ԵԽ ԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի պատգամավորները 16 ձայնով կողմ քվեարկեցին բոսնիացի պատգամավոր Մարկովիչի հակահայ զեկույցին: Մեր զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության անդամ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
-ԵԽ ԽՎ բոսնիացի պատգամավորը ներկայացրեց զեկույց մի վայրի մասին, ուր երբեք չի եղել, դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, գրեց ԼՂՀ-ում գտնվող Սարսանգի ջրամբարի մասին, որը երբեք չի տեսել սեփական աչքերով: Բայց դա չխանգարեց, որ ԵԽ ԽՎ սոցիալական հանձնաժողովը կողմ քվեարկի այդ անհեթեթ փաստաթղթին:
-Այո, հարցի քննարկումը սկսվեց տեխնիկական փորձագետների եզրակացության ներկայացմամբ, ովքեր փաստեցին, որ սա հեղինակի կողմից միայն Ադրբեջան կատարած այցի արդյունքների վրա կազմված փաստաթուղթ է: Փորձագետները հայտարարեցին, որ այն ծանրակշիռ կդառնա, եթե ուսումնասիրությունները կատարվեն տեղում:
Այս հարցում նրանք միանշանակորեն համաձայն էին հայկական պատվիրակության պնդումներին, թե ավելի ճիշտ կլինի այցելել Սարսանգի ջրամբար, ամեն ինչ տեսնել եւ ոչ թե հիմնվել google.net-ի ինֆորմացիայի հիման վրա, ինչպես արել է զեկուցող Ս. Մարկովիչը:
Կարդացեք նաև
Սակայն ԵԽ ԽՎ-ի միջոցներով հրավիրված փորձագիտական խմբի այս պնդումներն անգամ չունեցան իրենց ազդեցությունը, եւ որոշ պատվիրակներ, ովքեր հատուկ եկել էին պաշտպանելու Մարկովիչի զեկույցը, այսինքն` Ադրբեջանի շահերը, կողմ քվեարկեցին:
-Եվ սա այն դեպքում, երբ ԼՂՀ իշխանությունները, ընդառաջ գնալով ԵԽ ԽՎ քարտուղարության գլխավոր տնօրեն Մարիո Մարտինսի նամակին, համաձայնել էին տիկնոջն ընդունել ԼՂՀ-ում ու ներկայացնել համարժեք փաստեր:
-Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ հարցի քննարկման սկզբում առաջարկեցինք հետաձգել քննարկումը ու շարունակել միայն զեկուցողի ԼՂՀ այցելությունից հետո: Տարբեր երկրների պատվիրակներ եւս արեցին այս առաջարկը: Բոլորն էին ասում, որ Մարկովիչը պետք է գնա ԼՂՀ, տեղում իրականացնի իր փաստահավաք գործունեությունը:
Սակայն երբ հարցը դրվեց քվեարկության, մենք մեկ այլ պատկերի ականատես եղանք. հարցի քննարկման հետաձգմանը կողմ քվեարկեց ընդամենը 9 պատգամավոր, իսկ 16-ը դեմ, կար 1 ձեռնպահ: Փաստորեն ԵԽ ԽՎ ձեւաչափով պատրաստվում են զեկույցներ, խոսքս Ուոլթերի եւ Մարկովիչի զեկույցների մասին է, երբ չի կարեւորվում զեկույցի թեմա համարվող վայր այցելելը, փաստերին ծանոթանալը, ԵԽ ԽՎ կողմից հրավիրված տեխնիկական մասնագետի պնդումներն ընդունելը:
Ես մտավախություն ունեմ, որ այս երկու դեպքերն էլ կարող են վատ նախադեպ դառնալ եւ ԵԽ ԽՎ-ն կարող է շեղվել իր հիմնական առաքելությունից:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում