Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Աշխատաշուկան չի պահանջում գրաբար, բայց այն մեռյալ լեզու չէ» (Տեսանյութ) 

Նոյեմբեր 25,2015 15:10

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր տեղի ունեցավ «Գրաբարի կարեւորությունն այսօր եւ դասավանդման արդի խնդիրները դպրոցում» խորագրով քննարկումը, որի ընթացքում ամփոփվեցին «Գրաբարյան օրեր» ծրագրի մեկամյա աշխատանքները, կրթության ոլորտի պատասխանատուներն էլ ծրագրի շարունակականության մասին կարծիքներ փոխանակեցին: Ծրագրի ընթացքում Երեւանի մի շարք դպրոցներում իրականացվել են գրաբարի ընթերցումներ, բաց դասեր, քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը նշեց, որ քաղաքապետարանի ենթակայության 4 դպրոցների աշակերտներն ակտիվ մասնակցել են այդ միջոցառումներին. «Որոշ դժվարությունների են հանդիպել, բայց գրաբարն իրենցը դարձնելու ներքին մղումը հնարավորություն ընձեռեց հաղթահարելու դժվարությունները: Ուսուցիչներն էլ ասում են՝ հրաշալի կլիներ, որ գրաբարը մտներ դպրոց»:

Ashotyan_4 Ashotyan_3

Առաջին անգամ կազմակերպված գրաբարի օլիմպիադային մասնակցել է 90 դպրոցական: Կազմակերպիչները փաստեցին, որ ծրագիրը հետաքրքրություն է առաջացրել դպրոցականների եւ ուսուցիչների շրջանում: Քննարկմանը ներկա Կրթության եւ գիտության նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գրաբարը պարտադիր առարկա դարձնելու մասին խոսելը վաղ է, քանի որ դեռեւս փորձ է արվում աշակերտների մեջ մշակույթի եւ պատմության չբացահայտված էջերի հանդեպ հետաքրքրություն արթնացնելու. «Գրաբարը սովորեցնելու ենք հատուկ ուսումնական նյութերի միջոցով: Որեւէ մեկը չի հավակնում մտածել, թե շրջանավարտը գրելու կամ խոսելու է գրաբարով, բայց մենք հավակնում ենք հասնել նրան, որ երիտասարդը գրաբարի տարրական իմացություն ունենա»:

Ashotyan_2

Նախարարը նկատեց, որ ծրագրի պատասխանատուները մտադիր չեն ակնկալել, որ Մատենադարանի ձեռագրերի 90 տոկոսն աշակերտները կարողանան բնօրինակից կարդալ: «Հաշվի առնենք այն հանգամանքը, որ հին լեզուներ ունեն հնդեվրոպական բոլոր լեզուները: Չկա երկիր, որտեղ հին լեզվի ուսուցման դասընթացը դպրոցներում պարտադիր լինի, բացի մասնագիտացված հաստատություններից: Բայց մեզ համար կարեւոր է երիտասարդներին բացատրել, որ գրաբարը մեռյալ լեզու չէ: Այո, այսօր եկեղեցականներից բացի, ոչ ոք գրաբարով չի խոսում, բայց չէ որ գրաբարի վրա է կառուցված ժամանակակից հայերենը, որի հիմքը պետք է բացահայտեն երեխաները: Բնականաբար, գրաբարի իմացությունը աշխատաշուկայում երեխայի մրցունակությունը չի բարձրացնում, բայց այսօր ամեն ինչ չէ, որ աշխատաշուկայով է որոշվում»,-եզրափակեց նախարարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30