Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Արբակ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 20-ից մինչեւ 2015թ. հունիսի 27-ը հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող, 2015թ. ապրիլի 30-ին, ժամը 10.00-ից մինչեւ 11.50-ը զորամասի հետախուզության պետի կողմից հաստատված դասացուցակի համաձայն, զորամասի հարակից տարածքում գտնվող դաշտում մարտավարամասնագիտական դասընթացներին մասնակցելու նպատակով վաշտի զինանոցից ստացել է ծառայողական օգտագործման համար իրեն վստահված ԱԿՍ տեսակի ինքնաձիգ, սաղավարտ, զրահաբաճկոն, գնացել է դաշտ, որտեղ խախտել է ներքին ծառայության կանոնագրքի 157 հոդվածի պահանջները:
Նա իրեն վստահված ինքնաձիգը, սաղավարտը, զրահաբաճկոնը առանց հսկողության թողել է դաշտում եւ վերադարձել զորամաս, ինչի հետեւանքով իրեն վստահված ինքնաձիգը եւ զրահաբաճկոնը կորցրել է:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 372 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը վաղը՝ նոյեմբերի 26-ին կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ