Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ղեկավար մարմնի անդամներին

Նոյեմբեր 25,2015 16:28

Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ղեկավար մարմնի (ԵԵԿ) եռօրյա ժողովի մասնակիցներին` ուղեկցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար, ԵԵԿ-ի ղեկավար մարմնում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանի:

Հանդիպմանը Հայր Շահեն ժողովականներին ներկայացրեց Նորին Սրբությանը` անդրադառնալով նաև ԵԵԿ ժողովի օրակարգին:

Ողջունելով Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ներկայացուցիչներին` Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ հայ ժողովրդի համար նվիրական այս տարում, երբ հայությունն ամենուրեք ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, ԵԵԿ ղեկավար մարմինը, ընդառաջ Ամենայն Հայոց Հայրապետի հրավերին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է անցկացնում իր տարեկան ժողովը:

Այս առիթով Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորեց այն զորակցությունը, որ միջեկեղեցական կազմակերպությունները` Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը, և Քույր Եկեղեցիները բերեցին Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին ի նպաստ` մասնակցելով Մայր Աթոռում, աշխարհի հայկական տարբեր համայնքներում և Քույր Եկեղեցիների հոգևոր կենտրոններում կազմակերպված հիշատակի արարողություններին:

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության դատապարտման գործում Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ցուցաբերած աջակցությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջոցով է հնարավոր միայն մարդկային կյանքում կանխարգելել նմանօրինակ ոճիրներն ու հանցագործությունները:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը դատապարտության խոսք հնչեցրեց նաև Փարիզում (Ֆրանսիա) նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առիթով` առ Աստված աղոթք վերառաքելով զոհվածների հոգիների խաղաղության ու նրանց հարազատների մխիթարության համար: Վեհափառը փաստեց, որ Եկեղեցիների ակտիվ գործակցությունը, միջեկեղեցական և միջկրոնական երկխոսությունների իրականացումը կարող են նպաստել նման աղետալի երևույթների հաղթահարմանը:

ԵԵԿ գործադիր անդամների անունից խոսք ասաց ԵԵԿ նախագահ Քրիստոֆեր եպիսկոպոսը (Անգլիկան Եկեղեցի): Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար` նա ընդգծեց, որ Քրիստոսի առաքյալների կողմից հիմնադրված Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոնում գտնվելը խմբի յուրաքանչյուր անդամի ավելի է հարստացնում ու ամրապնդում քրիստոնեական հավատի մեջ: Քրիստոֆեր եպիսկոպոսն անդրադարձավ նաև Մայր Աթոռում կատարված Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության կարևորությանը և խորհրդավորությանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժողովականներին ներկայացրեց Հայ Եկեղեցու ներկայիս գործունեությունը, խոսեց Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների և եկեղեցականների նոր սերնդի պատրաստության մասին:

Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                        

Տեղեկատվական համակարգ     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30