ՀՀ կառավարությունը քաջ գիտակցում է կոռուպցիայի գերակայությունը տնտեսության զարգացման, մարդու իրավունքների վրա եւ վճռական է տրամադրված համատեղ ուժերով կոռուպցիայի դեմ պայքար տանելու: Այսօր այդ մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը`կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր կազմակերպությունների հետ քննարկման ժամանակ:
Նախարարը շատ կարեւորում է միջազգային կազմակերպությունների, հասարակական հատվածի եւ կառավարության համատեղ ջանքերը: Նա, բնականաբար, կարեւորում է 2015 փետրվարի 19-ին հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումը, սեպտեմբերի 25-ին կառավարությունում հաստատված հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը, որոնք պետք է լինեն առաջ շարժվելու հիմնական ուղին:
Արփինե Հովհաննիսյանը հատկապես կարեւորեց որոշ օրենսդրական փոփոխություններ` քրեական օրենսգրքում եւ վարչական իրավախախտումների օրենքում, որտեղ պատասխանատվություն է նախատեսված նաեւ իրավաբանական անձանց համար, կոռուպցիոն դրսեւորումների դեպքում, ամրագրված է պատասխանատվություն`բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման ինստիտուտի կանոնակարգումները խախտելու համար: Նախարարը հատկապես կարեւորեց ապօրինի հարստացման հետ կապված դրույթը, որը դեռ քննարկումների եւ մշակումների փուլում է
«Այս ամենը կարեւոր, բայց բավարար չէ: Քաղաքական կամքի առկայությունը նշանակում է, որ մենք պիտի շարունակենք կրկին պետական կառավարման համակարգում իրականացնել մի շարք կարեւորագույն միջոցառումներ»,- ասաց նա`հավելելով, որ պայքարը հեշտ չի լինելու, արդյունքները մեզ հեշտությամբ չի տրվելու: Դրա համար ջանքերի եւ ուժերի համատեղում է պետք. «Հակակոռուպցիոն միջոցառումներ վերջին տարիներին հաճախ եւ տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվել են, բայց շատ կարեւոր է համատեղել եւ համակարգված բնույթ տալ այդ ծրագրերի իրականացմանը»: Նախարարն առաջարկեց այսպիսի հանդիպումները արարողակարգային, ներկայացուցչական բնույթից տեղափոխել աշխատանքային ձեւաչափի`տարբեր աշխատանքային խմբերի մակարդակով:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ