Արցախյան գոյամարտը, հաղթական լինելու հետ նաև տվեց հերոսներ, ովքեր այսօր դարձել են սերունդներ դաստիարակող կերպարներ: Նոյեմբերի 22-ին լրացավ այդ նվիրյալներից Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 73 ամյակը: Արցախյան շարժման առաջամարտիկը 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում՝ Նյուվադիի առաջին գրոհին:
Հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1991 թվականի հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ ստեղծել են «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը՝ 1992 թվականի հունիսի 21-ը: Հայրենիքի նվիրյալ զավակն այդ օրը Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներին։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ ,Մարտական խաչե առաջին աստիճանի շքանշանով։ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի 9-րդ դասարանը, որտեղ սովորում են 13 աշակերտ, կոչվում է Լեոնիդ Ազգալդյանի անունով: Հերոսի 73-ամյա տարելիցի առթիվ, դասղեկ Կարինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, դպրոցի դահլիճում կազմակերպվել էր ցերեկույթ:
Կարդացեք նաև
Դասարանը բաժանվել էր 2 թիմի, և մրցեցին ասմունքելով, պարելով, երգելով: Առաջինը կոչվում էր «Լեոնիդ»՝ թիմի ավագ՝ Մուշեղ Մարտիրոսյան, երկրորդը՝ «Ազգալդյան»՝ ավագ՝ Նարեկ Մաթևոսյան: Մինչ մրցույթի սկսվելը՝ Արցախի օրհներգի հնչյունների տակ թիմերի ավագները ներս բերեցին մեր 2 հանրապետությունների Եռագույնները: Ցերեկույթին ներկա էին դպրոցի ուսուցիչները, աշակերտները, ծնողներ, հյուրեր: Աշակերտների ելույթները գնահատում էին տնօրեն Անահիտ Քոսակյանը, փոխտնօրեն Վարդուհի Հովհաննիսյանը և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Սոնա Դավթյանը: Առաջին 3 մրցույթում թիմերը հավաքեցին հավասար՝ 6-ական միավոր:
Այնուհետև աշակերտները պատասխանեցին դասղեկի կողմից հնչեցրած 20 հարցի, որոնք վերաբերեցին Լեոնիդի կյանքին ու գործունեությանը: Վերջնական արդյունքում 18-14 հաշվով հաղթեց «Լեոնիդ» թիմը: Դպրոցի տնօրեն Ա. Քոսակյանը, շնորհավորելով հաղթող թիմին, կարևորեց նման միջոցառումները սերունդների դաստիարակման գործում: Իրենց զավակների ելույթից, դասղեկի աշխատանքից գոհ էին նաև ծնողները: Ցերեկույթից հետո զրուցեցի դասարանի նոր աշակերտ, Բերձորի գիշերօթիկ հաստատության սան Գեորգի Պետրոսյանի հետ: Արդեն համակերպվել է նոր կյանքին Գեորգին, ընկերացել համադասարանցիների հետ և մեծ սիրով էր մասնակցում մրցույթին:
Զոհրաբ Ըռքոյան