Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Վարդանյան. «Թե՛ պատասխանող կողմը, թե՛ երրորդ անձը մեզ մոտ վեճ են ստեղծել»

Նոյեմբեր 25,2015 17:38

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում նոյեմբերի 25-ին քննվում էր Տաթեւիկ Հակոբյանի քաղաքացիական բողոքն ընդդեմ Վարդան Պետրոսյանի:

Դատական նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դիմում է ներկայացրել «Ռեսո» ապահովագրական ընկերությանը, թե արդյոք Տաթեւիկ Հակոբյանը կամ Արթուր Հակոբյանը դիմե՞լ են ապահովագրական կազմակերպությանը՝ թվարկելով հայցադիմումում առկա բոլոր ծախսերը: Նա պատասխան է ստացել, որ Տաթեւիկ Հակոբյանը չի դիմել կազմակերպությանը այդ ծախսերի համար՝ բացառությամբ մեկ ծախսի: Նիկոլ Բաղդասարյանը հավելեց, որ պատասխանի մեջ նշված է եղել, որ եթե Տաթեւիկ Հակոբանը եւ Արթուր Հակոբյանը ներկայացնեն ապացույցներ ծախսերի մասին, ապա կազմակերպությունը կփոխհատուցի դրանք:

«Այստեղ պարզ տրամաբանությունն է գործում, եթե իրականում «Ռեսո»-ն մերժել է իրենց հատուցումը, ինչպես պարոն Բալոյանն է նախորդ դատական նիստին ասել, ապա գոնե հայցադիմումի մեջ արտացոլված կլիներ, որ թիվ այս ինչ որոշմամբ մերժվել է այս գումարների հատուցումը: Եթե չկա նման սահմանում հայցադիմումի մեջ, տրամաբանությունն է գործում, որ գոյություն չունի նման որոշում: Ավելին՝ ես՝ որպես իրավաբան, չեմ կարողանում հասկանալ, եթե հնարավոր է դիմում գրել ապահովագրական ընկերությանը, ներկայացնել բոլոր փաստաթղթերը եւ ստանալ փոխհատուցումը 15 օրվա մեջ, ի՞նչ իմաստ ունի հայցադիմում ներկայացնել դատարան Վարդան Պետրոսյանի դեմ, որը բնական է, ավելի երկար ժամանակ է տեւելու, քան 15 օրը եւ փորձել Վարդան Պետրոսյանից բռնագանձել այդ գումարը, միեւնույն է «Ռեսո» ընկերությունը՝ Վարդան Պետրոսյանի փոխարեն այդ ժամանակ պետք է վճարի: Պարզ տրամաբանությունը հուշում է, չեմ կարող գտնել այլ պատասխան, քան որ խնդիրը կայանում է նրանում, որ օգտագործվում է այս հանգամանքը ամբողջ դատավարությունը դռնփակ անցկացնելու համար»,- ասաց նա:

Նիկոլայ Բաղդասարյանը խնդրեց դռնփակ անցկացնել այն հատվածները, որոնք վերաբերվում են Տաթեւիկ Հակոբյանի առողջությանը, իսկ ներկայացուցիչներին վճարված դատական ծախսի մասով նա խնդրեց դռնբաց դատական նիստ անցկացնել:

Տաթեւիկ Հակոբյանի ներկայացուցիչ Զարուհի Վարդանյանը հայտարարեց, թե կողմը առարկություն չունի, որ ներկայացուցիչներին վճարված դատական ծախսի քննությունը անցկացվի դռնբաց, կողմը ոչ մի գաղտնիք չունի: Իսկ միջնորդել են, որպեսզի դռնփակ անցկացնեն Տաթեւիկ Հակոբյանի առողջությանը վերաբերվող խնդիրների քննությունը, քանի որ դա Տաթեւիկ Հակոբյանին ցավ է պատճառում, եւ նա չի ցանկանում, որ հանրության քննարկման առարկա դառնա:

Անդրադառնալով Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած ապացույցներին, Զարուհի Վարդանյանը հայտարարեց, որ դրանք կապ չունեին կողմի ներկայացրած միջնորդության հետ: Նա դատարանին ներկայացրեց հայտային դիմումները, որոնք «Ռեսո» ապահովագրական ընկերությունն է տրամադրել: Նա հավելեց, որ իրենց համար դատարան դիմելու հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ապահովագրական ընկերությունը մերժել է «Gold’s gym»-ի անդորրագրերով ներկայացրած իրենց պահանջը, եւ ընկերության աշխատակիցները իր վստահորդներին ասել են, թե Վարդան Պետրոսյանի ներկայացուցիչը իրենց ներկայացրել է մի փաստաթուղթ, որով կողմն է հատուցում վնասները, կազմակերպությունը էլ անելիք չունի: Նա նշեց, որ դատարան դիմելու հանգամանքը չի բացառում, որ ապահովագրական կազմակերպությունը կարող է հատուցել վնասը:

«Ռեսո» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Տիգրան Մուղսուդյանն ասաց, որ ընկերությունը հայցադիմումում նշված մերժումը չի կայացվել: Նա նշեց, որ Տաթեւիկ Հակոբյանը եւ Արթուր Հակոբյանը «Ռեսո» ապահովագրական ընկերություն դիմում են ներկայացրել միայն նոյեմբերի 9-ին, նշել են, որ հանդիսանում են վթարից տուժած անձինք, դատի ավարտից հետո կներկայացնեն նաեւ առողջության վերականգնման համար արված ծախսերը. «ԱՊՊԱ-ի պայմաններով՝ անհրաժեշտ ներկայացվող փաստաթղթերի ցանկում նախատեսված է, որ պետք է ներկայացնեն բժշկական հիմնարկների կողմից տրված վճարման հաշիվները եւ այլ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են ծախսերը: «Ռեսո» ապահովագրական ընկերություն ներկայացված հայցում այս ծախսերից որեւէ մեկի վերաբերյալ դիմումին կից, ինչպես երեւում է, չի ներկայացվել: Դատի ավարտից հետո տրամաբանություն արդեն չկա, որովհետեւ եթե դատարանը վճռեց բռնագանձել, դա պետք է բռնագանձվի կամ հատուցվի ապահովագրական ընկերության կողմից: Եթե չեն ուզում, որ հրապարակային լինի, կարող են ապահովագրական ընկերությունում դիմումին կից ներկայացնել այն ծախսերը հիմնավորող փաստաթղթերը: Ապահովագրական ընկերությունը քննի, եթե կմերժի, թո՛ղ դատական կարգով պահանջեն»:

Զարուհի Վարդանյանն ասաց, որ իր ներկայացրած դիմումն է համարում օրինական կարգով ներկայացված դիմում: Նա նշեց, որ երբ իր վստահորդները գնացել են ապահովագրական կազմակերպություն, աշխատակիցն ասել է, որ իրենք արդեն իսկ դիմումը ներկայացրել են երկու տարի առաջ «Ռոսգոստրախին», եւ նոր դիմում գրելու անհրաժեշտություն չկա:

«Իրենք իրենց գործողություններով թե՛ պատասխանող կողմը, թե՛ երրորդ անձը մեզ մոտ վեճ են ստեղծել: Այսինքն՝ մեզ մոտ միշտ՝ մինչեւ հիմա էլ, կա ներքին համոզմունք եւ ներքին անվստահություն, որ բացի դատարանից, դատական կարգից այս հարցը այլ կարգով չի լուծվելու»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30