Լիլիթ Մուղդուսյանը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսում: Գունավոր հուլունքները, թելերն ու կտորները Լիլիթի վառ երեւակայության ու շնորհքի շնորհիվ վեր են ածվում գեղեցիկ ու յուրահատուկ իրերի՝ գլխարկներ, ձեռնոցներ, շարֆեր, գլխազարդեր, կոշիկներ, զարդեր եւ այլ աքսեսուարներ: Այժմ Լիլիթը ձեռագործ իրերի հարուստ հավաքածու ունի, որը ներկայացնում է facebook սոցիալական ցանցում՝ իր L.M. Handmade էջում:
-Լիլի՛թ, ինչպե՞ս եւ ե՞րբ սկսեցիր զբաղվել ձեռագործ իրերի պատրաստմամբ:
-Ձեռագործությամբ զբաղվելու ձիրքը ժառանգել եմ մայրիկիցս: Դեռ մանուկ հասակից սիրել եմ զբաղվել ասեղնագործությամբ, հելունագործությամբ, կարուձեւով, այսինքն՝ ձեռագործ իրերի պատրաստմամբ: Երբ ես սկսում եմ պատրաստել, ինձ համար բացվում է մի նոր աշխարհ, եւ ես կտրվում եմ իրականությունից: Եվ ժամանակի ընթացքում այն դարձավ իմ երկրորդ «մասնագիտությունը»: Ամեն մի մանրուք կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ, նոր գաղափարներ ու մտքեր առաջացնել, որոնք էլ որոշ ժամանակ հետո դառնում են շոշափելի ու իրական գործեր:
– Այսօր facebook սոցիալական ցանցում հաճախ ենք հանդիպում այնպիսի օգտատերերի, որոնք ներկայացնում են իրենց ձեռագործ աշխատանքները: Ո՞րն է L.M. Handmade-ի առանձնահատկությունը:
-Իմ աշխատանքների հիմնական առանձնահատկությունը մատչելիությունն է նմանատիպ աշխատանքներից: Սահմանվում են այնպիսի գներ, որոնք հասանելի են հասարակության բոլոր խավերին: Ինչպես նաեւ ստեղծում եմ այնպիսի աշխատանքներ, որոնցից դեռեւս չեն պատրաստել: Այսինքն` փորձում եմ իրականություն դարձնել գնորդների մտքերը: Ի դեպ, իմ աշխատանքների գնորդները նրանք են, ովքեր կարող են ներդաշնակություն գտնել իրենց ցանկությունների եւ իմ աշխատանքների միջեւ: Ես եւս կրում եմ իմ աշխատանքներից:
-Ինչպե՞ս ես կարողանում համատեղել ուսումդ եւ հոբբիդ:
-Քանի որ իմ աշխատանքը ես հաճույքով եմ անում, չեմ զլանում համատեղել այն դասերիս հետ: Իմ հոբբիով զբաղվելն ինձ համար հանգստություն է, ես դրանով ինչ-որ չափով կտրվում եմ իրական աշխարհից, դասերից եւ հոգսերից: Ինչպես մեծամասնության մոտ, ես նույնպես սկսել եմ ձեռքի աշխատանքների պատրաստմամբ զբաղվել տիկնիկների համար զգեստներ կարելով: Առաջին աշխատանքը, որ պատրաստել եմ, եղել է 3 տարեկանում: Հիշում եմ, որ մայրիկս, ինձ փոքր համարելով, կտոր չեր տալիս: Ես էլ ճարահատյալ կտրել եմ իմ զգեստը եւ դրանից նոր զգեստ պատրաստել տիկնիկիս համար:
– Հեշտությա՞մբ ես հրաժարվում աշխատանքներիցդ, երբ վաճառում կամ նվիրում ես:
-Հեշտությամբ չեմ հրաժարվում միայն նրա համար, որ իմ կողմից պատրաստված յուրաքանչյուր իր ինձ համար դառնում է հարազատ: Բայց եւ այնպես, մեծ հաճույքով նվիրում եմ, քանի որ հաճելի է տեսնել մարդկանց արձագանքը, թե ինչպես են գնահատում քո աշխատանքը: Հաճույքով կներկայացնեի իմ հավաքածուն նաեւ ցուցահանդես-վաճառքներում, բայց ժամանակի սղություն ունեմ: Ուսումս ավարտելուց հետո այդ «խնդիրը» եւս կհաղթահարվի:
Զրուցեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
25.11..2015