«ԱԱԾ-ի բացահայտումը եղավ ճիշտ այն ժամանակ, երբ դավադրաբար խփեցին Սիրիայի հողի վրա ռուսական ռմբակոծիչը: Բնականաբար, Թուրքիայի դիրքորոշումը այնպիսին էր, որ ՀՀ քաղաքացին իզուր չէ, որ պետք է անհանգստանա, որովհետեւ ցանկացած վայրկյանի նրանք կարող են գործողություններ ծավալել: Ողջ Եվրոպայի, աշխարհի աչքի առջեւ եղեռնի են ենթարկվում հայերը, քրդերը, եզդիները եւ միջազգային հանրությունը մինչեւ օրս ծպտուն չի հանել, չի ասել, որ ահաբեկիչները գալիս են Թուրքիայի տարածքով, չի ասել, որ Իսլամական պետությունը միլիարդավոր դոլարներ է աշխատել Թուրքիա նավթ մտցնելով: Ես չեմ բացառում, որ օրերից մի օր մեր գաղտնի «բարեկամները» կարող են ահաբեկչություն իրականացնել նաեւ իմ եւ ձեր երկրում: Այնպես որ, այս ահաբեկչության բացահայտումը Հայաստանում բավականին ակտուալ խնդիրներից մեկն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սկանդալային բացահայտման հետ կապված այսպիսի գնահատական տվեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ բավարար տեղեկություններ չունի, որ ասի, թե ինչքանով է դա իրականությանը համապատասխանում. «Մի բան հստակ է, եթե նման բան իսկապես լիներ, լրագրողների այդ տարածքում չէին թողնի: Նման տարածքներում լրագրողների եւ առհասարակ տարբեր քաղաքացիների մուտքը մի քանի ամիս արգելված է լինում, որովհետեւ կարիք կառաջանա բիոմասնիկներ այնտեղ փնտրել: Հակասական լուրեր են գալիս, միայն այսքանը կարող եմ ասել: Եթե իսկապես իրենք ահաբեկիչներ են բացահայտել՝ ապրեն իրենք, եթե սա անհասկանալի մի խաղ է, մենք դրա մասին կիմանանք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ