Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական աճի հետ աղքատությունն էլ է աճել՝ 2.4%-ով

Նոյեմբեր 25,2015 14:30

Մեր երկրում ծայրահեղ աղքատների թիվը գնալով ավելանում է

Հայաստանում 900 հազար աղքատ մարդ կա: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցը, որն, ըստ էության, արձանագրում է՝ 2008 թվականից ի վեր մեր երկրում աղքատ բնակչության թիվն ավելացել է:

Հայաստանում աղքատության մակարդակը 2014 թվականին, ըստ ԱՎԾ զեկույցի, 30% է, իսկ բնակչության թիվը, կրկին պաշտոնական տվյալներվ՝ 3 միլիոն 10 հազար 6 հարյուր է:
Մեր երկրի 10 բնակչից 3-ը ամսական 40,264 դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել: Այսինքն՝ 2014-ին 900 հազար մարդ մեր երկրում ամսական 40,264 դրամից քիչ է ծախսել ապրելու համար, ավելի ճիշտ, 40 հազար դրամից պակաս եկամուտ է ունեցել, ուստի ստիպված գոյատեւել է այդքան գումարով: Աղքատներին էլ ԱՎԾ-ն բաժանել է 3 խմբի՝ վերին գիծ, որի տակ ընկնողները, կարելի է ասել, աղքատների միջի «հարուստներն են», հետո ստորին գիծ կամ շատ աղքատներ, եւ ծայրահեղ գիծ կամ ծայրահեղ աղքատներ:
900 հազար աղքատներից շատ աղքատ են եղել 330 հազար մարդ, իսկ 70 հազարը՝ ծայրահեղ աղքատ: Ընդ որում, շատ աղքատներն ամսական 33,101 դրամից քիչ եկամուտ են ունեցել, իսկ ծայրահեղ աղքատները՝ 23,384 դրամ: Նշենք, որ հետազոտությունը կատարվել է 5,184 տնային տնտեսություններում:

Ուսումնասիրության համաձայն՝ 2008-ին աղքատության մակարդակը 27.6% է եղել, շատ աղքատները կամ ստորին գծի աղքատները 2014-ին բնակչության 10.9%, իսկ 2008-ին՝ 12.6% են կազմել: Այսինքն՝ շատ աղքատների թիվը 2008-ի համեմատ նվազել է, սակայն ծայրահեղ աղքատության մակարդակն ավելացել է՝ 2014-ին բնակչության 2.3%-ն է ծայրահեղ աղքատ եղել, իսկ 2008-ին՝ 1.6%-ը: Հարցված ոչ մի ընտանիք, ինչպես նշված է զեկույցում, իրեն հարուստ չի համարել:

Ուշագրավ է, որ ԱՎԾ-ն աղքատության վերին մակարդակի շեմը 2014-ին հաշվարկել է 40,264 դրամ եկամտի չափով, իսկ 2013-ին՝ 39,193 դրամով: Այսինքն՝ 1071 դրամով բարձրացրել են աղքատության շեմը. սա, մեղմ ասած՝ ծաղրանք է սեփական ժողովրդի նկատմամբ, եթե անգամ 45 հազար դրամ եկամտի շեմով էլ հաշվարկվեր, առանձնապես բան չէր փոխվելու, իրական կյանքում 45 հազար դրամ եկամուտ ունեցողն էլ աղքատ է: Պարզ չէ, թե եկող տարի եկամտի ինչ չափով են հաշվարկելու աղքատության շեմը, բայց որ 2015-ին աղքատների թիվն ավելին է լինելու, արդեն կանխատեսելի է, քանի որ այս տարի թե՛ տնտեսական աճն էր ցածր նախորդ տարվա համեմատ, թե՛ տրանսֆերտներն են նվազել, ինչպես նաեւ դրամն է արժեզրկվել, այս տարի գնաճն ավելի բարձր է, նաեւ հոսանքն է թանկացել:

Ինչ վերաբերում է գյուղական բնակավայրերի աղքատությանը, ապա զեկույցում գրված է, որ 2014-ին աղքատությունը քաղաքային եւ գյուղական բնակավայրերի միջեւ շատ չի տարբերվում, քաղաքային աղքատությունը 30.0% է, գյուղականը՝ 29.9%: Սակայն զեկույցում նշված է, որ աղքատության մակարդակի տարբերությունը՝ Երեւանում՝ 25.%, եւ երկրի այլ քաղաքներում՝ 35.1%, չափազանց մեծ է:

Շիրակի մարզում շարունակվում է գրանցվել աղքատության ամենաբարձր ցուցանիշը, այստեղ բնակչության 44%-ը աղքատության գծից ցածր է: Միջին հանրապետականից բարձր են աղքատության ցուցանիշները նաեւ Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում, բայց Շիրակն, ինչպես զեկույցում է գրված, առաջատարն է: Աղքատությունն, ըստ զեկույցի, ավելի արագ տեմպերով աճել է Տավուշում եւ Երեւանում՝ 1.3 անգամ, Արմավիրում եւ Սյունիքում` 1.2 անգամ: 2008-ից 2014 թվականներին, ինչպես արձանագրել է ԱՎԾ-ն, աճել է նաեւ ծայրահեղ աղքատության մակարդակը ինչպես երկրի մակարդակով, այնպես էլ Երեւանում՝ բացի Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերից, իսկ առավել նկատելի է այդ ցուցանիշի աճը Գեղարքունիքում, Արմավիրում, Երեւանում, Կոտայքի, Լոռու եւ Տավուշի մարզերում:

ԱՎԾ-ն բնակչությունից նաեւ հետաքրքրվել է, թե ամսական մեկ շնչի հաշվով որքան գումար է անհրաժեշտ լավ, շատ լավ ապրելու եւ գոյատեւելու համար:
2008-ին հարցվածները լավ ապրելու համար նշել են 191,591 դրամ, 2014-ին լավ ապրելու համար մարդիկ նշել են 294,060 դրամ: Եթե 2008-ին շատ լավ ապրելու համար միջին վիճակագրական հային հարկավոր է եղել 853,804 դրամ, ապա 2014-ին շատ լավ ապրելու համար մեկ անձին հարկավոր է եղել 1,2 միլիոն դրամ:

Թե որքան գումար է պետք եղել գոյատեւելու համար 2008-ին, ըստ ԱՎԾ-ի, հարցվածները 46,847 դրամ են նշել, 2014-ի հարցվածներին գոյատեւելու համար պետք էր ընդամենը 85,231 դրամ:

Անցյալ տարվա հարցվածների 41.5%-ը՝ ի՞նչ է պետք կենսամակարդակը բարձրացնելու համար, նշել է. «Ինձնից ոչինչ կախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով եւ լավ պայմաններով», հարցվածների 20.2%-ը նշել է՝ «պլաններ չունեմ», իսկ 9.7%-ն էլ նշել է, որ փնտրում է եկամտաբեր աշխատանք Հայաստանում, իսկ սեփական գործ Հայաստանում ցանկանում է սկսել միայն 1.0%-ը: Հարցվածների 24.1%-ի կարծիքով՝ նոր սերունդն ավելի լավ կապրի, իսկ 31.0%-ի կարծիքով՝ նոր սերունդն ավելի վատ կապրի, 21.0%-ի կարծիքով` նրանք կապրեն նույն ձեւով:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն անդրադառնալով զեկույցի ցուցանիշներին՝ նկատում է, որ կառավարությունը մեծ հաշվով ձախողել է իրականացրած բոլոր տիպի գործառույթները, 2003-ից սկսած մեր երկրում գործում է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որտեղ թիրախավորված է աղքատությունը, սակայն կյանքը, ինչպես նաեւ պաշտոնական տվյալները, ցույց են տալիս, որ աղքատությունը ավելացել է: Տնտեսագետն ասում է, որ 2008-ի համեմատ 2014-ին աղքատությունն 2,4%-ով աճել է, մինչդեռ այդ տարիներին տնտեսական աճի միջին տեմպերը եղել են մոտ 2%, որը որեւէ կերպ չի ազդել աղքատների թվի նվազեցմանը: «Սա փաստում է նաեւ ԱՎԾ-ն, որը մասնավորապես նշել է. «Հաշվարկները ցույց են տալիս, որ տնտեսական աճի պայմաններում աղքատները շահում են, բայց ոչ այնքան, ինչքան հարուստները, իսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում՝ 2009-2010 թվերին, երբ տնտեսությունն անկում է ապրում, ավելի շատ տուժում են հենց աղքատները, իսկ հարուստները, անգամ ճգնաժամի պայմաններում, հիմնականում շարունակում են հարստանալ»»:

Մանուկյանի խոսքերով՝ պետական բյուջեն, որի սոցիալական ծրագրերը պիտի մեղմեին աղքատությունը, ակնհայտ է, որ կառավարությանը դա չի հաջողվել, նույնիսկ ծայրահեղ աղքատները 0,7%-ով ավելացել են. «Ինչի՞ համար են վարկեր, դրամաշնորհներ վերցնում, պետական պարտքն ավելացնում, որ աղքատությունը չպիտի նվազի: Նվազագույն սպառողական զամբյուղը մոտ 58 հազար դրամ է 2014-ին, իսկ աղքատության հաշվարկման համար 40,200 դրամ են ընդունել: Եթե նույնիսկ դրանից բարձր էլ լիներ՝ 45-50 հազար դրամ, մեր իրականության մեջ, հաշվի առնելով գնաճը, այդքան եկամուտ ունեցողները կրկին աղքատ էին լինելու»:

Մանուկյանը նաեւ նկատում է, որ 2008-ից մինչեւ 2014 թվականը աղքատության ցուցանիշն ավելացել է՝ այն դեպքում, երբ նշված տարիներին բնակչության թիվը նվազել է:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30