Լրահոս
Օրվա լրահոսը

360.000 դոլար ԱՄՆ ռազմական ուժերի կողմից Գյումրիին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 25,2015 16:59

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն այսօր կրկին Գյումրիում էր. դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ վերանորոգվել է Գյումրիի «Երեխաների խնամքի եւ պաշտպանության» թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը, որի համար տրամադրվել է 360 հազար ամերիկյան դոլար: Նշենք, որ ըստ ԱՄՆ դեսպանատան մամլո հաղորդագրության. «ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի օգտագործված գույքի բաշխման ծրագրի շրջանակներում դպրոցը ստացել է 80.000 ԱՄՆ դոլար արժողությամբ կենցաղային տեխնիկա եւ գույք: Ընդհանուր առմամբ նվիրաբերվել է 9 կոնտեյներ դպրոցական գույք, կենցաղային տեխնիկա եւ ավտոմեքենա երեխաներին տեղափոխելու համար»:

Ռիչարդ Միլզը իր ելույթը սկսեց հայերենով: «Ես ուրախ եմ ձեզ հետ հանդիպել այսօր»,- ասաց նա ու հույս հայտնեց, որ հաջորդ անգամ Գյումրի գալուց ավելի շատ հայերեն կկարողանա խոսել: Նա շեշտեց, որ այս ծրագիրն ամերիկյան ժողովրդի առատաձեռնության ու Գյումրիում գտնվող մարդկանց արդյունավետ աշխատանքի շնորհիվ է դարձել իրականություն: «Այս ծրագիրը, որն արժեցել է ընդհանուր առմամբ 360.000 ԱՄՆ դոլար, կարծում եմ, լավ ներդրում է, որ կապահովի ֆիզիկական հարմարություններն այս շենքում, որոշակի կահույք ու նաեւ երեխաների համար ընտանեկան միջավայրին մոտ պայմաններ»,-ասաց դեսպանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ, շնորհակալություն հայտնելով, ասաց, որ վաղուց այս հաստատությունում խնդիր կար երեխաների պայմանների բարելավման:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ենք մի կողմից բեռնաթափում երեխաների խնամքի հաստատությունները, մյուս կողմից պայմաններ ստեղծում: Նախարարն ասաց, որ դրանք պետք չէ հակադրել իրար, իրենք նպատակ են դրել երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների շրջանակում երեխաների խնամքը ապահովել ընտանիքներում: «Դա նշանակում է ընտանիքների հզորացում, ուժեղացում, այլընտրանքային սոցիալական ծառայությունների ձեւավորում: Եւ ներկայումս նաեւ մեր խնամքի շուրջօրյա հաստատությունների առումով իրականացվում են աշխատանքներ, որ դրանք այսպես ասենք վերապրոֆիլավորվեն, սոցիալ-վերականգնողական կենտրոնների: Այսինքն այն ծառայությունները, որոնց բացակայությունը կամ որոնց ոչ բավարար լինելը շատ դեպքերում բերում է նրան, որ երեխաները հայտնվում են շուրջօրյա հաստատություններում, կառավարությունն իրականացնում է այդ անհրաժեշտ աշխատանքները, որ պետք է այլընտրանքային սոցիալական ծառայությունների ձեւավորման ու ուժեղացման միջոցով հասնենք նրան, որ երեխաները ընտանիքներում լինեն ու նաեւ ստանան այն ծառայությունները, որոնց կարիքն ունեն: Եւ այս վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվել են գիշերօթիկ հաստատությունում, սա որեւէ կերպ չի հակասում այն քաղաքականությանը նաեւ այն առումով, որ նույն հաստատությունը շատ հնարավոր է, որ վերափոխվի ցերեկային խնամքի կենտրոնի: Իսկ դա նշանակում է, որ այն ֆիզիկական պայմանները, նորմալ պայմանները, որոնք հիմա այստեղ ձեւավորված են, դրանք անհրաժեշտ են լինելու, ծառայելու են իրենց նպատակին», -ասաց նախարարը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանի բոլոր խնամքի հաստատություններում միասին վերցրած շուրջ 4000 երեխաներ կան, չնայած որ այդ հաստատությունները, ըստ նրա, ոչ միայն գտնվում են աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ենթակայության, այլ մարզպետարանների, կրթության ու գիտության նախարարության ներքո: Իսկ կոնկրետ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության համակարգում գտնվող շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվում են շուրջ 1400 երեխաներ: Նախարարն ասաց, որ իրենք Հ/Կ-ների հետ իրականացնում են ծրագրեր, որոնք միտված են կանխարգելմանն ու բեռնաթափմանը: Անցած տարի իրականացրել են Լոռու մարզում, այս տարի Շիրակի մարզում ու այդ շրջանակներում մեկ տարվա ընթացքում շուրջ 100 երեխաների մուտքը խնամքի կենտրոններ կանխարգելման ու ընտանիք վերադարձման աշխատանք են իրականացրել: Աշխատում են ընտանիքների հետ, որպեսզի հնարավորություն ունեցողները հետ ընդունեն երեխաներին:

«Եթե որեւէ ընտանիք դեռեւս չի կարողացել հզորացնել իր կարողությունները, որպեսզի երեխան մնա ընտանիքում, բանակն է, այդ ռիսկը միշտ կա խնամքի հաստատություն վերադառնալու: Դրա համար մեր կողմից իրականացված ծրագրերն այնպիսին են, որպեսզի մենք կարողանանք ընտանիքներին ամբողջությամբ՝ իրենց կարիքի հաշվառման շրջանակներում ուժեղացնել, վերազինել, որպեսզի ընտանիքները իրենք իրենց սեփական ուժերով իրենց խնդիրները լուծեն, այդ թվում նաեւ երեխաների խնամքը կազմակերպեն: Բայց բնական է, որ կյանքը բավականին անկանխատեսելի է եւ բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ նաեւ այդ շրջանակներում, դրա համար պետք է լինեն համապատասխան ինստիտուտներ, որոնք պետք է արձագանքեն, բայց որ քաղաքականությունը միանշանակ է…»: Նախարարը նշեց, որ միայն սոցիալական պատճառով երեխան չպիտի կտրվի, հեռանա ընտանիքից ու այս առումով իրենք բազմաթիվ անելիքներ ունեն, ընդհուպ մինչեւ գործազուրկ ծնողների զբաղվածության հարցը լուծելը:

Mills_3 Mills_4 Mills_5 Mills_6 Mills_7 Mills_1 Mills_8

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30