Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Սարգսյան. «Սեղանի թենիսի ապագան պատանիների մեջ է»

Նոյեմբեր 26,2015 12:00

«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության սեղանի թենիսի «Սպարտակ» մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի բազմակի եւ ԽՍՀՄ «Սպարտակ» մարզական ընկերության չեմպիոն, վաստակաշատ մարզիչ Համլետ Հակոբյանի երկրորդ հուշամրցաշարը, որը նախաձեռնել եւ կազմակերպել է Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան:

Երկու տարիքային խմբով անցկացված մրցաշարին մասնակցեցին Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ Սեւան քաղաքի մինչեւ 12 եւ մինչեւ 15 տարեկան շուրջ 100 պատանիներ: Երկու օր տեւած պայքարի արդյունքում լավագույն եռյակները կազմեցին. տղաներ՝ Մելքոն Հովհաննիսյան, Դավիթ Մանուկյան, Ազատ Գալստյան, աղջիկներ. Էլեն Բախչաջյան, Անահիտ Սարգսյան, Մարինե Գալստյան: Նրանք բոլորն էլ ներկայացնում են Երեւանը:
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի սպորտի վարպետ Ֆելիքս Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ընդամենը մեկուկես տարի է, ինչ ընտրվել եմ ֆեդերացիայի նախագահ եւ այս ընթացքում հիմնական ուշադրություն մենք դարձնում ենք պատանիների վրա՝ նրանց համար հանրապետության ներսում կազմակերպելով տարբեր մրցումներ: Քանի որ ֆեդերացիայի բյուջեն սուղ է եւ երեխաները Հայաստանից դուրս մրցումների պարբերաբար մասնակցելու հնարավորություն, որպես կանոն, չեն ունենում, վստահ եմ, որ այսպիսի միջոցառումների հաճախակի անցկացումը որոշակի մրցափորձ ձեռք բերելու համար անհրաժեշտություն է: Ի դեպ, հնարավորություն ունենալու դեպքում դրանց մասնակցում են նաեւ Արցախի պատանիները: Ասեմ, որ մենք բավականին սերտ համագործակցություն ունենք Արցախի մեր գործընկերների հետ եւ հաճախակի ենք փոխայցելություններ կատարում:

feliks-Sargsyan-20Դեկտեմբերի սկզբներին Ստեփանակերտում կայանալու է Արցախի փոքրահասակների բաց առաջնությունը: Մասնակցության հրավեր ունենք եւ անպայման մեկնելու ենք: Առայժմ այսպես ենք կարողանում ի հայտ բերել շնորհալիներին, որպեսզի հետագայում նրանցով ավելի լուրջ զբաղվենք: Արդեն չորս պատանիների աչքի տակ առել ենք, որոնց համար փորձում ենք արտագնա մրցումների մասնակցելու հնարավորություններ գտնել: Այդ հարցում մեզ օգնում է «Խրոնիմետ» ընկերությունը, որի աջակցությամբ, օրինակ, երեկ մեր մարզչական խորհրդի նախագահ Գոհար Խանզրատյանի ղեկավարությամբ երեք թենիսիստներ՝ այս հուշամրցաշարի հաղթող Մելքոն Հովհաննիսյանը, վանաձորցի Ավետ Վասիլյանը եւ Մանե Ղազարյանը մեկնեցին Սանկտ Պետերբուրգ, որտեղ անցկացվելու է պատանեկան տարիքի խոշոր միջազգային մրցաշար»:

Ֆելիքս Սարգսյանի խոսքերով, Հայաստանում բավականին լավ մեծահասակ սեղանի թենիսիստներ կան: Սակայն աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային մրցաշարերում բարձր տեղեր գրավելու նրանց հեռանկարները գրեթե զրոյական են: Դրա համար էլ ֆեդերացիան աշխատում է նրանց օգտակար դարձնել մարզչական ոլորտում ու միասին զբաղվել մանկապատանեկան թենիսի զարգացումով:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30