Մամուլի հրապարակումների համաձայն` հակակոռուպցիոն խորհրդի անդամներ Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանն ամբողջությամբ թաթախված են կոռուպցիոն սկանդալների մեջ. հակակոռուպցիոն խորհուրդն ինչպե՞ս է պատժելու նրանց` հարցն այսօր լրագրողներից մեկը տվեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: «Դուք շատ ճիշտ արտահայտություն արեցիք՝ մամուլի հրապարակումների համաձայն: Որպեսզի դրանք համարվեն քրեական գործ հարուցելու առիթ, մամուլի հրապարակում իրականացնող յուրաքանչյուր կազմակերպություն պիտի գնա պետական մարմին եւ համապատասխան դիմում ներկայացնի: Դրա պատասխանատուն արդեն իրավական համակարգն է եւ ոչ ես»,- եղավ հարցից անակնկալի եկած նախարարի շփոթված պատասխանը:
Լրագրողը հիշեցրեց, որ առանց լրատվամիջոցի դիմումի իրավապահները կարող են քրեական գործ հարուցել: Նախարարը չարձագանքեց, շտապեց քննարկումների սրահ, որտեղ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի մասնակցությամբ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր կազմակերպությունների հետ քննարկում էր ընթանում:
«Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունը քաղաքական կամք ունի: Կամքն իր դրսեւորումներում տարբեր ձեւերով է արտահայտվելու: Դուք դրա ականատեսը լինելու եք: Ես արդեն նշեցի, որ սեպտեմբերի 25-ին է ընդունվել հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ համապատասխան միջոցառումների ծրագիրը: Դուք կտեսնեք այն քայլերը, որ մենք առաջիկայում կիրականացնենք: Ես ցանկանում եմ զերծ մնալ եւ որակումներից, եւ տարատեսակ շահարկումներից, եւ անուններ կամ չգիտեմ այլ ձեւաչափերով բանաձեւումներ հնչեցնելուց»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը`հավելելով. «Ես կարծում եմ, որ լավագույն գնահատականը նաեւ ձեր կողմից կլինի այն ժամանակ, երբ մեր կողմից կիրականացվեն քայլեր: Քայլերի գնահատականը տալու եք դուք, տալու է հասարակությունը, տալու են միջազգային կազմակերպությունները եւ տալու ենք մենք ինքներս՝ գնահատելով, թե ինչ կարողացանք անել, ինչը չարեցինք եւ ինչ պատճառներով»: Գործողությունները չեն ուշանա, քանի որ հակակոռուպցիոն ռազմավարությունը 2015-18 թվականների համար է նախատեսված:
Նախարարը խուսափողական պատասխան տվեց Հակակոռուպցիան խորհրդի կազմին վերաբերվող հարցերին, մասնավորաբար նրան, որ կազմն արդեն վստահություն չի ներշնչում: Իր կարծիքով մենք իրականում պետք է բովանդակային քննարկում ծավալենք. «Ամեն երեւույթին ձեզանից յուրաքանչյուրը կարող է տարբեր մեկնաբանություններ տալ: Երբ որ կոնկրետ փաստերով կտեսնեք խնդիրները չեն իրականացվում, այդ ժամանակ բարձրաձայնեք, մեզ էլ քննադատեք եւ ասեք՝ կոնկրետ սա չեք իրականացրել: Ես ինքս էլ լինելով այդ խորհրդի կազմում վստահեցնում եմ ձեզ, որ դուք կտեսնեք այն քայլերը, որ մենք իրականացնելու ենք ու դուք հնարավորություն կունենաք դրանք գնահատելու»:
Կարդացեք նաև
Նախարարը վստահեցնում է` կոռուպցիայի դեմ պայքարը հասարակ քաղաքացին իր մաշկի վրա է զգալու. «Մենք ընտրել ենք այն ոլորտները, որտեղ քաղաքացին ուղղակիորեն առնչվում է պաշտոնատար անձի հետ: Մենք անհրաժեշտություն ունենք, որ քաղաքացին այն ոլորտներում, որ միշտ շփվել է եւ տեսել է ինչ-որ մի բան՝ հիմա տեսնի այլ բան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ