Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկի. «Դուք ինչո՞վ եք պակաս Վրաստանից»

Նոյեմբեր 25,2015 11:28

«Չեմ հասկանում`դուք ինչո՞վ եք պակաս Վրաստանից»,- այս հարցն այսօր հնչեցրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին`կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր կազմակերպությունների հետ քննարկման ժամանակ: Նա հղում արեց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության վարկանիշային աղյուսակին, որտեղ 176 երկրների մեջ Հայաստանը 96-րդ տեղում է, ՌԴ-ն`161, մեր հարեւան Վրաստանը`56-րդ: «Վրաստանն ավելի լավ վարկանիշ ունի, քան օրինակ անգամ Չեխիան: Դասը շատ պարզ է, դուք էլ կարող եք հասնել դրան»,- ասաց պարոն Սվիտալսկին:

Նա նաեւ իր տարակուսանքը հայտնեց այն առումով, որ ընդդիմության զայրացած անդամները «մեզ են մեղադրում» Հայաստանում կոռուպցիայի համար. «Մենք ուզում ենք կոռուպցիայի դեմ պայքարել`կառավարության հետ, բայց Հայաստանին ազգային միասնություն է պետք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, այնպես ինչպես ԼՂՀ եւ Ցեղասպանության հարցերում»:

Նա հիշեց, որ մի քանի օր առաջ, կրթության ոլորտին վերաբերող համանման միջոցառման ժամանակ ինքն Ուկրաինայի օրինակն էր բերել. «Արդար չէ Հայաստանն Ուկրաինայի հետ համեմատել, այնտեղ իրավիճակն ավելի վատ է: Բայց այդ զեկույցից կարող ենք Ուկրաինա բառը ջնջել, գրել Հայաստան»:

Այս անգամ էլ նա բերեց Լեհաստանի օրինակը. «Երբ Տիմոշեվիչը սկսեց «մաքուր ձեռքեր» շարժումը, նա շատ նախարարների հետ, անգամ իր մտերիմ ընկերների հետ թշնամացավ, բայց արեց այդ գործը»:

Դեսպանը երկար խոսեց ՀՀ արդարադատության համակարգում առկա կոռուպցիայի, այն մասին, որ դատավորները մեկնաբանում են օրենքները սեփական հայեցողությամբ, օրենքի գերակայություն չկա, մարդիկ շատ դժգոհ են արդարադատության համակարգից ու դա շատ վատ է անդրադառնում մարդկանց կյանքի վրա:

Անդրադառնալով արդեն նախարար Արփինե Հովհաննիսյանի արած հայտարարություններին էլ ասաց, որ կարծում է, պետք է քրեական պատիժ սահմանել եկամուտների մասին սխալ հայտարարագիր ներկայացնելու համար, երբ կաշառքի դեպք է հայտնաբերվում, այդ գումարը գանձել պետբյուջե: «Կոռուպցիայի դատապարտումը եւ հետագա պատժումը կարեւոր է խուսափելու համար դատավորների եւ դատախազների հետագա օպորտունիզմից: Յուրաքանչյուր դեպք պետք է գրանցվի եւ կանգնի դատական ատյանի առջեւ»,- ասաց նա`հավելելով, որ ոչ մի իմունիտետ չպիտի լինի. «Շատ երկրներում դատավորներն անգամ զրկվում են թոշակ ստանալու իրավունքից, եթե հայտնաբերվում է կոռուպցիոն դեպք: Ես հասկանում եմ, որ դա շատ դաժան է, բայց պետք է կիրառել»:

Հակադարձելով Արփինե Հովհաննիսյանին`դեսպանը նաեւ նկատեց. «Հայաստանը հոյակապ փաստաթուղթ ունի, սա ամենալավ փաստաթուղթն է, որը ես երբեւէ բռնել եմ իմ ձեռքերում: Պրոբլեմը հետեւյալն է` պետք է այդ փաստաթղթի որակն ապացուցել գործողություններով»:

Այս համատեքստում, դեսպանը մատնանշեց երիտասարդների, որոնց հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը. «Նրանք ծիծաղում էին, հռհռում`ասելով, որ այդ փաստաթղթի որակը պետք է ապացուցել գործողություններով: Տիկին նախարարի ներկայությունը հուսադրող է, քաղաքական կամքի առկայությունը կարեւոր է: Դուք պետք է անեք դա, ձեր ապագային է վերաբերվում, ձեր երիտասարդները պիտի անեն, իրենց ապագայի մասին է խոսքը: Խնդրում եմ`արեք»:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը դեսպանի դիտարկումների առիթով ասաց. «Երիտասարդները թերահավատ էին ռազմավարության հետ կապված, բայց առանցքը կայանում է նրանում, որ կառավարությունը մենակ չի կարող, հասարակությունը պիտի աջակցի` կաշառք չտալով, ըմբոստանալով, քաղաքացիական կեցվածք դրսեւորելով: Հաճախ քննադատում են, որ կոռուպցիայի դեմ պայքարը դանդաղ է գնում, խնդիրներ են առաջանում, բայց մենք եռակողմ ձեւաչափով փորձում ենք համախմբել մեր ջանքերը`ՀՀ կառավարություն, միջազգային գործընկերներ, հասարակություն: Այս ռազմավարությունը ուղղված է լինելու հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի նվազեցմանը: Առանց հանրային հավատի, վստահության, ռազմավարությունը հնարավոր չի լինելու կյանքի կոչել»:

Իր խոսքում փոխնախարարը շեշտադրում արեց նաեւ թափանցիկ կառավարման համակարգի ձեւավորման վրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30