Երևանի ավագանին նոյեմբերի 25-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ անվանի գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Քյանդարյանի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Բելլա Դարբինյանի և ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումներին:
Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել նաև «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին որոշմանը: Նոր աղբավայրը նախատեսվում է կառուցել Նուբարաշենի գործող աղբավայրի հարևանությամբ: Աղբավայրի առաջին գոտին շահագործման հանձնելուց հետո նախատեսվում է գործող աղբավայրի փակման և վերականգնողական աշխատանքների իրականացում:
Երևանի ավագանու որոշմամբ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը երկարացվել է Փ.Բուզանդի փողոցի 1/3 հասցեում «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված տարածքի անհատույց օգտագործման ժամկետը: Ավագանու որոշմամբ նույն ժամկետով երկարացվել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրված տարածքի անհատույց օգտագործման ժամկետը:
Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:
Կարդացեք նաև
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն