Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ լիարժեք սննդակարգով յուրաքանչյուր հղիություն ավարտվում է բարդություններով եւ թերքաշ պտղով

Նոյեմբեր 26,2015 14:00

Բոլորին է հասու Հիպոկրատի թեւավոր ասույթը. «Եթե օգնել չես կարող, մի վնասիր»: Մեզ բաժին հասած տնտեսական ու քաղաքական այս խառնակ ժամանակներում անմասն չենք մնում զանազան վնասաբեր փորձություններից, որոնք հանգեցնում են տարաբնույթ ու անկանխատեսելի հետեւանքների:

Հիմի էլ փորձ է արվում ալյուրը հարստացնել ֆոլաթթվով ու երկաթով, որպեսզի բոլորն օգտվեն այդ հացից, որ պայքարեն արյան պակասի կամ անեմիայի դեմ: Հիմք ընդունելով հիմնականում հղիների ու երեխաների արյան ցուցանիշները՝ կամենում են արդարացնել նպատակը եւ այն դարձնել համատարած սննդակարգ, բոլորի համար: Որպես կանոն, արյան հիվանդություններով զբաղվում են արյունաբանները, հղիության հետ կապված բարդությունները լուծվում են համատեղ՝ արյունաբանների եւ մանկաբարձների մասնակցությամբ: Հղին, որն ունեցել է արյան հետ կապված խնդիրներ, մինչ հղիանալը համարվում է բարձր ռիսկային, քանի որ հղիությունը սրում է ունեցած հիվանդությունը՝ վտանգ ստեղծելով թե՛ մոր եւ թե՛ մանկան համար: Հղիության պատճառով առաջացած բարդությունները, հատկապես տոքսիկոզները բուժվում են մանկաբարձական բաժանմունքներում, դարձյալ արյունաբանների հսկողությամբ:

Դառնանք նորմալ զարգացող հղիներին ու նրանց մոտ նկատվող արյան պակասին: Դիմենք գրականության տվյալներին, որ օրինաչափ են ամենուր եւ ամենքի համար: Սովորաբար հեմոգլոբինի նորմալ ցուցիչ է համարվում 80-100 տոկոսը, այսինքն՝ 80 տոկոսն անեմիա չէ: Կանանց մոտ մշտապես հեմոգլոբինը 10 տոկոսով ցածր է տղամարդկանցից. այսինքն՝ եթե կնոջ մոտ այն 70 տոկոս է, համարվում է նորմալ ցուցիչ, նաեւ բնական ու ֆիզիոլոգիական: Հղիության շրջանում 10-12 կգ-ով ավելանում է հղիի քաշը՝ ի հաշիվ պտղի եւ հեղուկների, մեծանում է արյան ծավալը, նույնը մնալով ձեւավոր էլեմենտների քանակը, որից էլ 10 տոկոսով պակասում է արյան ցուցիչը:

Ապացուցված է նաեւ, որ եթե չկա մորից պտղին հասնող արյան շրջանառության խանգարում, ամենացածր արյան պակասի դեպքում պտղի մոտ անեմիա չի զարգանում: Այստեղից հետեւություն. հիպերպլազան չի պահանջում բժշկական օգնություն, քանի դեռ արյան ցուցիչը՝ հեմոգլոբինը, բարձր է 60 տոկոսից եւ էրիտրոցիտների քանակը բարձր է 3,5 միլիոնից. այն պետք է կարգավորվի ածխաջրատներով, ճարպերով, սպիտակուցներով ու թարմ բանջարեղենով հագեցած սննդակարգով: Ի դեպ, ֆոլաթթուն ամենից շատ պարունակվում է տավարի մսում, հատկապես լյարդում ու երիկամներում, եւ պետք չէ բավարար սնունդը համարել լիարժեք. օրինակ՝ ձեթը բավարար սնունդ է, բայց ոչ լիարժեք: Այսպիսով ալյուրի՝ ֆոլաթթվով ու երկաթով հարստացնելու ջատագովները, մեջբերելով հղիների բնական ու ֆիզիոլոգիական տվյալները, տարածում են երկսեռ բնակչության, երեխաների, չհղիացած կանանց վրա ու պահանջում փորձության տանել ողջ բնակչությանը: Քանի որ, ինչպես նշեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, հարցը նեղ մասնագիտական է, ուստի ակնկալում ենք մեր փորձառու արյունաբանների արձագանքը, որպեսզի խնդրի լուծումը դառնա համակողմանի, այլ ոչ թե ակադեմիկոս Ռ. Աբրահամյանի արտահայտությամբ, թե՝ հղիների բնական կամ ֆիզիոլոգիական անեմիա չի լինում: Քանի որ հայաստանյան բնակչությունը լիուլի բավարարված է բազմատեսակ մրգերով ու բանջարեղենով, որոնք պարունակում են անհրաժեշտ քանակի ֆոլաթթու եւ երկաթ, ալյուրի հարստացումն այդ սինթետիկ պրեպարատներով ոչ միայն արդարացված չէ, այլ նաեւ անօգուտ է, ավելորդ: Անշուշտ, խոսքը չի գնում հիվանդների մասին: Այլ խնդիր է թեր կամ ոչ լիարժեք սննդակարգը: Ահա այստեղ է, որ ունենք խնդիրներ: Ոչ լիարժեք սննդակարգով յուրաքանչյուր հղիություն ավարտվում է բարդություններով եւ թերքաշ պտղով: Մեր կատարած հետազոտություններով՝ նորածինների 35-40 տոկոսն ունենում է 3000 գ-ից պակաս քաշ եւ համարվում է թերքաշ ծնվածներ, որի պատճառն էլ մեծ մասամբ թերսնուցումն է, որտեղ ֆոլաթթուն ու երկաթն անելիք չունեն: Ավելին՝ կարող են նաեւ վնասել: Օրինակ՝ Ադիսոն-Բերմերի հիվանդության ժամանակ ֆոլաթթուն ոչ միայն անէֆեկտ է, այլեւ կարող է նպաստել ֆունիկուլյար միելոզի առաջացմանը:

ՖԵԴՅԱ ԳՍՊՈՅԱՆ
բժիշկ

«Առավոտ» օրաթերթ
25.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30