-ն միջուկային գերտերություն է եւ վերջ: 21-րդ դարում հարցերը լուծել ոչ թե նաեւ քաղաքական, այլ միայն ռազմական մեթոդոլոգիայով՝ Արամ Կարապետյանը սխալ է համարում:

Միջազգային այս լարված եւ դեռ անհստակ իրավիճակի ֆոնին բավական ուշագրավ է դառնում հայաստանյան քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը` սահմանադրական բարեփոխումները: Հայկական «Նահապետ» ֆիլմի հերոս Նահապետը երբ տեսում է Ցեղասպանությունից փրկվածների վեճը` տնամերձ հողերի սահմանների համար, ասում է. «Ջուր ջաղաց տարեր ի, չախչախի համար նստիր են կուլան»: Նույն միտքը այլ բառերով ասում է Անդրե Մորուան. «Ծակված գուլպան, այրված թխվածքը, վտանգված քաղաքակրթությունը տարբեր աստիճանի ողբերգություններ են»: «Առավոտի» այս դիտարկումներին Արամ Կարապետյանը հավելեց. «Ներողություն պիտի խնդրեմ, բայց դա կոչվում է անմեղսունակություն եւ անգրագիտություն»: Հասկանալի է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական այս խաղում չի կարող թիրախավորվել, բայց մեր երկրում է գտնվում ռուսական ռազմաբազան, ինչը կարող է օգտագործվել, մանավանդ նախադեպ ունենք. տակավին վերջերս թուրքական ռազմական ուղղաթիռները խախտեցին հայկական սահմանը: Որքան էլ որ հայտարարվի, թե թուրքական ուղղաթիռները հատել են ՀԱՊԿ սահմանը, բայց փաստ է, որ ՀԱՊԿ-ի սահմանի այդ հատվածը նաեւ հայկական սահմանն է: «Հայաստանը կարող է թիրախավորվել Հայաստանի, Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների անգամ որեւէ անմիտ հայտարարությունից»,- ասում է Արամ Կարապետյանը` խորհուրդ տալով ՀՀ իշխանություններին առկախել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, մանավանդ որ՝ աշխարհը գնում է ամեն ինչ կենտրոնացնելու ճանապարհով, իսկ մենք, անհասկանալիորեն, ջանում ենք ապակենտրոնացնել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30