Այսօր «Դալան» ցուցասրահում տեղի ունեցավ Հուսիկ Արայի նոր՝ «Տան դուռը» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը, որը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից, ամփոփում է բանաստեղծի վերջին 4 տարիների ստեղծագործությունները. «Տան դուռը, այսինքն՝ քո տունն է, ներս մտիր, տեր կանգնիր քո արժեքներին, քո անկախությանը, քո Հայաստանին»,- մեկնաբանում է բանաստեղծը:
Գիրքն սկսվում է «Ազատության հրապարակը» շարքով, որին հաջորդում է «Նոր Հայաստան» շարքը: «Գրքում տեղ գտած «Անաբասիս» պոեմն իմ սերնդի մասին է: Մենք, ի վերջո, պատերազմի և հեղափոխության արանքում կորած սերունդ ենք: «Առավոտ» պոեմն էլ Ցեղասպանության մասին է, սակայն փորձել եմ իմ սերնդի հայացքով՝ ուժի տեսանկյունից նայել փաստերին: Գրքում կան նաև սիրային բանաստեղծություններ»,- ասում է գրողը:
Նրա խոսքով՝ գրքում հստակ կարելի է տեսնել նաև իր՝ գրողի քաղաքացիական դիրքորոշումը. «Իմ սերունդը ձևավորվել է 1988-ին Ազատության հրապարակում, և ես մշտապես քաղաքացիական իմ դիրքորոշումն ունեմ թե´ որպես մարդ, թե´ որպես գրող: Այս գրքում այն երևում է հատկապես «Նոր Հայաստան» շարքում՝ անհատի և երկրի բախման մեջ, երևում է նաև «Ազատության հրապարակը» շարքում. որ ազատությանն ու անկախությանը մենք կարծես դեռ պատրաստ չենք, դեռ «մեր վրայով չէ այդ հագուստը»… Սակայն անկախությունը միակ բանն է, որի համար պատրաստ եմ արյունս տալ: Անկախությունը բարձր է ամեն ինչից: Եվ ես փորձում եմ լինել ոչ միայն անկախության շրջանում ստեղծագործող, այլև անկախությունը ներկայացնող գրող»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ