Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ արել, չէր արել, հարեւանի 1970-ին կառուցած լողասենյա՞կն էր արել

Նոյեմբեր 25,2015 14:00

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում է գտնվում Շենգավիթ համայնքի բնակիչ Զոհրաբ Կարապետյանի բողոքը: Քննության օրը դեռ չի նշանակվել

Շենգավիթ համայնքի Երվանդ Քոչարի փողոցի սեփական տներից մեկի բնակիչ Ա. Վերդյանը դիմել էր վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվի Երեւանի քաղաքապետարանի 2012թ. փետրվարի 2-ի վարչական ակտը, եւ «բարենպաստ» վարչական ակտ ընդունվի իր օգտին: Այսինքն՝ քանդվի իր հարեւան Զոհրաբ Կարապետյանի՝ դեռ անցյալ դարից օգտագործվող, 1970-ականներին կառուցված լողասենյակ-սանհանգույցը:

Իսկ քանդելու մասին հարեւանի պահանջը սկսվել էր այն պահից, երբ Կարապետյանները 2009 թվականին դիմել էին Երեւանի քաղաքապետարան, որպեսզի ինքնակամ կառույցը սեփականաշնորհվի: Քաղաքացին առաջնորդվել էր ՀՀ կառավարության կողմից ընդունված «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշմամբ, համաձայն որի՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին: Այսինքն՝ ՀՀ կառավարությունը համայնքի ղեկավարին լիազորություն է վերապահել սեփական նախաձեռնությամբ որոշելու ինքնակամ կառույցի ճակատագիրը:
Կարապետյան ընտանիքը կատարել էր համապատասխան մուծումներ, ինչը փաստող անդորրագրերը ներկայացվել էին ժամանակին քաղաքապետարան, ապա՝ դատարան:
Կարապետյաններն ասում են, որ ժամանակին մուծել են նաեւ իրենց տան կոմունալ վճարումները, բարեխղճորեն տիրապետել են նշյալ շինությանը:

Ի դեպ, նրանց լողասենյակից որոշ հեռավորության վրա է գտնվում դիտահորը, որի ամբողջ ջրահեռացումը գնում է գլխավոր փողոց: Սա բողոքաբեր կողմը շեշտում է, քանի որ նրանց հարեւան հայցվորը հայտնել էր, թե իրենց տան շինարարատեխնիկական վիճակը վատթարացել է հարեւանի աջակողմյան հատվածում գտնվող սանհանգույցի պատճառով:
Ուշագրավ է, որ հայցվորի տունը կառուցվել է պատասխանող, բողոքաբերի հոր կողմից, դարձյալ անցյալ դարի յոթանասունականներին:

Տունը չի ունեցել հիմք, այն եղել է Կարապետյանների նախկին հավաբուն-ցախանոցը, բնականաբար, ոչ բնակելի օգտագործման համար էր:

Դատարանում ապացույցների հիմքում նշվել էր նաեւ ջրաչափի ցուցիչը, որը, ըստ բողոքաբերի, չէր կարող հարեւանի տան վիճակի վատթարացմանը հանգեցնել:
«Իսկ ինչը կարող էր դառնալ պատճառը» հարցին էլ, կողմը դատարանում նշել էր՝ եղանակային պայմանները, ձյունն ու անձրեւը:

Հարեւանների վեճը կայանում էր նաեւ նրանում, որ Ա. Վերդյանը, առանց Կարապետյանների թույլտվության, նրանց լողասենյակի տանիքին տեղադրել է «ժոլոբ»՝ ջրահեռացման խողովակ, ինչն արդեն պատճառ է դարձել Կարապետյանների լողասենյակի պատի արտաքին մասի քայքայմանը: Քաղաքապետարանն այս ընտանիքին 200 000 դրամի տուգանքի է ենթարկել, երբ առանց պատկան մարմինների համապատասխան թույլտվության, նրանք փորձել են երկաթբետոնյա կանգնակներ եւ հեծաններ կառուցել՝ երկրորդ հարկ բարձրացնելու պատրվակով: Քաղաքապետարանի պահանջը՝ բերել տարածքը նախկին տեսքի, ըստ Կարապետյանների, մինչ օրս չի կատարվել:

2013թ.-ին Ա. Վերդյանի կողմից կառուցվել է մի դիտահոր, որի ջրերը լցվում են հարեւանի լողասենյակ, քանի որ այն չունի համապատասխան խորություն:

Դատարանում հայցվոր Վերդյանները Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանի 2012թ. փետրվարի գրությունը համարում էին «միջամտող վարչական ակտ»:

Այնինչ, ըստ բողոքաբեր Կարապետյանների, այդ ակտը ընդամենը տեղեկատվություն պարունակող գրություն էր, որը նշում էր միայն շինության իրավական կարգավիճակի եւ հարցի հնարավոր լուծման մասին: Քաղաքապետարանի պաշտոնյան հայտնել էր, թե քննարկումների արդյունքում պարզվել է, որ խնդրո առարկա հասցեում որեւէ շինարարական աշխատանքներ չեն կատարվում, լոգարանն ու սանհանգույցը չունեն իրավական կարգավիճակ, ուստի դրանց տնօրինման հարցը կարող է կարգավորվել ՀՀ կառավարության համապատասխան որոշման շրջանակներում, կամ՝ համաձայնության չգալու դեպքում՝ դատական կարգով: Սա էր «միջամտությունը»:

Ի դեպ, հաճախ են քաղաքացիները բարձրաձայնում, թե տվյալ կառույցը չպատճառաբանված գրություններ է ուղարկում, այս դեպքում պատճառաբանվելը գնահատվել է միջամտություն, միջամտող: Կարապետյանները վերաքննիչ վարչական դատարանի ուշադրությունն են հրավիրում քաղաքապետարանի վարչության պետի գրության այն հատվածի վրա, թե «քննարկումների արդյունքում» պարզվել է, մինչդեռ, ըստ նրանց, վարչական ակտի ընդունման համար հատուկ ընթացակարգ կա, համաձայն որի՝ վարչական վարույթը բաղկացած է վարույթի հարուցման, ընթացիկ եւ եզրափակիչ փուլերից, այն հարուցվում է անձի կամ անձանց կողմից կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ: Այսինքն, վարչության պետի գրությունը վարչական ակտ չէ, հետեւաբար, այն վիճարկել դատարանում՝ աբսուրդ է: «Դատարանը Երեւանի քաղաքապետարանի գրությունը որակելով որպես վարչական ակտ, չի անդրադարձել դրա իրավաչափության հարցին, որ տվյալ մարմինը տվյալ դեպքում վարչական վարույթ ընդհանրապես չի իրականացրել»,- նշվել էր վերաքննիչ բողոքում:

Վարչական դատարանը դիմել էր փորձագետներին, որոնք տվել էին եզրակացություն, թե լողասենյակ-սանհանգույցից արտահոսող ջրի պատճառով վատթարացել է հարեւանի շինության տեխնիկական վիճակը: Դատարանը բավարարել էր հարեւան Վերդյանի պահանջը, պարտավորեցրել քաղաքապետարանին, լողարանն ու սանհանգույցը քանդել, իսկ քաղաքապետարանից էլ հօգուտ փորձագիտական կենտրոնի բռնագանձել 47 000 ՀՀ դրամ գումար:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30