Մշակույթի նախարարությունում այսօր ամփոփվեցին գերատեսչության եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գործակցության արդյունքները: Ինչպես հայտնի է, նախարարության ամենամյա նախաձեռնությունների մի մասը կյանքի են կոչվում նաեւ մշակույթի նվիրյալ ընկերությունների օժանդակության շնորհիվ: «Մեր գործակցությունը տասը տարվա բարեկամություն է, եւ պատահական չէ, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կարգախոսն է՝ «մշակույթի բարեկամ»: Դժվար է պատկերացնել՝ այս տարիներին քանի ծրագրեր չէին իրականանա, եթե չօգներ այս կազմակերպությունը: Այդ տարիներին մշակում էինք զարգացման ծրագրեր, որոնց իրականացման համար պետության կողմից տրամադրվող միջոցները միշտ չէ, որ բավարար էին: Չկա մշակույթի մի ոլորտ, որում ընկերությունը ներդրում արած չլինի»,-ասաց նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նա փաստեց, որ հեռահաղորդակցության օպերատորի հետ գործակցության արդյունքը որակյալ եւ ստացված ծրագրերն են. «Չկա մի ծրագիր, որը հաջողված չէ եւ արդյունք չի ունեցել»: Հասմիկ Պողոսյանը «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգեւատրեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրկյանին:
«Թվում է՝ տասը տարին երկար ժամանակահատված է, բայց, չգիտես ինչու, ակնթարթի պես անցավ: Այս ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շատ գործեր է կատարել, հատկապես՝ սոցիալական պատասխանատվության ծրագրեր, որոնց մի մասն էլ ուղղված են մշակույթին: Մենք հավատում ենք, որ մշակույթը հայկական ինքնության անբաժանելի մասն է»,-ասաց Ռալֆ Յիրիկյանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ այս ընթացքում կյանքի են կոչվել մասնավորապես «Ոսկե Ծիրան», «Նոր անուններ», «Ազգային պատկերասրահ», «Ֆրեսկո» փառատոները: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն աջակցել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, «Բարեկամություն» համույթին, «Արս Լունգա» դուետին եւ մի շարք մշակութային հաստատությունների եւ նախաձեռնությունների:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ