Նոյեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել մետաղական հանքավայրեր շահագործող և մետալուրգիական ընկերությունների խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանում գործող մետաղական հանքավայրեր շահագործող և մետալուրգիական ընկերությունների ղեկավարներ, ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների պաշտոնատար անձինք:
Խորհրդակցությունը հրավիրվել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ և նպատակն ուներ քննարկելու հանրապետության մետաղական հանքավայրեր շահագործող և մետալուրգիական ընկերությունների վրա միջազգային շուկայում գունավոր մետաղների գների անկման ազդեցությունը մեղմելու հնարավորությունները:
Խորհրդակցության ընթացքում բարձրացվել են մի շարք խնդիրներ, որոնք մասնավորապես վերաբերում էին ռոյալթիների հաշվարկմանը, ԱԱՀ հետվերադարձմանը, ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորություններին և այլն:
Կարդացեք նաև
Քննարկումների արդյունքում որոշվել է առաջին հերթին ձևավորել առաջարկությունների փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարություն, ինչը հնարավորություն կստեղծի խնդիրների օպերատիվ լուծման համար` կարճաժամկետ հատվածում, այնուհետև անդրադառնալ առավել գլոբալ խնդիրների լուծմանը` ապահովելով ոլորտի հետագա և շարունակական զարգացումը:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ