Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ (APR Group) հ/կ-ն այսօր հրապարակել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հետազոտության արդյունքները:
Այն իրականացվել է «Հայաստանի քաղաքական գործընթացներում քաղաքացիական հասարակության դերակատարության բարձրացման» ծրագրի շրջանակներում: Հարցումներն իրականացվել են անցած տարվա ամռանը:
Հետազոտության տվյալների համաձայն՝ սահմանադրական փոփոխություններից չիրազեկված քաղաքացիները 52,2% էին, իսկ իրազեկվածները՝ 46,8%:
Հարցվածների 60%-ն է ասել, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, մոտ 25%-ը դժվարացել է պատասխանել, իսկ հարցվածների մոտ 15 տոկոսը չի տեսնում փոփոխությունների անհրաժեշտություն:
Կարդացեք նաև
Հարցվածների մոտ 72%-ը կարծիք է հայտնել, որ Սահմանադրությունը միայն մասնակի որոշ դրույթների փոփոխության կարիք ունի, իսկ մոտ երեսուն տոկոսը ամբողջական փոփոխությունների կողմնակից է:
Հարցված քաղաքացիների մեծամասնության կարծիքով, սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը պետք է ժողովրդինը լինի, քիչ թվով քաղաքացիների կարծիքով՝ մասնագիտական հանձնաժողովի, հետո ՀՀ նախագահի, իսկ ավելի քչերի կարծիքով՝ ԱԺ-ի կողմից:
Փոփոխությունների հնարավոր ազդեցությունը երկրի խնդիրների լուծման հարցին քաղաքացիների միայն մոտ մեկ տոկոսն է ասել, որ ամբողջությամբ խնդիրների լուծում կլինի, ոչինչ չի փոխվի պատասխանել են մոտ 45%-ը:
Ծրագրի ղեկավար Ռուբեն Սարգսյանի խոսքով, հետազոտության խնդիրներն են պարզել, թե ՀՀ բնակիչները որքանով են տեղեկացված գործող Սահմանադրության և առաջարկվող փոփոխությունների նախագծի բովանդակության մասին, ինչպիսի վերաբերմունք ունեն Սահմանադրության փոփոխության գործընթացի հանդեպ և ինչպիսի ակնկալիքներ ունեն Սահմանադրության փոփոխությունից: Ուսումնասիրության ընթացքում պարզաբանվել են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են վստահությունը հանրաքվեի նկատմամբ, քվեարկության մասնակցության պատրաստակամությունը և այլն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ