Ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, Թուրքիան կործանեց Սիրիայում ռուսական ավիախմբի «Սու-24» ինքնաթիռը: Միջադեպից որոշ ժամանակ անց Անկարան հայտարարեց, որ ռուսական ինքնաթիռը խախտել է իր օդային տարածքը, եւ մի քանի անգամ զգուշացնելուց հետո Թուրքիան որոշել է վայր գցել ինքնաթիռը: Ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հակադարձեց, որ ռուսական ինքնաթիռը խոցման պահին թուրքական սահմանից 1 կիլոմետր հեռու է եղել եւ հենց Սիրիայում էլ ընկել է: Պուտինը նաեւ խոստացավ, որ այս միջադեպը անհետեւանք չի մնա, եւ իրենք չեն հանդուրժի նման գործողություններ:
«Առավոտ»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ասաց, որ Թուրքիան գնաց կտրուկ սրացման, ինչը վկայում է թուրքական իշխող կառավարության ուղղակի ներգրավվածությունը թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հովանավորելու, թե դրանց սնուցելու, թե այդ կառույցից եկամուտ ստանալու մեջ: «Սա արդեն միանշանակ է: Իհարկե, զարմանալի է, որ ռուսական կողմը դեռեւս զուսպ արձագանքեց: Ճիշտ է, տրվեցին հստակ գնահատականներ, որովհետեւ այս գործողությամբ Թուրքիան ակնհայտորեն ցույց տվեց, որ նա ահաբեկիչների կողմն է»:
Պարոն Դեմոյանը կարծում է, որ ցնցողն այն է, որ սա տեղի է ունենում Անթալիայի հավաքից հետո, որտեղ, կարծես թե, ամեն ինչ պարզ էր: Հայկ Դեմոյանը նշեց, որ հակառակ կողմի օդուժին հարվածելը եւ ոչնչացնելը նշանակում է մի բան, որ Թուրքիան հստակ ցույց տվեց, որ իր համար ցանկալի չէ «Իսլամական պետության» թուլացումը: «Զուտ քաղաքական առումով դա Սիրիայի թուլացումն ու հետագա ոչնչացումն է ենթադրում եւ տնտեսական առումով, Թուրքիան շահում է տնտեսապես նաեւ: Իսկ աշխարհաքաղաքական առումով նույն «Իսլամական պետությունն» անպայման գտնվելու էր թուրքական հատուկ կառույցների եւ զինված ուժերի վերահսկողության տակ»:
Կարդացեք նաև
Ըստ Դեմոյանի՝ ցանկացած պարագայում այդ ուժը որպես դագանակ կօգտագործվի Իրաքի, կփորձեն օգտագործել միջանկյալ ձեւերով նաեւ Իրանի դեմ, հետագայում նաեւ Հորդանանի եւ Իսրայելի դեմ: «Սա մի ուժ է, որը Թուրքիան կորցնում է: Թուրքիան նաեւ կորցնում է իր դերակատարությունը՝ որպես խաղացող ռուսական ակտիվ ռազմական գործողությունների ֆոնի վրա»:
Նա չի բացառում, որ այս հարվածը թուրքական կողմի միանձնյա որոշումը չէ: «Նա ստացել է նաեւ դաշնակիցների հավանությունը, որովհետեւ սա բացառիկ ու աննախադեպ հանդուգն քայլ է թուրքական կողմից, որով նա ուղղակի ձեռնոց է նետում ռուսական կողմին՝ ակնհայտորեն ի ցույց դնելով իրեն որպես հակառակորդ կողմ, իսկ Ռուսաստանին դիտելով որպես թշնամի: Իսկ թշնամիներին ոչնչացնում են»:
Միջադեպից հետո ռուսական մամուլում եղան կարծիքներ, որ այս միջադեպը պետք էր Վլադիմիր Պուտինին, որպեսզի նա առճակատում սկսի ՆԱՏՕ-ի դեմ: «Առավոտ»-ի հարցին, թե արդյոք նման տարբերակ հնարավո՞ր է, Հայկ Դեմոյանը պատասխանեց, թե չի կարծում, որովհետեւ այստեղ ուժերի հավասարակշռությունը բոլորովին հօգուտ Ռուսաստանի չի լինի, մանավանդ այնպիսի գոտում, ինչպիսին Մերձավոր Արեւելքն է: «Այստեղ կարելի է ուղղակի հայտնվել թակարդների մեջ: Եթե սա համակարգված գործողություն է, հակված եմ նրան, որ այս քայլը մի քանի խնդիրներ է լուծում: Առաջինը՝ մեկուսացնել Ռուսաստանը եւ հնարավորինս նվազեցնել նրա դերը «Իսլամական պետության» ոչնչացման եւ հետագայում Սիրիայում ամրապնդվելու գործում, խոսում ենք եւ մարտավարական, եւ ռազմավարական տեսակետից: Ակտիվ գործողության մեջ է մտնում նաեւ ՆԱՏՕ-ն»:
Ըստ նրա՝ այս քայլով մեկուսացնելով Ռուսաստանին եւ սահմանափակելով նրա դերակատարությունը՝ մյուս խաղացողներին են փորձում ակտիվացնել, իսկ Ռուսաստանը թուրքերի հետ դիվանագիտական եւ այլ տիղմի մեջ է թաղվելու այս իրադարձությունից հետո: «Ինձ հետաքրքիր է, թե ի՞նչ կտրուկ քայլեր կհետեւեն կամ արդյոք կհետեւե՞ն: Բավական խոշոր է թուրքական բիզնեսի ներկայությունը Ռուսաստանի տարածքում՝ հատկապես շինարարական ընկերությունների»:
Պարոն Դեմոյանը կարծում է, որ եթե այս սրացումը հետագայում ավելանա, այս թշնամական գոտիների մեջ ավտոմատ կերպով կներքաշվեն նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը: «Այստեղ մեզ համար շատ կարեւոր է հետեւել դեպքերի զարգացմանը, քանի որ այս գործողությունը վերջին 25 տարիների մեջ բացառիկ մի դեպք կարող է լինել, որովհետեւ երկու երկրները ունեին բավական լուրջ ստրատեգիական հիմքեր համագործակցության համար: Այս քայլը ապտակ է Ռուսաստանին, որի հուժկու ներկայությունը Մերձավոր Արեւելքում չէր կարող չանհանգստացնել միանձնյա ուժի կենտրոնի դերակատարության ձգտող Անկարային»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի համար ակնհայտ է, որ տեղի է ունեցել ռազմական գործողություն՝ ակնհայտ թշնամական դրսեւորմամբ, որը կարող է բերել բարդացումներ: «Թուրքիան նաեւ ի ցույց դրեց, որ նա «Իսլամական պետության» հովանավոր պատրոնն է: Թուրքիան անհանգստացավ հատկապես տնտեսական բաղադրիչի վնասազերծումից, քանի որ նա «Իսլամական պետություն»-ից շահ էր ստանում: Վերջին 3-4 օրերի ռմբակոծությունները ոչնչացրեցին մատակարարման այդ ամբողջ շղթան, եւ դա ուղղակի հարված էր Թուրքիային»:
Հայկ Դեմոյանը նաեւ ասաց, որ այստեղ վերջին ձեւակերպումը հետեւյալն է. «Թուրքիան եւ Ադրբեջանը, որպես պետական միավորումներ Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ եվրասիական տարածաշրջանում, այլեւս կարող են դիտվել որպես ահաբեկչության հովանավոր, ահաբեկչություն պաշտպանող երկրներ»:
ԱՇՈՏ ԻՍՐԱԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.11..2015
Այլեւս կարող է” չի կարող լինի։գոնե “այսուհետ կարող է։իսկ եթե “այլեւս” ապա , չի կարող