Լեհաստանում ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու, որոնք փորձում էին փակել մուտքը դեպի Վրոցլավի թատրոն եւ խանգարել հանդիսականին դիտելու «Աղջիկը եւ մահը» ներկայացումը: Կաթոլիկ ծայրահեղականներն այն որակել էին պոռնոգրաֆիական ներկայացում՝ բեմադրված ըստ Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլֆրիդե Ելինեկի պիեսի: Ցուցարարները բողոքում էին ներկայացման մեջ պոռնոաստղերի ներկայության ու «բաց» տեսարանների համար: Բանը հասել էր նրան, որ մշակույթի նախարար Պյոտր Գլինսկին եւս առաջարկել էր հանել ներկայացումը:
Վրոցլավի թատրոնի տնօրեն Քշիշտոֆ Մեշկովսկին հայտարարել էր, որ պատրաստվում է պաշտոնական բողոքով դիմել երկրի պառլամենտ ու պահանջել մշակույթի նախարարի հրաժարականը: Մեշկովսկին դժգոհել է, որ պիեսը բոյկոտողները լոլիկներ ու ձվեր են շպրտել իր հայրական տան վրա, նա նաեւ կոչ է արել թատերական քննադատներին հանգիստ թողնել պիեսն ու իր անձը:
Իմիջիայլոց, ժամանակին Ելինեկին Նոբելյան մրցանակ շնորհելը միանշանակ չի ընդունվել եւ սուր քննադատության է ենթարկվել նաեւ Վատիկանի կողմից: Կաթոլիկ եկեղեցին նրան անվանել է բացարձակ նիհիլիզմի տիտղոսակիր եւ անբարո վարքի քարոզիչ:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
25.11..2015