Հեքիաթ-վիպակի հեղինակը վստահեցնում է,
որ վհատվելը ճիշտ չէ ու պետք է պայքարել մինչեւ վերջ
Երեւանում տեղադրվել են Նունե Թորոսյանի «Փափլիկստան» հեքիաթ-վիպակի բովանդակային պաստառները: Դրանք (լուսանկարում) առաջին հայացքից տպավորություն են ստեղծում, թե սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում հիմա էլ «ներգրավել» են մանուկներին:
«Առավոտը» գիրք-վիպակի հրատարակչից՝ «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ կարո՞ղ է հիմա էլ «այո-ոչ»-ի ծպտված քարոզարշավ են իրականացնում: «Շատ կուզեի, որ քարոզարշավի ազդեցություն թողնեին պաստառները: Սակայն այդ «այո» ու «ոչ»-ը երկու շաբաթից էլ չեն լինելու: Իսկ մենք աշխատում ենք հավերժական արժեքների հետ»,- հայտնեց հրատարակիչը: Հետո էլ հավելեց. «Միշտ «ոչ»-ն է ավելի դժվար ասել, քան «այո»-ն, պարզ պատճառով՝ «ոչ» մարդն ասում է սատանային ՝ տարբեր տիպի գայթակղություններից խուսափելով: Մեր գիրքը հավերժական արժեքների մասին է, խորաթափանց ընթերցողն էլ գրքի տողատակերում կհայտնաբերի այլ աշխարհ»:
«Փափլիկստանի» հեղինակը՝ Նունե Թորոսյանը, համառոտ ներկայացնելով հեքիաթը, ասաց. «Փափլիկստանի» գլխին մութ ամպեր են կուտակվել. չար ուժերը փորձում են նվաճել եւ իրենց ենթարկել մեծահոգի ու ընկերասեր դմփլիկներին: Բայց համերաշխությունը, փոխօգնությունն ու հնարամտությունը հաղթում են: Փափլիկստանում վերականգնվում է երջանիկ կյանքը եւ չարը պատժվում է»: Նունե Թորոսյանը նշեց, որ նկարազարդումների հեղինակներն են Սուսաննա Դոմբայանը եւ Հարություն Թումաղյանը: Ինչ վերաբերում է հեքիաթի ստեղծմանը, պատմեց, որ այն սկսվել է նրանից, որ իր աղջիկը խնդրել է թոռնիկների համար հեքիաթ գրել, պարզապես սովորական հեքիաթ: Հեքիաթ՝ բարի ու չար հերոսներով, արկածներով, դավերով ու չարի դեմ պայքարով եւ վերջում՝ բարու հաղթանակով: «Ես էլ համաձայնեցի, չէ՞ որ հեքիաթներից երեխաները շատ բան են սովորում: Բա էլ ինչպե՞ս զարգանա երեխայի երեւակայությունը, եթե ոչ գրքերով ու խաղով, ինչպե՞ս տարբերել լավը վատից, եթե ոչ սիրելի հերոսների օրինակով: Հեքիաթիս մեջ հանելուկներ, գլուխկոտրուկներ, ներկելու պատկերներ ու դրանց նման բաներ որոշեցի ներառել, երկու նպատակով: Մեկը՝ բացահայտ, որ կարդացողներն իրենք էլ մի փոքր կատարող դառնան, ու որ կարդալն ավելի հաճելի ժամանց լինի, քանի որ այսօր երեխաներն առաջվա պես շատ չեն կարդում: Մյուսը՝ իմ ծածուկ «տատիկային» նպատակն էր, որ դրանց լուծումները փնտրելով՝ երեխաները միտքն ու երեւակայությունն աշխատեցնեն, մտածել սովորեն»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը՝ իսկ ինչո՞ւ երեխաների համար գրել հեքիաթներ բարու հաղթանակով, չէ՞ որ նրանք մի քանի տարի հետո, եթե ոչ իրենց օրինակով, ապա շրջապատում կտեսնեն, որ միշտ չէ, որ բարին հաղթում է, տիկին Թորոսյանը պատասխանեց. «Մտքիս դրել էի, որ Փափլիկստանի պատմությունը կարդալով՝ երեխաները հասկանան, թե իրական կյանքն էլ «հալած յուղ» չէ, որ դժվարություններ են լինում, որ արդարության կողքին անարդարություն կա, որ ազնվությունից ու վեհանձնությունից բացի, ագահություն ու նենգություն կա, ու որ իրենց կյանքի պատասխանատվությունն իրենց վրա է, ուզում են երջանիկ լինել՝ բարի, դե թող բարի լինեն երջանկության համար պայքարել: Թե՞ վախենում են, որ ոչինչ չի ստացվի: Բայց ո՞նց ստացվի, եթե չանեն: Ու թեեւ հաղթանակը հեշտ ձեռք չի բերվում, վհատվելը ճիշտ չէ, ու պետք է պայքարել, պայքարել մինչեւ վերջ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.11..2015