Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակյան քույրերը՝ երեխաներին. «Ի՞նչ է նշանակում պապայիս եւ մամայիս արեւ արտահայտությունը» (Տեսանյութ) 

Նոյեմբեր 25,2015 18:00

«Նարեկացի» արվեստի միությունում այսօր կայացավ տարեսկզբին մեկնարկած «Արվեստանոց» ուսուցողական ծրագրի հերթական հանդիպումը, որին մասնակցում էին մի խումբ երեխաներ եւ պատանիներ: Ծրագիրը միտված է նպաստելու երեխաների էսթետիկական զարգացմանը:

«Արդեն ներկայացրել ենք դուդուկը, դաշնամուրը, հեքիաթը, տիկնիկները, իսկ Բյուրականում երեխաները ծանոթացել են Վարդավառի ծիսակարգին: Երեխաները յուրաքանչյուր հանդիպման ավարտին իրենց հետ մի նոր բան են տանում: Նրանք սկսում են այլ կերպ նայել արվեստի այս կամ այն ճյուղին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նարեկացի» արվեստի միության միջոցառումների համակարգող Լիլիթ Վարդումյանը:

Inga_Anush_3

Ծրագիրը վարում են անվանի արվեստագետներ՝ անմիջական շփման միջոցով մանուկներին ներկայացնելով իրենց արվեստը: Այսպես, 7-րդ «Արվեստանոց»-ը վարեցին հայկական երգի «տարազը» կրող, ՀՀ վաստակավոր արտիստներ Անուշ և Ինգա Արշակյանները: Նախ երգչուհիները փոքրիկներից հետաքրքրվեցին, թե ինչպես են վերջիններս բնորոշում «մշակույթ», «ազգ», «հայրենիք» հասկացությունները: Խոսելով մասնավորապես ազգային երգերից՝ նրանք հարցրեցին, թե ինչ գիտեն, օրինակ, կռունկի մասին: Երեխաներից մեկն ասաց, որ Արարատյան դաշտավայրում կռունկ է տեսել եւ որ այդ թռչունն իր բույնը հյուսում է բարձրադիր վայրերում: Անուշ Արշակյանը պատմեց. «Հնում կռունկը տան կտուրին է բույն հյուսել, այդ պատճառով էլ ընտանիքի խորհրդանիշն է: Նա իր ձագուկներին նվիրված է ամբողջ կյանքում, ինչպես եւ հայ ժողովուրդը»: Որպեսզի երեխաները զգան երգի «գույնն» ու «բույրը», քույրերն առաջարկեցին լսել Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում հնչող «Կռունկից» մի հատված, ապա իրենք էլ կատարեցին:

Երգչուհիները պատմեցին, որ հին հայերը բնապաշտ են եղել՝ պաշտել են հողը, ջուրը, կրակը, օդը եւ մարդուն, որը որպես կենաց ծառ է պատկերվել: Հայոց հին կենցաղում շատ ծեսեր սրբազան են համարվել, այդ թվում՝ ցորենը մշակելու ծեսը, որն ուղեկցվել է ծիսական «Սանդի» երգով: «Դա ցորեն ծեծելու երգն է. ցորենը հավաքելուց եւ չորացնելուց հետո սանդով ծեծել են այն, հատիկից անջատել կեղեւը, ապա աղացել»,-պատմեց Ինգա Արշակյանը: Փոքրիկները քույրերի հետ հեշտությամբ երգեցին «Սանդի»-ի կրկներգը: «Հրաշալի հաց կպատրաստեինք միասին»,-նկատեց քույրերից մեկը:

Inga_Anush_2

«Արեւապաշտական տարրեր այսօր էլ առկա են մեր լեզվում: Մենք երդվում ենք ծնողների արեւով, բայց ի՞նչ է նշանակում պապայիս եւ մամայիս արեւ արտահայտությունը: Արեւը առողջության, կյանքի եւ երջանկության խորհրդանիշն է եղել, տիեզերքի կենտրոնը: Չգիտես ինչու՝ համարում ենք, որ մեր ծնողների արեւը կարող ենք գրավ դնել: Այսինքն, եթե սուտ ենք ասում, թող ծնողների արեւից պակասի: Սա սնահավատություն է, բայց լեզվամտածելակերպի մասնիկ է»,-ասաց Անուշ Արշակյանը: Ապա երեխաները լսեցին նրանց ձայնագրած «Ջուխտակ մոմ» երգը, որ արեւապաշտության տարրեր է պարունակում:

Ինգա եւ Անուշ Արշակյանները նաեւ առակներ պատմեցին, խոսեցին հոգեւոր երգերի մասին, երեխաներին ներկայացրեցին հայկական ազգային մշակույթի որոշ տարրեր եւ դրանց առանձնահատկությունները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30