Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հույսը մի՛ դրեք նրա վրա, որ երեխան «կմեծանա` կմոռանա»

Նոյեմբեր 25,2015 11:00

Այսօր կանանց նկատմամբ բռնության վերացման համաշխարհային օրն է, որը չարիք է դառնում ոչ միայն մեծահասակների, այլեւ երեխաների համար: Թե ինչպե՞ս են ընտանեկան բռնություններն անդրադառնում երեխայի հոգեբանական զարգացման վրա եւ ի՞նչ հետեւանքներ են առաջանում դրանից, «Կանանց իրավունքների կենտրոն»-ի հոգեբան Լիլիթ Հայրապետյանն «Առավոտի» լրագրողի հետ զրույցում ասաց, որ անկախ այն հանգամանքից, որ երեխան ինքը բռնության զոհ է, թե պարզապես ականատես, նա մշտապես կրում է բռնության առնվազն հոգեբանական հետեւանքները։ «Երեխայի համար թթվածնի պես անհրաժեշտ է հուզական ու ֆիզիկական ապահովության զգացումը, ինչն էլ խաթարվում է ընտանեկան բռնության պայմաններում։

brnutyun8.-3

Երեխան փորձում է կանխատեսել, թե երբ տեղի կունենա հաջորդ նման միջադեպը, նրա միտքը մի կողմից զբաղված է եղածը «մարսելով», մյուս կողմից՝ դրա կրկնվելու դեպքում փախուստի (թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական) տարբերակներ փնտրելով, ինչը երեխայի փխրուն հոգեկանի համար մեծ ծանրաբեռնվածություն է եւ այլեւս տեղ չի թողնում անհոգությանը, հանգստին, երազանքներին»,- ասաց մասնագետը։ Կախված երեխայի տարիքից՝ ընտանեկան բռնության հետեւանքները կարող են տարբեր լինել, որոնց, ըստ հոգեբանի, երեխաները հակազդում են բարձր տագնապայնությամբ, վախերով, դեպրեսիաներով, ագրեսիվությամբ, գերակտիվությամբ, ցածր ինքնագնահատականի զգացումով, մեղքի ու ամոթի զգացումով, անօգնականության զգացումով: Ինչպես նաեւ երեխաները ունենում են ինքնավնասման մտքեր, որոնք էլ, ըստ հոգեբանի, հանդիսանում են բռնության հոգեբանական հետեւանքներ։ Բացի այդ, մասնագետը մշում է, որ նման միջավայրում ապրող երեխայի մոտ կարող են ի հայտ գալ ուսման առաջադիմության եւ իմացական ոլորտի մի շարք խնդիրներ։ «Երեխան հակված է կրկնօրինակելու ծնողական վարքային մոդելը, նույնիսկ այն դեպքերում, երբ երեխան որոշում է կայացնում երբեք չվարվել այնպես, ինչպես իր հայրն էր վարվում իր կամ մոր հետ, որոշակի կրիտիկական իրավիճակում հայտնվելու դեպքում հակված է դրսեւորել նույնպիսի բռնարար վարք, այլ` ավելի կառուցողական վարքային մոդել չունենալու պատճառով»,-ասաց Լիլիթ Հայրապետյանը։ Նա նշեց, որ բռնարար վարքի ձեւավորման հիմքում թեեւ առյուծի բաժինը հենց ծնողական մոդելինն է, բայց, այնուամենայնիվ, միայն մեկ գործոնը բավարար չէ։ «Բռնության ակունքները, նախեւառաջ, գալիս են հասարակության մեջ հարաբերությունների ստորակարգությունից, ընտանեկան հիմնախնդիրները լռության մատնելուց, զոհերի՝ սոցիալական եւ իրավական անպաշտպանվածությունից»,-նշեց մասնագետը։

Մեր այն հարցին, թե ընտանեկան խնդիրներն ինչպե՞ս պետք է հարթեն ծնողները, որպեսզի երեխաները քիչ տուժեն, պատասխանեց, որ, նախեւառաջ, յուրաքանչյուրը պետք է ընդունի, որ իր դիմացինն իրենից տարբեր անձ է եւ իր անձնական կյանքը, իր հետաքրքրությունները, պահանջմունքները ունենալու, ինչպես նաեւ սխալներ թույլ տալու իրավունք ունի։ «Կոնֆլիկտներն ու տարաձայնությունները մեր կյանքի անբաժանելի մասն են, եւ դրանք անհրաժեշտ է հարթել այնպես, որպեսզի ընտանիքի բոլոր անդամները, եւ մասնավորապես երեխաները, հնարավորինս զերծ մնան տրավմատիկ փորձից։ Եթե յուրաքանչյուրը հարգի դիմացինի երջանիկ լինելու իրավունքը, միշտ էլ կգտնվեն խնդրի կառուցողական լուծումներ»,-նշեց հոգեբանը։

brnutyun8.-2

Իսկ թե ի՞նչ պետք է անեն ծնողներին, որոնց երեխաներն ականատես են եղել ընտանեկան բռնության եւ ինչպե՞ս պետք է խոսեն եւ վարվեն երեխաների հետ, Լիլիթ Հայրապետյանն ասաց, որ եթե բռնությունը ընտանիքի առօրյայի մասն է, ապա պետք է գիտակցել, որ երեխաներն ամենից շատ են տուժելու դրանից եւ, նախեւառաջ, պետք է քանդել բռնության շղթան՝ ինչ գնով էլ լինի, ապա մտածել հետեւանքների վերացման ուղղությամբ։ «Իսկ եթե բռնության միջադեպերն ընտանիքում քրոնիկ բնույթ չունեն, ապա անհրաժեշտ է պարզապես խոսել երեխայի հետ։ Ոչ մի դեպքում չպետք է անտեսել, լռության մատնել, խուսափել շփումից, «կմեծանա` կմոռանա» բանաձեւին ապավինել։ Պետք է լսել երեխային, հասկանալ, թե հատկապես ինչն է իր վրա ամենից շատ ազդել, բացատրել ստեղծված իրավիճակը երեխային հասանելի լեզվով»,-նշեց մասնագետը` ավելացնելով, որ եթե ծնողները չբացատրեն, ապա, միեւնույն է, երեխան անելու է իր սեփական հետեւությունները, որոնք հույզերի ազդեցությամբ կարող են իրականության աղճատված պատկեր ձեւավորել նրա մոտ։ «Երեխային պետք է ասել, որ դուք զղջում եք եղածի համար, որ բոլորն էլ կարող են սխալվել եւ որ պատրաստ եք շտկելու ձեր սխալները։ Ոչ մի դեպքում չի կարելի երեխայի մոտ վարկաբեկել ու մեղադրել մյուս ծնողին, խղճահարություն արթնացնել սեփական անձի նկատմամբ, «օգտագործել» նրան ձեր հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։ Ցանկալի էր, որ նման դեպքերում ծնողները միասին խոսեն երեխայի հետ, լինեն ջերմ ու անքննադատ, թույլ տան երեխային զգալ, որ նա, անկախ ամեն ինչից, սիրված է»,- ասաց հոգեբանը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30