Ո՞ր քաղաքական գործիչներին են վստահում ՀՀ քաղաքացիները
«Ես շատ կուզեմ, որ մեր երկրի նախագահը Սամվել Կարապետյանը լինի՝ Տաշիրի Սամոն, ախպերն էլ լինի, վատ չի լինի: Կուշտ մարդիկ են, հաստատ ժողովրդին լավ կնայեն: Հենց էդպես էլ գրի՝ ես ուզում եմ, որ Սամվել Կարապետայանը լինի մեր նախագահը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է տաքսու վարորդ 38-ամյա Տիգրան Ավետիսյանը: Նա արձագանքել է մեր հարցմանը՝ քաղաքական գործիչներից ո՞ւմ է վստահում, ո՞ւմ խոսքերն են իր համար արժանահավատ:
Տիգրան Ավետիսյանը, բացի իր նշածներից, որեւէ այլ քաղաքական գործչի չի հավատում, ասում է՝ ոչ ոք ժողովրդի մասին չի մտածում:
Այս ընթացքում, երբ քաղաքական գործիչները դուրս են եկել փողոցներ՝ սահմանադրական բարեփոխումներին ուղղված իրենց քարոզարշավն են իրականացնում, «Առավոտը» վերը նշված հարցմամբ է դիմել Հայաստանի մոտ քսան քաղաքացու: Նրանցից համարյա բոլորն էլ իրենց խոսքում փնովում են ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական քաղաքական գործիչներին, որեւէ մեկի հետ հույս չեն կապում, քաղաքական գործիչների անուններ եւ վարքագծի հետ կապված օրինակներ են բերում, սակայն խնդրում են, որ դրանք հրապարակման համար չօգտագործենք, վախենում են՝ «գան հետեւներից»:
Կարդացեք նաև
63-ամյա Հրանտ Գեւորգյանն ասում է՝ բաց չի թողնում «լուրերից» ոչ մի հաղորդում, բոլոր քաղաքական գործիչներին ճանաչում է ու դրանով հանդերձ որեւէ մեկին չի հավատում ու վստահում, ասում է. «Տիզի պես ընկել են ժողովրդի ջանին, արյուն են խմում: Ոչ էսօրվա իշխանավորներն են մի բան, ոչ էլ դրանց դիմադրողները: Էս վերջինները նախկին իշխանություններն են, դրանց բոլորին արդեն գիտենք: Հրանտը Բագրատյան վարչապետ էր, կարում էր, թող մի բան ինքը էն ժամանակ աներ, կերան երկիրը, հիմա բողոքում ա… էսօրվաններն ավելի վատն են… ո՞ր մեկին հավատաս…»,- ասում է նա:
Մեր հարցման երիտասարդ մասնակիցներից մեկն էլ, ցանկանալով անանուն մնալ, ասում է. «Ես ինքս եմ ապագայում դառնալու այն քաղաքական գործիչը, որն ինձ համար ընդունելի եւ համակրելի կլիներ: Այս պահի դրությամբ, ցավոք, չկա մի քաղաքական ուժ, որի շարքերը կուզեի մտնել: Այսօր ամբիոններից ելույթ ունեցող, իրենց քաղաքական գործիչ համարող մարդիկ միայն սեփական շահն են կարեւորում: Մեր աչքի առջեւ մի քանի օրում ԲՀԿ-ի խիստ ընդդիմադիր գործիչները դարձան իշխանությանը սպասարկող ուժեր, եւ դրանք, ասում են, խորհրդարանական ընտրություններում ժողովրդի վստահությունը վայելած երկրորդ ուժն էին: Դե, ՕԵԿ-ի շարքերում հանդես եկողներն ինձ համար արդեն վարկաբեկված են: Ո՞ւմ վստահեմ, հանրապետականների՞ն՝ օլիգարխ ապրելակերպով, կրիմինալ անցյալով եւ ներկայով մարդկա՞նց: Չեմ կարող: Ինքս ինձ պետք է վստահեմ, ուրիշ ելք չի մնում, ես պետք է դառնամ այն քաղաքական գործիչը, որն իր նմանների խնդիրների մասին պետք է խոսի»:
Մասնագիտությամբ իրավաբան Տիգրան Մաթեւոսյանը եւս ոչ մի քաղաքական գործչի չի վստահում, ասում է. «Քանի որ բոլորն էլ, իմ խորին համոզմամբ, պետության շահից առավել անձնական շահին են վազում, ու ով որ շատ է սկսում «ժողովրդի օգտին» խոսել, անմիջապես լռում է, երբ իրեն «փայ» են տալիս, ու հակառակը՝ սկսում է շատախոսել, երբ իրեն բաժին չի հասնում»:
Հարցման մասնակիցներից մի քանիսի կարծիքով՝ այս պահի դրությամբ «ժողովրդի սրտից է խոսում» ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. «Բոլորին տեղն ա դնում, բայց դե ի՞նչ իմանաս, որ ինքը լինի իշխանություն, ի՞նչ կանի»,- ասում է հարցման մասնակիցներից մեկը:
25-ամյա Կարինե Ղաշանգյանն էլ կարծում է, որ այսօրվա քաղաքական գործիչներից ոչ մեկը՝ թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից, չի անում որեւէ բան ժողովրդի վստահությունը ձեռք բերելու համար: «Բոլորն աշխատում են ի շահ իրենց եւ չեն մտածում նորմալ եւ բարեկեցիկ Հայաստան կառուցելու մասին: Իշխանությանը հետաքրքրում է միայն փողը, իսկ ընդդիմությանը՝ միայն աթոռը»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.11..2015