Գյումրիի մի շարք անապահով ընտանիքների երեխաներ այժմ կունենան ավելի լավ ապրելու պայմաններ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրի շնորհիվ: Նոյեմբերի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզ Կրտսերը ներկա գտնվեց Գյումրիում վերանորոգված Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 հաստատության բացման արարողությանը:
Այս նախաձեռնության արժեքն էր 360.000 ԱՄՆ դոլար, որը տրամադրվեց ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից: Նախագիծը իրականացվեց այն բանից հետո, երբ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշեց տվյալ հաստատության շենքի վերանորոգումը, որպես առաջնայնություն ունեցող նախագիծ:
Գյումրիի Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 հաստատությունը տվյալ շրջանում միակն է, որը զբաղվում է անապահով ընտանիքների երեխաների կրթությամբ: Այս հաստատությունը նաև ծառայելու է որպես նոր տարածաշրջանային ընտանեկան ուսումնական կենտրոն, որի նպատակն է լինելու վերադարձնել երեխաներին ընտանիքներ:
«Որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան իմ աշխատանքի ամենահաճելի կողմերից մեկը նման միջոցառումներ այցելելն է: Ես հպարտ եմ այն ամուր համագործակցության համար, որ հաստատվել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի և ՀՀ Կառավարության միջև», – ասաց դեսպան Միլզը: «Մենք իսկապես գնահատում ենք Հայաստանի հետ մեր գործընկերությունը և պատրաստ ենք, որպես գործընկեր, ցուցաբերել ցանկացած աջակցություն և օգնություն հայ ժողովրդի կյանքը բարելավելու գործում: Աշխատելով միասին ինչպես իսկական գործընկերներ՝ մենք կարող ենք ապահովել արժանի, անվտանգ, խաղաղ և բարեկեցիկ ապագա հայ ժողովրդի համար»:
Կարդացեք նաև
Պաշտպանության դեպարտամենտի օգտագործված գույքի բաշխման ծրագրի շրջանակներում դպրոցը ստացել է 80.000 ԱՄՆ դոլար արժողության կենցաղային տեխնիկա և գույք: Ընդհանուր առմամբ նվիրաբերվել է 9 կոնտեյներ դպրոցական գույք, կենցաղային տեխնիկա և ավտոմեքենա երեխաներին տեղափոխելու համար:
Կապալառուի հետ պայմանագրի կնքման և կատարման որակի վերահսկման պարտականությունները իրականացրել է ԱՄՆ Ցամաքային ուժերի ինժեներների կորպուսի Կովկասյան տարածաշրջանային գրասենյակը, որը տեղակայված է Թբիլիսիյում, Վրաստան: Բուն շինարարական աշխատանքները իրականացվել են երևանյան CESCO Construction ընկերության կողմից: Տեղացի կապալառուների ծառայություններից օգտվելով՝ նախագծի շրջանակներում տվյալ շրջանի բնակչությունն ապահովվել է աշխատատեղերով:
2009թ-ից ի վեր ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի առողջապահության և կրթության ոլորտներում ընդհանուր ներդրումները կազմում են 4.5 միլիոն ԱՄՆ դոլար: ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակը շարունակում է աշխատանքներ տանել Հայաստանի ամբողջ տարածքում առողջապահական ծառայությունները և կրթությունը ավելի մատչելի դարձնելու համար:
ԱՄՆ դեսպանության մամուլի հաղորդագրություն