Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյանն ու Գիմիշյանը ասուլիսում վիճեցին ու վիրավորեցին միմյանց. «Ձեր մաղձը, թույնը..»

Նոյեմբեր 25,2015 13:17

Այսօր «Հենարան» ակումբում ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը ներկայացրեց Սահմանադրական փոփոխությունները՝ ասելով, որ նոր Սահմանադրությամբ մեծամասնական ընտրակարգը կվերանա: Եթե մեծամասնականները կեղծիքներով էին անցնում, մի բերեք կապեք դա իշխանության հետ:

Gimishyan_Aleqsanyan-5

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը պատասխանեց՝ պատասխանատուն դուք չե՞ք, 95 թվից իշխանության մաս եք կազմում:

Լեռնիկ Ալեքսանյանը վիճեց. «Էդ ընտրությունների կեղծիքները ձեր կուսակցությունը եւ ձեզանից առաջ կուսակցությունն է արել: Իշխանությունների ամենաբացասական կողմերից մեկը, թերությունը գիտե՞ք որն է, որ ձեր տիպի ընդդիմություն կա, որը չի ուզում լավը տեսնել: Ընդդիմությունը չի ուզում գնա մի հատ տեղերում մարդկանց հետ շփվի, շրջաններ գնա»:

Gimishyan_Aleqsanyan

Սոս Գիմիշյանը արձագանքեց. «Սկի Երեւանում չենք կարողանում մի տեղ գնալ, ուր մնաց՝ շրջաններ, չունենք հնարավորություն»:

Լեռնիկ Ալեքսանյանը կոչ արեց ՀՀԿ-ի մասին հարգանքով խոսել. «Հանրապետականի մասին եք խոսում, էսօր մեր առաջին շարքերում են նստած, անուններ եմ տալիս՝ Մինասյան Գագոն, Կարախանյան Վազգենը, Զոհրաբյան Ռազմիկը, մարդիկ են, որոնք 20 տարի աշխատել են»:

Սոս Գիմիշյանին այդ անունները ոչ մի բան չասացին. «Դրանք մարդիկ են, որոնք Գենդերի մասին օրենք են ընդունել, Աղանդների մասին օրենք են ընդունել, Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 են ստեղծել: Դուք գովաբանում եք մարդկանց, որոնք պատասխանատու են Մարտի 1-ի 10 զոհի համար, ի՞նչ եք անուններ տալիս»:

Gimishyan_Aleqsanyan-6

Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց՝ Գենդերի մասին, աղանդի մասին օրենք պիտի լինի. «Ինչ է, բռնենք աղանդավորներին կախե՞նք, բա ի՞նչ ես ուզում»:

Գիմիշյանը բորբոքված էր. «Սա այլասերվածության մասին Սահմանադրություն է: Առանց օրենքների մեր պապերը ապրել են, ինչո՞վ են ապրել՝ նամուս, պատիվ, թասիբ հասկացողություններով»:

Լեռնիկ Ալեքսանյանն էլ արձագանքեց, որ Սահմանադրությամբ ամրագրել են, պաշտպանել են ընտանիքը, որ Եվրոպայի հետ շփվելիս այլասերվածություն չբերեն:

Gimishyan_Aleqsanyan-4

Սոս Գիմիշյանի խոսքերով՝ մեր երկրում ալան-թալանը տեսնելով, խեղճ Նժդեհը գերեզմանի մեջ 10 անգամ շուռ է գալու:

Բանը հասավ նրան, որ բանախոսները սկսեցին իրար վիրավորել: Լեռնիկ Ալեքսանյանի խոսքերով՝ ձեր մաղձը, թույնը… ջուր եք պղտորում: Իշխանությունը գիտե՞ք խի է հաղթում, որովհետեւ սենց մաղձ չունի»:

Գիմիշյանը ծիծաղեց, հաղթում է, որովհետեւ ժողովուրդը էս իշխանության համար գժվում է, խելքը իրենը չի. «Ժողովուրդը հիմա զզվում է իշխանությունից, բայց 100 տոկոս անցնում է իշխանությունը: 1.5 մլն ժողովուրդ է փախել, 60 տոկոսից ավելին աղքատ է, ո՞նց կարող է էդ ժողովուրդը սիրի ձեզ»:

Վեճը շարունակվեց նաեւ ասուլիսից հետո: Գիմիշյանն առաջարկեց դուրս գալ փողոց եւ լսել ժողովրդի կարծիքը, հրավիրեց հեռուստատեսային բանավեճի:

Gimishyan_Aleqsanyan-3

Լեռնիկ Ալեքսանյանը հեգնեց՝ եկեք ձեզ մի հատ իշխանություն տանք, տեսնենք էդ ի՞նչ փայտիկ ունեք ու ոնց եք կառավարելու: Գիմիշյանն էլ հիշեցրեց. «Ես եղել եմ իշխանության եւ հրաժարվել եմ այդ իշխանությունից, ես այնպես եմ ապրել, թող տեսնեն իմ ունեցածը, իմ մեքենան, այնպես եմ ապրել, որ ոչ ոք չի ապրել՝ ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Սերժ Սարգսյանը»:

Լեռնիկ Ալեքսանյանը, ՀՀԿ-ի գովելու համար ասաց՝ մենք Աշոտ Նավասարդյան ենք ունեցել: Գիմիշյանն այդ հարցում համաձայնեց փայլուն տղա էր, եզակի, ամբողջ ձեր ՀՀԿ-ն մի հատ Աշոտ Նավասարդյան չարժի»:

Ալեքսանյանն առաջարկեց ընդդիմությունից էլ մի փայլուն տղու անուն տա: Գիմիշյանը խոստովանեց. «Աշոտ Նավասարդյանից էն կողմ չկա»:

Բանախոսները վիճելով էլ մամուլի ակումբից հեռացան. Լեռնիկ Ալեքսանյանը անընդհատ հարցնում էր՝ որտեղի՞ց ձեր մեջ էսքան մաղձ, իսկ Գիմիշյանը պատասխանում. «Հիշեք, ես ձեզ Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը նույնիսկ կարող եմ ներել, բայց էս փաստաթուղթը՝ Սահմանադրությունը չեմ ների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30