Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Աղաբաբյան. «Ամոթ է` գյուղերը լցվել, մայմունություն են անում»

Նոյեմբեր 25,2015 13:39

Դեկտեմբերի 1-ին արթնանալու ենք այլ երկրում. «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին աջակցող հայտնի մտավորականները կարծում են, որ դեկտեմբերի 1-ին նոր գործընթաց է սկսելու: Գեղանկարիչ, ազատամարտիկ Նիկոլ Աղաբաբյանը նկատեց, թե հայտնվել ենք տխուր իրավիճակում, երբ աշխարհում Հայաստանի մասին չեն էլ խոսում: Նա մտահոգված է, թե պատմությունը կրկնվում է, երբ բոլորը շահում են բացի մեզնից. «Պատճառն այն է, որ մենք չունենք մեր սեփական իշխանությունը, որը մտածի երկրի մասին: Եթե չկարողանանք դեմն առնել այս իշխանության վայրագություններին, չի բացառվում, որ կորցնենք Հայաստանը»:

Դեկտեմբերի 1-ի նախաձեռնությունը պարոն Աղաբաբյանը սիրուն նախաձեռնություն է. «Միայն միտինգները սրանց ոչինչ չի անում, պետք է մտածենք՝ ուրիշ ի՞նչ քայլեր անել»: Նա ոստիկաններին հիշեցրեց, որ քաղաքացու գրպանի գումարներով գոյություն ունեն և իրենց գործառույթը ՀՀ քաղաքացիների, ոչ թե երկրի ղեկավարների անվտանգությունը պահպանելն է. «Էս երկիրը նաև ձեր երկիրն է, բոլոր հրամանները չէ, որ պետք է խոնարհությամբ կատարել: Կատարելուց առաջ մտածեք, թե ինչ եք անում»: Գեղանկարիչը պնդեց, թե օր առաջ պետք է կարողանանք ազատվել այս հակապետական հակամարդկային, հակաօրինական իշխանությունից:

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ,Հարություն Կարապետյանը դիմեց երիտասարդ գիտաշխատողներին. «Դեկտեմբերի 1-ը սեպտեմբերի 3-ի պես օր է լինելու, որին հաջորդելու է դեկտեմբերի 6-ը: Եթե երկրում կան երիտասարդ գիտաշխատողներ, որոնք մտածում են իրենց արժանապատվության և ապագայի մասին, պետք է գնան Ազատության հրապարակ, քանի որ իշխանությունները մեր գիտությունը կործանման եզրին են կանգնեցրել»:Դրամատուրգ, մշակութաբան Հարություն Չալիկյանը ահազանգեց, թե ժողովրդի համբերության բաժակը լցվել է. «Մենք չենք ընդդիմությունը, այլ իշխանություններն են ընդդիմադիր ժողովրդին: Ինձ ավելի շատ հետաքրքրում է դեկտեմբերի 1-ը, քանի որ դեկտեմբերի 1-ից սկսում է նոր գործընթաց, ծնվելու է նոր լույս: Մենք այդ արթնացումը տեսել ենք 1988-ին, ճիշտ է, կարճ ժամանակով, ու աններելի է, որ այդ լիցքը կամաց-կամաց տրորվեց»:

Նիկոլ Աղաբաբյանը նշեց, թե այս գործում պետք է միասնական լինել, ոչ թե նստել սպասել, որ իր փոխարեն ինչ-որ մեկը պետք է գործ անի. «Ժիրայր Սեֆիլյանը պարտավոր չէ բոլորիս համար բազմաթիվ անգամներ նահատակվել»: Aravot.am-ի հարցին՝ չե՞ն վախենում բախումներից, որ դեկտեմբերի 1-ը մարտի 1 դառնա, Նիկոլ Աղաբաբյանը պատասխանեց. «Մի՞թե հիմա բախումներ չեն, անընդհատ բախումներ, սպանություններ: Բոլորս էլ գիտենք, չէ՞՝ ովքեր են սպանողներն ու ծեծողները, բայց պատասխանատվության չեն ենթարկվում, այն դեպքում, երբ ամբողջ Հայաստանը տեսախցիկներով լցված է: Սա նման է նրան, որ երբ թուրքերը հայերին կոտորում էին, ասում էին, թե մեզ չեն հասնի: Սա ի՞նչ մտածելակերպ է: Շատ ընկերներ ունեմ, որ ինձնից ավելի խիստ են խոսում, բայց վախենում են բարձրաձայնել: Սա վերջն է, ամաչում եմ նրա համար, որ ամենաողորմելի չինովնիկը Ռուսաստանից գալիս է, մեր երկրի նախագահը խոնարհվում է նրա առաջ: Բաղրամյանում ոստիկաններն էին բանակցում ժողովրդի հետ, Սերժ Սարգսյանը մի սիրուն բանակ է ստեղծել ոստիկանական ու թաքնվում է նրա հետևում»: Նիկոլ Աղաբաբյանը խեղկատակություն է համարում այն, որ հանրաքվեի քարոզարշավին ընդառաջ քաղաքական գործիչները լցվել են գյուղերը. «Ստախոսություն են անում, գիշերներն էլ ինչ-որ մարդկանց հյուր են գնում, երևի խեղճ ժողովուրդը վերջին կոպեկը ծախսում, կարտոֆիլ են կլպում, մայմունություն են անում: Ամոթ է»: Պարոն Աղաբաբյանի կարծիքով «իշխանական թևի մանկլավիկների բրիգադն են «այո» ասողները: Բոլոր հայ մարդիկ էլ հասկանում են՝ ինչ է կատարվում, նույնիսկ փող ունեցողները ապահով չեն զգում իրենց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30