Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Եղել է դավաճանություն»

Նոյեմբեր 25,2015 17:53

«Այո, մեր հավաքականը խայտառակ վատ է խաղացել, Ալբանիայի խաղից հետո երեք օր փակվել էի, ոչ ոքի չէի ուզում տեսնել: Բոլորս էլ ցավ ենք ապրում, ես ցանկացած պահի պատրաստ էի հրաժարական տալ, բայց որեւէ պահանջ ու ուլտիմատում չի կարող ինձ կոտրել ու ստիպել հրաժարվել այն գործից, որը ես արել եմ տարիներ շարունակ»,- այսօր լրատվամիջոցների ղեկավարների եւ լրագրողների հետ հանդիպում-քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ մոտ մեկուկես ամիս առաջ ՖԱՖ ակումբի անդամները նամակով դիմել էին Ռուբեն Հայրապետյանին՝ պահանջելով միջազգային կարգի մարզիչ բերել մեր ազգային հավաքականի համար, ինչպես նաեւ հետ բերել այն ֆուտբոլիստներին, որոնց հետ տարաձայնություններ ունի ֆեդերացիայի ղեկավարը: Ընդառաջ քայլ չտեսնելով, նրանք արդեն մի քանի անգամ բողոքի ակցիաներ են կազմակերպել`պահանջելով ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի  հրաժարականը:

«Ամեն ինչից պարզ երեւում է, որ այս մարդիկ չեն տիրապետում ֆուտբոլային նրբություններին, զուտ քաղաքական դիվիդենտներ են ուզում հավաքել: Ասում են՝ ապաքաղաքական կառույց ենք, բայց ակնհայտ քաղաքական ելույթներ են ունենում»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը`հավելելով, որ նա երբեք ընդառաջ չի գնա պահանջին եւ չի հանդիպի ՖԱՖ-ի անդամների հետ. «Իրենց հետ մի դեպքում կհանդիպեմ, եթե իրենց պատվիրատուների հետ գան եւ խնդրեն, որ հանդիպեմ: Ով-ով ես հո գիտեմ, թե ովքեր են պատվիրատուները»:

Aravot.am-ի հարցին`ովքե՞ր են իր կարծիքով պատվիրատուները`Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Իրենց հարցրեք, թող ազնվություն ունենան եւ ասեն ովքե՞ր են իրենց ֆինանսավորողները, ինչո՞ւ են անում»:

Հայրապետյանը համոզված է`ՖԱՖ-ի 90 տոկոսը ազնիվ երկրպագուներ են, նրանց ֆուտբոլն է հետաքրքրում, մի քանի քաղաքականացված երիտասարդներ են, որ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ: «Ինձ ընդհանրապես չի էլ հետաքրքրում ՖԱՖ-ն ինչ ա անում, ամեն օր թող գան միտինգ անեն: Ինձ Ալբանիայի հետ խաղն ա հետաքրքրում`ես ճշտեմ, ովքե՞ր եւ ի՞նչ ձեւերով են արել: Ես մինչեւ դա ջրի երես չհանեմ, չեմ հանգստանա: Հավաքականում 23 ֆուտբոլիստ են, բոլորին չի կարելի կասկածել եւ այդ 23-ը հաստատ չեն: Միակ ելքը`բացահայտել այն մարդկանց, ովքեր արել են: Եթե արել են, դա կոչվում է երկրին դավաճանել»,- ասաց բանախոսը՝ ակնարկելով խաղը «վաճառելու» մասին:

Հիշեցնենք, նման հրապարակումներ եղան նաեւ միջազգային մամուլում: Ռուբեն Հայրապետյանն ասում է, որ ինքը մոտ հիսուն անգամ դիտել է խաղի տեսագրությունը, մասնագետների հետ քննարկել է ու գրեթե վստահ է, որ «դավաճանություն է եղել»: Անուններ նա առայժմ չի հրապարակի`փաստեր դեռ չունի: Բայց կգտնի:

«Մեր անհաջողությունները մեր ֆուտբոլիստների անթասիբ, իրենց երկիրը չսիրող-չհարգող մարդու մեջ է: Իրենց ամբիցիաների մեջ է, պայմանագրերը կապում են դրսում, թանկարժեք մեքենան քշում են, կարծում են դա իրենց պիկն է: Մարդիկ չեն ուզում ֆուտբոլ խաղան, բավարարվել են ամեն ինչով»,-ասաց ՀՖՖ նախագահը`հավելելով, որ դրա մեղավորները բոլորս ենք, առաջին հերթին ինքը.

«Ես չգիտեմ ճիշտ եմ անում, թե սխալ, որ չեմ հրապարակում հավաքականի ներքին խնդիրները, բայց դրանք բազմաթիվ են: Խնդիրն իմ առաջ է`կարգի բերել հավաքականը: Ես ինձ համար ձախողում եմ համարում, որ ֆուտբոլը դարձավ բոլորինը, դավաճանությունը վերացրեցի, բայց նորից ետ եկավ: Եթե ես այդ խնդիրը չկարողանամ կարգի բերել`նոր կգնամ: Եթե այդ հարցը ես չկարողացա լուծել, որեւէ մարզչի առաջ խնդիր չես կարող դնել: Ալբանիայի խաղին, աշխարհի ամենալավ մարզիչին էլ բերեինք, այդպես էր լինելու: Դավաճանություն է եղել: Ելքը ես տեսնում եմ այսպես`պետք է ունենանք երեսուն լավ ֆուտբոլիստ եւ այդ կորիզից ընտրություն կատարենք»:

Հուզող մնացյալ հարցերի պատասխանները կլինեն, երբ հավաքականը նոր մարզիչ կունենա: Դա կլինի մոտ ժամանակներս: «Ես հակված եմ միայն տեղացի մասնագետի, կյանքի փորձը ցույց տվեց, որ իմ ամենամեծ սխալն այն է, որ արտասահմանից մարզիչ բերեցինք, կարծեցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են, ազատություն տվեցի`չկարողացանք դեմն առնել»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Նա առանձնակի դրվատանքով խոսեց Հենրիկ Մխիթարյանի, Սարկիսովի, Արազ Օզբիլիսի եւ էլի մի քանի «նվիրյալների» մասին: Միայն ասաց, որ չէր ցանկանա, որ Օզբիլիսը տեղափոխվեր թուրքական «Բեշիկթաշ» զուտ հայկական պատճառներով. «Չէի ցանկանա իր կրծքին թուրքական կիսալուսինը լիներ»:

«Ֆուտբոլը չի կարող որեւէ մեկի սեփականությունը դառնալ, ամբողջ ազգի սեփականությունն է: Հավաքականի վատ խաղի համար բոլոր դժգոհությունները ճիշտ են, օբյեկտիվ են: Հավաքականում կան լուրջ բարոյահոգեբանական խնդիրներ, ֆուտբոլիստները ուղղակի չեն ուզում խաղալ, բացառությամբ մեկ-երկու նվիրյալների: Ես, որպես ֆեդերացիայի նախագահ եւ մեր աշխատակիցները պետք է ամեն ինչ անենք, որ այդ խնդիրները լուծվեն: Ինձ մեղադրում են, որ ֆուտբոլը բիզնես պրոեկտ եմ դարձրել, ակադեմիայի հողերը դարձրել եմ իմ սեփականությունը, փող եմ աշխատում, ստեղծեք անկախ աուդիտորական կազմակերպություն, ես ֆինանսավորեմ, դուք հետեւեք եւ բաց աուդիտ արեք»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Նա խոսեց նաեւ այն խնդրից, որ Հայաստանում ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում ոչ ոք չի ցանկանում ֆուտբոլային ակումբներ պահել. «Փյունիկը իմ ընտանիքի սեփականությունն է, պատրաստ եմ նվիրել նրան, ով ուզում է: Մնացած ակումբները ո՞նց կարող են իմը լինել, մարդկանց խնդրել եմ, եկել են ինֆրոստրուկտուրաներ են ստեղծում, Հայաստանի այս պայմաններում ոչ ոք չի ուզում ակումբներ պահել»:

ՖԱՖ-ի վերջնագրի տեսքով պահանջները Ռուբեն Հայրապետյանը հիմնազուրկ է համարում: «Ի՞նչ է նշանակում «հանրաճանաչ, խարիզմատիկ, հարուստ պրոֆեսիոնալ փորձով մարզիչ», ո՞ր կամ ու՞մ սկզբունքներով: Իսկ միգուցե նույն «հանրաճանաչ, խարիզմատիկ, հարուստ պրոֆեսիոնալ փորձով» մարզիչը մեկ երկրպագուի կամ մասնագետի կարծիքով այդպիսին է, իսկ մյուսի կարծիքով՝ ո՞չ: Կամ մինչ այժմ հավաքականի պաշտոնապես նշանակված ո՞ր մարզիչն է, որ այդպիսին չի եղել: Այլ հարց է, թե ում մոտ ինչպես է ստացվել աշխատանքը կամ ում պարագայում ինչպիսին է եղել հավաքականի պոտենցիալը: Այլ հարց է, որ հենց կատարված աշխատանքի արդյունքների հիման վրա է, որ տրվել է գնահատական կամ ցուցաբերվել է համապատասխան վերաբերմունք: Կամ, ի՞նչ է նշանակում «ինքնուրույն որոշումներ կայացնող» մարզիչ: Իսկ ո՞ր մարզիչն է, որ մինչ այսօր ինքնուրույն չի կայացրել իր որոշումները կամ, ո՞վ կնշանակի մարզիչ, թանկ կվարձատրի և նրա փոխարեն կաշխատի և կստանձնի նրա պատասխանատվությունը: Կամ ո՞ր մարզիչը կհամաձայնի ոչ իր որոշումների համար և իր կամքին հակառակ գործողությունների համար ստանձնել պատասխանատվություն և ստանալ արդյունք, որով պայմանավորված է նրա հետագա՝ ողջ պրոֆեսիոնալ (միգուցե և ոչ միայն) ճակատագիրը:

Անհեթեթությու՞ն է, թե՞ մտածված և կազմակերպված ապատեղեկատվություն»,- զարմացավ Ռուբեն Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահի հայտարարությունը` ուղղված ֆուտբոլային հանրությանը (ոչ ՖԱՖ-ի ղեկավար խմբին)

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30