Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ ոչ ոք Մասիսը չի նվիրի

Նոյեմբեր 25,2015 10:00

«Վերջ, հեսա ռուսը թուրքի հերն անիծելու է, մեզ էլ մեր Մասիս սարը կվերադարձնի»` ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից ոգեւորված բացականչում է իմ հայրենակիցների մի մասը: Եթե ինձ հարցնեին, թե մեր հասարակական մտածողության ո՞ր դրսեւորումն է պետության համար ամենավտանգավորը, ապա առանց վարանելու կպատասխանեի` հենց սա՛ է: Խնդիրները որպես պետություն եւ որպես անհատ քեզնից դուրս տեսնելու եւ դրսից փրկիչներ սպասելու հետ մեկտեղ մենք նաեւ ինչ-որ անիմաստ, կասեի նույնիսկ` անմեղսունակ պատրանքների մեջ ենք, թե կան ինչ-որ «լավ» ազգեր կամ պետություններ, որոնք «հայանպաստ» քաղաքականություն են վարում (կամ պիտի վարեն), եւ կան «վատերը», որոնց ուշքն ու միտքը մեզ վնասելն է:

Իրականում համաշխարհային քաղաքականության մեջ չկա «լավը» եւ «վատը», չկա հավատարմություն եւ դավաճանություն, չկա «նվիրվելն» ու «ծախելը»: Պետությունների գործողությունները նման «բարոյական» գնահատականներից դուրս են: Նրանք գործում են իրենց շահերից ելնելով, իսկ մնացած հանգամանքները, այդ թվում` այլ ազգերին եւ պետություններին, հնարավորության դեպքում օգտագործում են` իրենց շահերն առաջ տանելու համար: Եթե մենք ուզում ենք մեկի կողմից «օգտագործված» լինենք եւ հույս ունենք, որ որպես «շնորհակալություն» այդ մեկը մեզ «լավություն» կանի, ապա, մեղմ ասած, միամիտ ենք: Առավել եւս` չպիտի խնդիր ունենանք որեւէ մի պետությանը բացատրելու իր շահերը` պատկերացրեք, այդ պետությունների ղեկավարները դրանք շատ լավ գիտեն առանց մեզ: Թվում էր, թե 2015 թվականին Զորի Բալայանի մտածողությունը պետք է դիտվի որպես իր դարը վաղուց արդեն ապրած ռուդիեմենտ: Բայց արի եւ տես…
Ռուսաստանն ու Թուրքիան դժվար թե հիմա պատերազմ սկսեն իրար դեմ: Բայց եթե նույնիսկ սկսեն, դա մեզ համար ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ինչպես չի հանգեցրել նախկինում: Նման պատերազմներից մենք միայն տուժել ենք, եւ դա տեղի է ունեցել նաեւ այն պատճառով, որ մենք հույս ունեինք, որ «ռուսը» կազատագրի մեր հողերը եւ դրանք կնվիրի մեզ՝ պարզապես այն պատճառով, որ մենք քրիստոնյա ենք, եղբայր ենք եւ դաշնակից: Իսկ հետո նեղանում ենք, թե ինչու ռուսներն իրենց եղբորը եւ դաշնակցին «տիրություն չեն արել»: Մակաբույծն ամեն հարցում մնում է մակաբույծ: Կարծես թե մեկը մեզ խոստացել է «լավ նայել» եւ այդ խոստումը դրժել է:

Այն, ինչին մենք՝ հայերս, հասել ենք, արել ենք մե՛նք եւ արել ենք մե՛զ համար: Մասնավորապես՝ Առաջին հանրապետության ստեղծումը, Խորհրդային Հայաստանի արդյունաբերական, կրթական, գիտական ներուժը (ցավոք, մեծ չափով փոշիացած), Արցախյան ազատամարտում հաղթանակները՝ այդ ամենն արել են հայ մարդիկ, հայաստանցիները: Իհարկե, մեզ օգնել են, մենք ունեցել ենք բարեկամներ եւ դաշնակիցներ, բայց հույսներս չենք դրել նրանց բարեհաճության վրա: Հիմա էլ սահմանին կանգնած 18 տարեկան մեր տղան ավելին է անում, քան հարյուր «աշխարհաքաղաքական վերլուծաբաններ», որոնք կարծում են, թե Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վատթարացումից մենք շահելու ենք: Հակառակը՝ մեր շահերից է բխում, որ այդ առճակատումը զարգացում չունենա եւ հնարավորինս շուտ հարթվի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սովորեցնելու մեջ փութաջան says:

    Դուք ինքներդ որոշում եք, թե ինչէ բացակայում հայրենակիցների միմասը, հետո էլ հերոսաբար ջաջխջախում այդ թեզը:
    Ընդհարնրապես Ձեր ռեպեևտուարից ա-սկզբից մի հատ մարգինալի ասած մեջբեևել. դրա հիման վրա ըանդհանրացնել հասարակության մեծ մաս-հետոլ վերջնականապես ոչնչացնել-զուգահեռ փիլիսոփաեյլով հավերժի ա ու անցողիկի մասին;
    Բայց իհարկե որպես Ձեր ասածին բերված հակափաստարկի դեպքում միշտ հակադարձւոմ եք, թե ընթեցողն ուզում ա կայանա, կամ չար ա, և այլն և այլն:
    Յանի դու ք էլ միշտ ուզում եք նորը սովորեք ու կատերլագործվեք:
    ԻՍկ իրականում հետաքրքիր ա-եղելա որևէ ընթերցողի գրառում, որից հետո սովորեք ինչ որ նոր բան, կամ փոխեք Ձեր տեսակետը?????

  2. Հ.Շ. says:

    Ընդհանրապէս եւ տեսականօրէն ճիշտ է այս ամէնը,
    սակայն խուսափինք նաեւ ապերախտութիւնից:

    Ժամանակակից պատմութեան մեր իրագործումները անհնար կը լինէին, առանց արտաքին աջակցութեան: Երկորդական աջակցութեան մասին չէ խօսքը, այլ էական, որոշիչ: (Այս տեսանկիւնից, այս նիւթին մէջ աւելի զգուշութեամբ պիտի գործածէի «մակաբոյծ» բառը, որովհետեւ ան աւելի վերաբերում է անշուշտ մեզի…) :

    Ամէն պարագայի, փոքրիկ, նորածին, տակաւին ոչ լիովին կազմուած երկիր է Հայաստանը, տակաւին թերաճ է Հայոց համահայկական Պետութիւնը, եւ ափսոս՝ կարիքը ունենք զօրեղ Պետութեան մը հովանաւորութեան:

    Եւ ամէն երկիր կարիքը ունի իրմէ աւելի մեծի մը տիրութեան: Օրինակի համար, այս օրերին իսկ չէ՞ք տեսնում թէ Ֆրանսան ինչպէս, ծեծ կերած, սարսափահար, դարձեալ ԱՄՆ-ի… մոյկերն է լիզում, ուրիշ բան չասելու համար: Առանց որու օգնութեան, ի դէպ, Համաշխարհային II Պատերազմին, արդէն անհետացած էր ան:

    Արեւելեքի եւ Արեւմուտքի հնամեայ, սակայն այսօր խորապէս այժմէականացած բախումին մէջ, պէտք է որ յստակօրէն կողմնորոշուի Հայաստանը:

    Իսկ Արեւմուտքի հետ կապերով բնաւ մի մտահոգուիք: Որովհետեւ այդտեղ կան հայեր, որոնց թիւը գոնէ հաւասար է Հայաստանի եւ Արցախի բնակչութեան թիւին: Եւ անոնց չախչախիչ մեծամասնութիւնը հակառուս է, ռուսատեաց է, եւ ուղղակի պաշտում է արեւմնտեան կարծեցեալ «արժէքները» (անոնց առաջին կարգին՝ Հայաստանէն արտագաղթողները, փախչողները) :

    Այդ տարածքաշրջանում, դուք ջանացէք ուրեմն արժանանալ Ռուսաստանի տիրութեան: Օգտուիլ անկէ:

    Ներկայ հանգրուանին, միայն մենք մեզի, միայն մենք մեզմով, բա՛ն մըն ալ չենք կարող անել: Եւ այդ ել՝ մեր յանցանքով, հիմնականօրէն :Ինծ’ թվում է թէ այս հաստատումի հետեւանքն էր Զօրի Բալայանի պոռթկումը: Այսինքն՝ քանի որ, փաստօրէն, մենք մեզի բան չենք կարող իրականցնել, ուրեմն՝ մի անգամից միաձուլուինք Ռուսաստանի հետ, վերջանանք: Վերջանանք բոլոր խնդիրներից: Դառնութեան, յուսահատութեան եւ զայրոյթի արտայայտութիւն մըն է, զորս դժբախտաբար երբեմն հասկնալի է, տեսնելով մեր ներքին վիճակը:

    Ի դէպ, նոյն տրամաբանութեամբ է որ Սփիւռքի շատ մը հայեր ասում են՝ ալ կը բաւէ, հոգնեցանք/ձանձրացանք այս խայտառակութիւնից, հայը բանի չի գար, եւ քանի որ մենք այլընտրանքը ունենք ֆրանսացի, Գանատացի կամ Ամերիկացի լինելու, լինենք, ու վերջ:

    Այսպէս կ’անհետանան ժողովուրդները, երկիրները՝ ազգային ինքնութեան, գիտակցութեան, կամաւոր ջնջումով:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    https://www.shoushisummercamp.org/

    Յ.Գ. Կասկած չունիմ որ ԱՄՆ-ի կառավարութեան «Ազատութիւն» լրատվական գործակալութիւնը պիտի փութայ՝ մասնակի – եւ իր ուզած կերպով – արտատպելու վերեւի խմբագրականի ամփոփումը, անգլերէնով անշուշտ, իր «Presse Review»-ին մէջ:

  3. Հ.Շ. says:

    մեկնաբանութիւնս պահ մը հրատարակվեց – թէկուզ երկար ուշացումով -,
    իսկ այժմ չի երեւում

    արդեօք խնդիր կա՞…

  4. Լավատես says:

    Այն պետությունները, որոնք ունեն արդյունավետ ներքին քաղաքականություն, ի վիճակի են ունենալ արտաքին քաղաքականություն, իսկ այն պետությունները, որոնց ներքին քաղաքականությունը համեմատաբար արդյունավետ չի, նրանք ընկնում են այլ պետությունների արտաքին քաղաքականության ազդեցության տակ։ Այստեղ պետությունների մեծությունը կապ չունի, գլխավորը արդյունավետությունն է։ Արդյունավետ պետությունը սկսվում է արդյունավետ ընտանիքից, որտեղ պահպանվում ու պաշտպանվում են ազգային, տեղական ու ընտանեկան արժեքները։ Այն, ինչը թուլացնում է ընտանիքը, պետք է ընկալվի որպես հակապետական հանցագործություն։ Մենք պետք է միավորվենք ընտանիքի պաշտպանության ու զարգացման ռազմավարական խնդրի շուրջ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30