Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը լավ լուրերով ուրախացրեց ասուլիսի ներկաներին

Նոյեմբեր 25,2015 17:21

«Փաստարկ» մամուլի ակումբում հյուրընկալված ՀՇՖ 1-ի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը մինչեւ Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությանը մասնակցած Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների մասնակցությունը գնահատելը, հայտարարեց, որ ինքն այսօր մի քանի լավ ու ոգեւորիչ տեղեկություն կներկայացնի :

«Ցանկացած խոշոր մրցաշար, լինի օլիմպիադա, աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն, անցնում է շատ թեժ ու լարված մրցակցության պայմաններում: Եվրոպայի այս առաջնությունը եւս բավականին բարդ էր մեր տղամարդկանց հավաքականի համար, քանի որ մի պահ տղաների մոտ խաղը լավ չէր ստացվում, բայց ինչպես այս տարվա աշխարհի առաջնությունում, այնպես էլ՝ հիմա, կարողացան վերջնամասը անցկացնել գերազանց: Զգացվում էր համախմբվածությունը, նպատակասլացությունը, պայքարի այն մեծ ցանկությունը, որը բերում է մեծ հաղթանակների: Ես մեր տղամարդկանց հավաքականի թիմային արծաթե մեդալը համարում եմ հաղթանակ, քանի որ միշտ Ռուսաստանը եղել է առաջատարը: Եվ երբ նա սկսում է լավ խաղալ, ապա դժվար է լինում նրա դեմ պայքարել: Ռուսաստանը շատ հզոր շախմատային ուժ ունի, որի հետ մեր շախմատիստները պայքարել են շատ լավ: Բայց ամեն դեպքում Ռուսաստանն այս տարի շատ լավ ներկայացավ. տղամարդիկ եւ կանայք գրավեցին 1-ին տեղեր», – ասաց պարոն Լպուտյանը:

Անդրադառնալով լավ լուրերին՝ գրոսմայստերը ներկայացրեց մի քանի վիճակագրական տվյալներ: «Մենք 1992 թվականից սկսեցինք հանդես գալ որպես առանձին երկիր: Անցել է 23 տարի: Ես առանձնացրել եմ այդ ընթացքում անցկացված թիմային խոշոր մրցաշարերը՝ համաշխարհային օլիմպիադաներ, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ, եւ փորձեցինք իմանալ, թե որ երկիրը ընդհանուր հաշվարկներով քանի մեդալ է նվաճել: Այդ տվյալները աշխարհի կտրվածքով հիմա ներկայացնում եմ ձեզ: Տղամարդկանց մեջ առաջին տեղում Ռուսաստանն է 23 մեդալով՝ 14 ոսկե, 6 արծաթե, 5 բրոնզե: Երկրորդը Հայաստանն է. 15 մեդալ (5+2+8): Ուկրաինան երրորդն է՝ 13 (3+4+6): Այսինքն, այս երեք երկրները աշխարհի գերհզոր շախմատային տերություններն են: Համեմատեք. չորրորդը Չինաստանն է՝ ընդամենը 6 մեդալով: Ես սա մեր շախմատի, մեր ժողովրդի համար մեծ հաղթանակ եմ համարում:

Մեր կին շախմատիստների մասին հաճախ մտածում ենք, որ նրանք այնքան էլ հաջող հանդես չեն գալիս: Բայց արի ու տես, որ մեր կանայք էլ այսօր Եվրոպայում 5-րդն են իրենց արդյունքներով: Սա շատերին զարմանալի կլինի, որովհետեւ Եվրոպան կանանց շատ ուժեղ շախմատային երկրներ ունի: Առաջին երկուսը Ռուսաստանն ու Վրաստանն են՝ 5-ական մեդալ, երրորդ-չորրորդը Ուկրաինան ու Լեհաստանն են՝ 3-ական եւ 5-րդը Հայաստանի կանայք են՝ 2 մեդալով: 1-ական մեդալ ունեն Հունգարիան, Ադրբեջանը եւ Ֆրանսիան: Մնացած երկրները մեդալ չունեն: Այնպես որ, մեր կանանց հավաքականներն այս 23 տարիներին նույնպես լավ են հանդես եկել», – ներկաներին իսկապես ուրախացրեց Սմբատ Լպուտյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30