Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեց կինն իր ողջ կյանքում առաջին անգամ էր տեսել 100 000 դրամանոց

Նոյեմբեր 26,2015 13:30

Սոնիկ Սուչյանը մեկ ամիս առաջ է տեղափոխվել Երեւան: Նա մեկ որդի ունի, ամուսինը մահացել է երիտասարդ տարիներին:

Երեկ տարեց կինը հրավիրվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ուր դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Արա Հակոբյանի եւ Ռաֆայել Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Հիշեցնենք, որ այս գործը հայտնի է «Կեղծ փողերի գործ» անվամբ, համակարգչային մասնագետ Արա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով պատրաստել, պահել, ինչպես նաեւ Ռ. Ավագյանի հետ ՀՀ տարբեր մարզերում, Երեւան քաղաքում եւ ԼՂՀ-ում իրացրել է 3.061.000 ՀՀ դրամ կեղծ փող:
Վկա Սոնիկ Սուչյանը նկարագրեց, թե ինչպես է այս տարվա գարնանը՝ մարտին, թե ապրիլին, Ճամբարակի «սադի միջից» «թրջված», քրքրված գումար գտել: Նա անմիջապես դրել է իր գրպանը, տարել տուն, մաքրել, չորացրել: Ապա Երեւանում աշխատող որդուն՝ Նարեկին իմաց է տվել, որ տանի Կենտրոնական բանկ:

Բանկում էլ զննելով գտածոն, ասել են՝ կեղծ է: Կինը խոստովանեց, որ իր ողջ կյանքում առաջին անգամ էր 100 000 դրամանոց տեսնում, եւ մտքովը չի անցել, թե այն կարող է կեղծ լինել: Ապա ասաց. «Որ երեւար կեղծ է, գժվել էի, ինչ է, ջահել տղայիս կտայի, թե տար բանկ, նույնիսկ չէի կռանա, չէի վերցնի, տղաս էլ իմ նման միամիտ»:
Դատակոչված «Արարատբանկի» աշխատակից Վարդուհի Մաճկալյանն առաջին անգամ էր դատարանում լինում: Նա ճանաչվել էր տուժող, իսկ դատարանում չուներ իր ներկայացուցիչը, ինչպես տուժող ճանաչված շատերը:

Ավելին, դատական ողջ քննության ընթացքում կողմերից որեւեւէ մեկը չի դիմում վկաներին, տուժողներին, թե արդյոք ունե՞ք ներկայացուցիչ- փաստաբանի կարիք, օգտվել ցանկանո՞ւմ եք նրա ծառայություններից, թե՞ ոչ: Բանկի նախկին աշխատակիցը, որը երեք ամիս առաջ ազատվել էր աշխատանքից, չճանաչեց ամբաստանյալներին: Նրա հաշված գումարների հետ կապված Կենտրոնական բանկից ակտ էր կազմվել անցյալ տարի, ուղարկվել, եւ բանկի աշխատակիցը վստահելով Կենտրոնական բանկին, 10 000 դրամը մուծել էր համապատասխան հաշվի համարին, քանի որ այն համարվել էր կեղծ:
Նա որեւէ նյութական պահանջ չներկայացրեց ամբաստանյալներին: Գլխավոր դատախազությունից մեղադրանքը պաշտպանող Արթուր Սեպոյանը հարցրեց, թե հնարավո՞ր է Կենտրոնական բանկը սխալ հայտներ, բանկի նախկին աշխատակիցը բացառեց, ասաց, թե նրանք սերիայով են ուղարկել: Փոխարենը՝ ինքը սերիան չէր հիշում:
Մինչ տուժողի՝ նիստերի դահլիճից հեռանալը, դատախազը նրա նախաքննության ժամանակ տված ցուցմունքից հիշեցրեց, որ կեղծ դրամը հայտնաբերվել էր 2011 թվականին, եւ ոչ թե անցյալ տարի:

Հաջորդ տուժողը Մասիսի «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակից Տարոն Աբրահամյանն էր: Այս գործով, թերեւս, իմ տեսած միակը, որը 100 000 դրամի հայտը ներկայացրեց: Բայց նա չուներ ներկայացուցիչ, չգիտեր՝ ինչպես է դա արվում, իսկ դատավոր Արմեն Բեկթաշյանն ասաց, թե կարող է հայցով դիմել դատարան:

Նա նկարագրեց «ուղիղ դեմքով», տաքսի ավտոմեքենայով իրենց այցելած քաղաքացուն, որի ձեռքին եղել է քսան լիտրանոց տարա: Այս տուժուղն ասաց, որ երբ նայել է տեսագրությունը, նկարում իր տեսած 1 մետր 80 սմ հասակով տղամարդը դատարանում չի: Ի դեպ, բենզալցակայանի տեսագրությունը նախաքննության ժամանակ չի պահանջվել, այդ դիտել են իրենք:

Ավելին չհիշեց, ասաց, որ գիշերվա ժամը երկուսն է եղել, իրեն մոտեցած ուղեւորը 100 000 դրամ է տվել, լցրել է 10 000 դրամի վառելանյութը, 90 000 դրամը վերադարձրել: Առավոտյան դրամի ճմռթվածությունից պարզ է դարձել, որ այն կեղծ է, տարել է Կենտրոնական բանկ, որն էլ հաստատել է, որ իրոք կեղծ է:

Գորիսի մասնաճյուղի աշխատակից Սյուզաննա Հայրապետյանը դատակոչվել էր որպես վկա: Նրանք էլ են շոշափելով հայտնաբերում կեղծ դրամը, որն, ըստ վկայի, վատորակ թղթի վրա է, որպես կանոն, պատրաստվում: Կեղծ դրամը «Արարատբանկի» մասնաճյուղից հայտնաբերելը, ըստ նրա, պայմանավորված էր նորաբաց մասնաճյուղի հիմնադրմամբ, պաշտպանական մեխանիզմների չիմացությամբ: Նա բացառեց, թե Կենտրոնական բանկից կարող են կեղծ դրամ ուղարկել, քանի որ կա տեսախցիկ, եւ որեւէ մեկը չի կարող այնպիսի գործունեություն ծավալի, որ վնաս տա իր գործընկերոջը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30