Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ» ասողները պահպանում են այսօրվա իրավիճակը. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 25,2015 12:42

Այսօր, երբ «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավի շատը գնացել, քիչն է մնացել, մեր հանրությունը որքանո՞վ է տեղեկացված սահմանադրական փոփոխություններին։ Կողմերին հաջողվե՞լ է կոտրել անտարբերության սառույցը եւ շահագրգռել ընտրողին՝ դեկտեմբերի 6-ին «այո» կամ «ոչ» ասելու հանրաքվեի դրված փաստաթղթին։

Մեր հարցերին պատասխանում է Դաշնակցության քարոզչական 5 խմբերից մեկը գլխավորող ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ։

-Հասկանալի է, որ հասարակության մեծ մասին հետաքրքրում են առաջին հերթին առօրյա սոցիալ-տնտեսական խնդիրները՝ մարդիկ ուզում են հասկանալ, ի՞նչ են փոխելու սահմանադրական բարեփոխումներն իրենց կյանքում։

Զգալի թիվ են կազմում մարդիկ, որոնք դեռեւս անտարբերության թմբիրի մեջ են։ Նախընթաց ընտրական գործընթացների, վատ կառավարման հետեւանքով ժողովրդի մեջ կարծրացել է այն մտայնությունը, թե իրենից ոչինչ կախված չէ՝ իրենց կարծիքը որոշիչ չի լինելու։ Սա ամենավտանգավորն է, որովհետեւ քաղաքացին օտարվում է պետությունից, իսկ պետությունից օտարված քաղաքացին չի կարող լավ պետություն կառուցել։

Անշուշտ, շատերը գիտակցում են, որ բարեփոխումների արդյունքում հնարավորություն է առաջանում շտկելու իրավիճակը՝ ոչինչ չանելով հնարավոր չէ ինչ-որ բան փոխել։

Հանդիպումների ժամանակ փորձում ենք տեղ հասցնել մեր մոտեցումները, մարդկանց բացատրել, որ իրենց առօրյա մտահոգությունների կիզակետում գտնվող բոլոր խնդիրները, ի վերջո, հետեւանքներ են. եթե ուզում ենք հետեւանքները վերացնել, պետք է խորամուխ լինենք պատճառների մեջ, ճիշտ ախտորոշումներ անենք եւ հասկանանք, որ այդ խնդիրները կարող են լուծվել մի դեպքում՝ երբ ունենանք դինամիկ զարգացող տնտեսություն, հակակշիռների վրա հիմնված կառավարման համակարգ, պատասխանատու եւ հաշվետու իշխանություն, իշխանություն-ընդդիմություն միասնական համակարգ։

Հակառակ պարագայում, մեղմ ասած, միամտություն կլիներ ակնկալել, թե ոտքերն ամպոտ, հրեշտակի թեւերով մեկը կգա ու կլուծի բոլոր խնդիրները։ Կարծում եմ, մեր քաղաքացիների գիտակից հատվածում գնալով արմատավորվում է այս գիտակցումը, որ բոլոր դժգոհություններից, իշխանությունների եւ քաղաքական ուժերի նկատմամբ վերաբերմունքից անկախ, առաջարկվող համակարգը տալիս է այդ հնարավորությունը։

-Այդուհանդերձ, սոցիոլոգների դիտարկումներով, մարդիկ, «այո» կամ «ոչ» ասելով նախագծին՝ ավելի շուտ արտահայտելու են իրենց վերաբերմունքը իշխանությունների, քան բուն սահմանադրության նախագծի վերաբերյալ։ Կարծում եք՝ մինչեւ հանրաքվե կհաջողվի՞ ջարդել այս կարծրատիպը։

-Քարոզարշավի նպատակներից մեկն էլ դա պիտի լինի։ Համենայն դեպս, փորձում ենք հասարակությանը բացատրել, որ սահմանադրական փոփոխություններին «այո» կամ «ոչ» ասելիս չպետք է առաջնորդվել նման մտայնություններով, որովհետեւ այս հարցում ջրբաժանն ամենեւին էլ ընդդիմության եւ իշխանության միջեւ չի անցնում։

Չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է՝ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը «պրոյեկտել» բարեփոխումների վրա։ Դա նման է երկսայր սրի, որովհետեւ «ոչ» ասելով՝ քաղաքացիները, ըստ էության, ոչ թե անվստահություն են հայտնում իշխանություններին, այլ ակամա նպաստում են իշխող վերնախավի դիրքերի է՛լ ավելի ամրապնդմանը եւ գործող քաղաքական համակարգի անփոփոխելիությանը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30