Հնդկաստանի Ռաջաստխան նահանգում ոստիկանությունը ձերբակալել էր երկու նկարչի՝ հելիումով լցված փչովի կովեր երկինք բաց թողնելու համար: BBC-ի փոխանցմամբ, ոստիկանները ժամանել էին Ջայպուրյան գեղարվեստական գագաթաժողովի մասնակիցների վրա ունեցած բողոքների հիման վրա, ըստ որոնց՝ օդում թռչող փչովի կովերը վիրավորում են հնդիկների կրոնական զգացմունքները: Ձերբակալված նկարիչներն էին Չինտան Ուպադհայան եւ Անիշ Ահլուվալիան: Ավելի ուշ նրանց ոչ միայն բաց էին թողել, այլեւ անձամբ նկարիչներից ներողություն էին խնդրել Ռաջաստխանի գլխավոր նախարարն ու ոստիկանության կոմիսարը: Նրանք ցավով փաստել էին, որ ոստիկանությունը գործել է ծայրահեղական ակտիվիստների ազդեցության տակ:
Մեկ այլ նկարիչ էլ հայտարարել էր, որ օդում թռչող փուչիկ կովերի միջոցով արվեստագետները փորձել են ուշադրություն հրավիրել հենց այդ կենդանիների վրա, որոնց սպառնում է պոլիէթիլենային աղետը՝ ամենուր թափված ցելոֆանե տոպրակները կովերի համար ուղղակի վտանգավոր են: Նրա ասելով, մյուս կողմից էլ՝ ակցիան վիրավորական տարրեր ուներ Հնդկաստանում սրբազան համարվող կենդանիների հանդեպ:
Գեղարվեստական գագաթաժողովի ղեկավար Պրատապ Շարման Indian Express-ին տված հարցազրույցում վստահեցրել է, որ որեւէ մեկին չվիրավորելու համար այլեւս կովակերպ փուչիկներ բաց չեն թողնի:
«Առավոտ» օրաթերթ
25.11..2015