Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավային Կովկասի կայունության եւ անվտանգության ամենալուրջ սպառնալիքը Բաքու-Մոսկվա հարաբերություններում է»

Նոյեմբեր 26,2015 14:30

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ ռուսական «Կոմերսանտում» պատահական հրապարակումներ չեն լինում:

Հիշեցնենք, որ ռուսական «Կոմերսանտը» ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցից հետո իր հրապարակումներից մեկում այսպիսի սցենարի մասին էր գրել. «Բանակցություններին մոտ կանգնած ռուսական աղբյուրի տվյալներով՝ խաղաղ ծրագրի տարբերակներից մեկը, որը ներկայում քննարկվում է, հետեւյալն է՝ հայերն Ադրբեջանին են վերադարձնում Ղարաբաղի շուրջ իրենց զավթած ադրբեջանական տարածքների մեծ մասի վերահսկողությունը՝ պահելով Լաչինի միջանցքը, որն ապահովում է Հայաստանի հետ կապը, եւ հնարավոր է եւս մեկը: Բաքուն պաշտոնապես չի ճանաչում Ղարաբաղի անջատումը, սակայն, ծրագրի համաձայն, պարտավորվում է հարցը չլուծել ռազմական ճանապարհով: Դրա երաշխիք կարող էր լինել միջազգային խաղաղարարների (ՄԱԿ, ՀԱՊԿ) տեղակայումը հակամարտության գոտում, ինչպես նաեւ Ադրբեջանին վերադարձված շրջանների ապառազմականացումը»:

David_Shahnazaryan

Այս առիթով պարոն Շահնազարյանը նկատեց. «Կա մի գործընթաց, որը բավական արագ տեմպերով ծավալվում է: Դա ՌԴ եւ Ադրբեջանի մերձեցումն է եւ այդ մերձեցման ընդլայնումը տարբեր բնագավառներում՝ սկսած էներգետիկ բնագավառից, վերջացրած նրանով, որ ՌԴ-ն հայտարարում է, որ ստանձնում է Ադրբեջանի պաշտպանությունը բոլոր միջազգային ատյաններում»: Պարոն Շահնազարյանը նշեց, թե ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Բաքու-Մոսկվա բանակցություններում կա նաեւ Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միությունում ընդգրկելու հարցը, ինչի մասին Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները չեն հերքել:

Պարոն Շահնազարյանը վստահ է, որ Հարավային Կովկասի կայունության եւ անվտանգության ամենալուրջ սպառնալիքը Բաքու-Մոսկվա հարաբերություններում է: Քաղաքական գործիչն ամենեւին չի կարծում, թե վերոնշյալ հրապարակումը խավիարային դիվանագիտական արդյունք է: Aravot.am-ի դիտարկմանը՝ այդ պարբերականի խմբագիրը ադրբեջանցի է, Դավիթ Շահնազարյանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի: Նա առաջին հերթին ՌԴ քաղաքացի է: Կարող եմ ադրբեջանցիների անուններ տալ ՌԴ-ում, որոնցից հրապարակայնորեն դժգոհում է ողջ Ադրբեջանը»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ «Կոմերսանտի» հրապարակումը փուչիկ էր եւ նպատակ ուներ տրամադրվածություններ ստուգելու: Լավրովի այցի նպատակի մասին նա ասաց. «Դա ավելի շատ կապ ուներ Սիրիայի ռազմական վիճակի հետ»:

Ըստ պարոն Կիրակոսյանի՝ սիրիական եւ թուրքական հարսանիքը վերջացավ. Պուտինն ու Էրդողանն անձնական թշնամի դարձան, եւ մեզ համար դա լավ է: Դառնալով Լավրովի այցին հաջորդած՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այն հայտարարությանը, թե Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել հակաահաբեկչական նպատակներով, Ռիչարդ Կիրակոսյանը նշեց. «Նախագահ Բակո Սահակյանի հեքիաթն ավելի վտանգավոր էր, քան իրականությունը: Եթե «Կոմերսանտի» հոդվածը փուչիկ է, այս հեքիաթը շատ ավելի վատ փուչիկ էր: Դա մեր ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության արդյունքն է: Նախագահ Սահակյանը Ղարաբաղում նստած՝ ավելի մեծ պրոբլեմ է խնդրի լուծման համար»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30