Ողջ օրվա ընթացքում Երեւանի տարբեր համայնքներից, ինչպես նաեւ մարզերից ահազանգեր էինք ստանում այն մասին, որ մարդկանց տներ են այցելում երիտասարդներ, որոնք 5-հազարական դրամներ են խոստանում ամեն ձայնի համար, ինչպես նաեւ բջջային հեռախոսներ են տալիս սկզբում ձեւակերպելով, թե իբր դա էլ լրացուցիչ նվեր է, այնուհետեւ ակնարկում են, որ հեռախոսները քվեաթերթիկները նկարելու համար են։
Այս մասով միանգամից հորդոր-կոչ այն քաղաքացիներին, որոնք չեն կարող դիմագրավել քվեաթերթիկն ու իրենց քվեարկությունը լուսանկարելու ճնշմանը։ Քվեաթերթիկում «այո» նշումը արեք, ապա լուսանկարեք այն՝ որպես ապացույց նրա, որ «այո» եք քվեարկել։ Ապա, լուսանկարելուց հետո, նշում արեք «ՈՉ»-ի վանդակում կամ քվեաթերթիկի վրա գրիչով խզբզեք, այնուհետեւ այն ծալեք-դրեք համապատասխան ծրարի մեջ եւ հետո՝ ընդունված ընթացակարգով ծրարը գցեք քվեատուփը։ Դուրս գալով տեղամասից դուք կկարողանաք ապացուցել, որ «այո» եք քվեարկել, իսկ իրականում ձեր քվեաթերթիկը անվավեր կճանաչվի արդեն ձայների հաշվարկի ժամանակ։ Այսպիսով դուք կխուսափեք դառնալ հանցագործ կամ ընտրակեղծարար Սերժ Սարգսյանի հանցակիցը։
Իսկ եթե քաղաքացիական բարձր գիտակցությամբ եք օժտված, ապա ընտրակաշառքի առաջարկների դեպքում ահագանգեք ոստիկանություն, դատախազություն, դրա մասին տեղյակ պահեք լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Այդպիսով դուք կօգնեք բացահայտել ու պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր փորձում են բռնանալ ձեր ընտրությանը։ Հիշեք, որ կաշառք առաջարկելը քրեորեն հետապնդելի արարք է։ Հանցագործության այս տեսակը շատ ավելի վտանգավոր է, երբ խոսք է գնում ընտրության մասին։
Նոր Նորքի 8 ու 9-րդ զանգվածում երեկ սկսվել է ընտրակաշառքի բաժանման գործընթացը։ Բացի այս, Շենգավիթ համայնքում մարդկանց տներ են այցելել նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի օգտին աշխատող թաղային հեղինակությունների «ոտավորները», որոնք ցուցակագրել են մարդկանց՝ որպես «այո»-ի կողմնակիցներ։ Հեռախոսներ եւ ամանորյա սննդային տոպրակների խոստումներ են հնչել Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Այստեղ «այո»-ի քարոզիչներն ավելի խորամանկ «տրյուկի» են դիմել։ Նրանք բնակիչներին հայտնել են, թե տեղամաս գան-չգան՝ «այո»-ն անցած-պրծած է, իսկ ամանորյա տոպրակները ուղղակի նվեր են լինելու Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների համար:
Կարդացեք նաև
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Այդ 5 հազարներն էին,որ աղքատին չքավոր դարձրին: Պատմությունը կրկնվում է: