Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրապարակի» գլխավոր խմբագրին հրավիրում են հարցաքննության՝ սուտ մատնության գործով. «Հրապարակ»

Նոյեմբեր 25,2015 10:22

Սաշիկ Սարգսյանի «բայեւիկները» Թումանյան փողոցի վրա մի երիտասարդի էին ծեծել, որը հանդգնել էր վիրավորել «շեֆին»։ Երիտասարդն ընկերուհու հետ անցնելիս է եղել փողոցով, ինչ-որ խոսակցություն է եղել նրա եւ Սաշիկ Սարգսյանի միջեւ, եւ վերջինիս թիկնապահ-ուղեկիցները երիտասարդին ծեծի են ենթարկել մարդկանց աչքի առաջ։ Պատմությունը մեզ ներկայացրած տիկինն այս միջադեպին անձամբ էր ականատես եղել, քանի որ շանը տարել էր զբոսանքի։

… Ուրեմն մեկշաբաթյա ժամկետում ոստիկանության հետաքննիչները շրջել եւ հարցաքննել էին Թումանյան փողոցի օբյեկտների, շենքերի բազում բնակիչների՝ մոտ 40 հոգու, որոնք ասել էին, որ նման միջադեպ չեն տեսել, ոչինչ չգիտեն, ոչինչ չեն լսել։ Գտել եւ հարցաքննել էին այդ տարածքում բնակվող եւ շուն պահող կանանց, այդ թվում՝ նաեւ մեր աղբյուրին։ Բնականաբար, նրանք նույնպես հերքել էին, թե նման բան տեսել են։ Ապա իբրեւ թե դիտել էին այդ տեղանքում տեղադրված բազում տեսախցիկներից մի քանիսի տեսագրությունները։ Նկատենք, որ դեպքից մեկ ամիս անց պարզել էին, որ «տեսախցիկները ոչինչ չեն արձանագրել», եւ կրկին եկել էին խմբագրություն՝ նորից հարցնելու խմբագրություն այցելած տիկնոջ մասին։ Ամենահետաքրքիրն այն է, որ գոնե ձեւականորեն չէին հարցաքննել միակ հայտնի անձին՝ Սաշիկ Սարգսյանին, նրա թիկնապահներին, վարորդին, նրանց, ովքեր կարող են մասնակից եղած լինել նշված դեպքին: Երբ ԿՀԴՊԳՎ ներկայացուցչին հարցրի, թե ինչու չեն հարցաքննել Ս. Սարգսյանին, ասաց՝ իսկ ինչո՞ւ հարցաքննենք, չկա դեպքը։ Իսկ եթե դեպքը չկա, հարց է ծագում՝ ինչու եք նյութեր նախապատրաստում։ Բնականաբար՝ խմբագրություն այցելած կնոջը պարզելու եւ պատժելու համար։ Որ նաեւ ի ցույց դրվի հանրությանը՝ այլեւս չհամարձակվեք անգամ մամուլին պատմել իշխանավորների արարքների մասին։

Սինչ դատախազությունն ու ոստիկանությունը ձեռք ձեռքի տված փորձում էին հայտնաբերել խմբագրություն այցելած «անհնազանդին», Սահմանադրական դատարանը մի որոշում կայացրեց՝ մամուլի տեղեկատվական աղբյուրների պաշտպանվածության վերաբերյալ, եւ սեւով սպիտակի վրա արձանագրեց այն, ինչ միջազգային իրավանորմերով ֆիքսված է վաղուց՝ մամուլի տեղեկատվական աղբյուրները կարող են բացահայտվել միայն դատական կարգով, միայն ծանր հանցագործությունները կանխելու եւ ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձին արդարացնելու համար։ Ինչպես հասկանում եք, Սաշիկ Սարգսյանի մասին պատմող մեր աղբյուրին հայտնաբերելը չէր կարող մտնել այս դեպքերից ոչ մեկի մեջ։ Ուստի մենք կարծեցինք, որ իրավապահները, այսպես ասած, «ձեռ կքաշեն» մեզնից ու մեր աղբյուրից։ Սակայն 2 օր առաջ պարզվեց, որ մերոնք համառ են, տգետ են եւ ագրեսիվ:

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոնի քննչական բաժնից ստացված ծանուցագիրը «Հրապարակի» գլխավոր խմբագրին հրավիրում էր հարցաքննության ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված թիվ 61205315 քրեական գործով։ Այսինքն, ԿՀԴՊԳՎ-ն մոտ մեկ ամիս անիմաստ գործողություններ իրականացնելուց եւ մի ծավալուն գործ կազմելուց զատ, չի բավարարվել նախապատրաստված նյութերով գործը մերժելու որոշմամբ, ավելի առաջ է գնացել եւ քրեական գործ է հարուցել։ Եվ այն էլ հարուցել է ոչ թե ծեծի դեպքով, այլ սուտ մատնության:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30