Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ դու չունես առաջխաղացում, բայց միջազգային վարկանիշային աղյուսակներում «չալաղաջ» տեղ ես զբաղեցրել. «Հրապարակ»

Նոյեմբեր 25,2015 10:39

Կառավարության ծրագրում շատ կարեւոր դրույթ կա գործարարության մասին. «Ինստիտուցիոնալ բարեփոխումների, կայուն եւ կանխատեսելի օրենսդրական դաշտի միջոցով հասնել առավել նպաստավոր գործարար միջավայրի ձեւավորմանը»։ Գաղտնիք չէ, որ բիզնեսը չի սիրում հարկային մշտական փոփոխություններ, իսկ Հայաստանում տարին մի քանի անգամ փոխվում է հարկային օրենսդրությունը։ Պարզվում է, որ այսքանը մեր կառավարությունը չգիտի։

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պատգամավորի հարցին պատասխանում է, թե «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հետազոտություն է արել եւ պարզել, որ հարկային ընկալման տեսակետից հաճախակի փոփոխությունները բացասաբար են անդրադառնում»։ Հետաքրքիր է՝ այսքանը մեր կառավարությունը չգիտե՞ր, եւ անհրաժեշտ էր ամերիկյան հետազոտությո՞ւն։ Ասում են՝ մարդիկ բողոքում են մշտական փոփոխություններից, փոխնախարարը պատասխանում է. «Դրա համար էլ որոշել ենք փոխել հարկային օրենսդրությունը»։ Այսինքն՝ կրկին փոփոխելու են, այս անգամ՝ ամբողջությամբ։

Եվս մեկ ուշագրավ դրույթ. «Վարկանիշային գնահատումներ իրականացնող միջազգային հեղինակային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկում»։

Կառավարության հիմնական նպատակներից մեկն է վարկանիշային աղյուսակներում լավ տեղեր զբաղեցնելը՝ անկախ իրականությունից։ Օրինակ, Հայաստանում բիզնես հիմնելն աշխարհում ամենահեշտերից մեկն է՝ 5-րդը, բայց գործունեություն ծավալելը՝ հավանաբար, վերջին տասնյակում։ ԱՄՆ պետդեպը, Bloomberg միջազգային գործակալությունը, միջազգային ֆինանսական կորպորացիան, համաշխարհային մրցունակության ինդեքսը եւ միջազգային այլ հեղինակավոր ու ոչ հեղինակավոր կազմակերպություններ մշտապես վարկանիշային ցանկեր են հրապարակում։ Երբ դրական է, կառավարությունը մշտապես հղումներ է անում, երբ բացասական է, ասում են, թե հետին կազմակերպություն է։ Այնպես որ, կառավարությունը միայն հետաքրքրված է թվանկարչությամբ, իսկ իրականությունը, կարծես, անկարեւոր է։

Երբ դու չունես առաջխաղացում, բայց միջազգային վարկանիշային աղյուսակներում «չալաղաջ» տեղ ես զբաղեցրել, ուրեմն կասկածելի են քո ծրագրով նշած՝ միջազգային հեղինակավոր կառույցների հետ աշխատանքը։

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30