Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում նոյեմբերի 25-ին քննվում էր Տաթեւիկ Հակոբյանի քաղաքացիական բողոքն ընդդեմ Վարդան Պետրոսյանի:
Վարդան Պետրոսյանը դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ միանշանակ կողմ է, որ Տաթեւիկ Հակոբյանի առողջությանը վերաբերվող հարցերը քննվեն դռնփակ դատական նիստի ընթացքում. երկու կարծիք չի կարող լինել: Նա հայտարարեց, որ առաջին եւ վերջին անգամ է մասնակցում դատական նիստին:
«Դիրքորոշումս միշտ ասել եմ, ինչ վերաբերվում է Տաթեւիկի բուժմանը, Կոտայքի մարզի դատարանում, վերաքննիչ դատարանում դիրքորոշումս ասել եմ, ես իսկապես պատրաստ եմ երեխայի բուժման ծախսերը հոգալ: Եվ դիրքորոշումս ասել եմ ազնիվ մղումով, ասել եմ՝ պատկերացրեք Տաթեւիկն իմ աղջիկն է, երկու երեխաներն էլ, որ զոհվել են իմ երեխաներն են, որովհետեւ ծնողներից հետո ես չեմ կարծում, որ ուրիշ մեկը կարող է ավելի ծանր տանել, ինչպես ես, որովհետեւ ես այսպես, թե այնպես մասնակից եմ այդ դժբախտությանը: Ցավոք սրտի, շատ ցավում եմ, որ իմ ազնիվ մղումները նորից կրկնվում են: Անպատվել են, այլ կերպ են ընդունել՝ դերասանություն, մարդասպան, կանխամտածված սպանություն եւ այլն, եւ այլն: Այս ամենը ես հանդուրժել եմ, ընդունել եմ: Եվ երբ դուրս եմ եկել բանտից՝ Նուբարաշենից, փորձել եմ այդ ամենին նայել ասենք թյուրիմացություն, լավ, այդպես ստացվեց, ինչպես Դուք եք ասում տիկին, անվստահության մթնոլորտ է, մարդիկ իրար չեն հասկանում»,- ասաց նա:
Վարդան Պետրոսյանը նշեց, որ հարցը լուծելու երկու եղանակ կա՝ բարոյական կողմով կամ դատական կողմով, իսկ երկուսը միասին անհնար է լուծել. «Հնարավոր չէ մեկին սեղմել պատին դատարանով եւ նրանից դատական խնդիրներ պահանջել լուծել: Իմ՝ բանտից դուրս գալուց հետո, դուք տեղյակ եք, որ ես, այնուամենայնիվ, զանգել եմ Արթուր Հակոբյանին, ես խոսել եմ իր հետ, խոսել եմ շատ զուսպ՝ չնայած որոշ պատասխաններին, ես գտնում եմ, որ խոսում եմ վշտի տեր մարդու հետ: Այնուամենայնիվ, ասել եմ՝ եկեք ես ու Դուք հանդիպենք, վերջ ի վերջո ես ու դու պիտի հանդիպենք, ասել է՝ կզանգեմ, չի եղել: Ես այդպիսի մարդ եմ, ես չեմ կարող երկու օրը մեկ զանգեմ, զանգեմ, զանգեմ, չի ստացվում, մտածել եմ՝ մարդիկ չեն ուզում: Հիշո՞ւմ եք վերաքննիչում իմ խոսքը, նորից ասեմ՝ ես պատրաստ եմ այս հարցով այսպիսի վերաբերմունքին, եթե հարցը դնենք հնարավորություններն այսպիսին են, ես վճարումները անեմ: Ինչ կտա այդ ապահովագրությունը, կտա, ինչ չի տա, ես պատրաստ եմ վճարել: Եթե չի տա, դատարանը պատրաստ է, դուք կարող եք դատարանին գնալ, նույն բանը Կոտայքում եմ ասել, բայց նաեւ հիշեք այդ տեքստը, որ ես կրկնում եմ, Կոտայքում ասել եմ, դատարան տալ նշանակում է գաղափարների կռիվ, դա նշանակում է փաստաթղթերի փոխանակում, դա նշանակում է փաստաբանների վեճ: Խնդիրը թողած մենք ինչո՞վ ենք զբաղվում, պարագրաֆներ, կետեր ենք քննարկում, եկեք ընդունեք, որ ես ճիշտ եմ ասում: Իմ կեցվածքը, իմ դիրքորոշումը սա չէ»:
Կարդացեք նաև
Դատարանը հայցվոր կողմի միջնորդությունը մասնակի բավարարեց. Տաթեւիկ Հակոբյանի առողջությանը վերաբերվող հարցերը կքննարկվեն դռնփակ նիստում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Երանի թէ ամողջ քրէական դատավարութիւնն ալ տեղի ունենած ըլլար դռնփակ նիստում: