Վերջերս, տեւական ընդմիջումից հետո, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց Վերդիի «Տրուբադուր» օպերան: Վերջինիս առաջնախաղը կայացել է 1800-ականների կեսերին Հռոմում, իսկ ազգային օպերային թատրոնը միայն 1957թ. իրականացրեց «Տրուբադուրը»՝ բեմադրող դիրիժոր Ս. Չարեքյանի եւ ռեժիսոր Գ. Մելքումյանի բեմադրությամբ: Տեւական ընդմիջումից հետո, 1989թ. դիրիժոր Լ. Շաբանյանն ու ռեժիսոր Ն. Սարգսյանն անդրադարձան «Տրուբադուրին»: 1990-ականների վերջերին Նորայր Սարգսյանի դուստրը՝ ռեժիսոր Մարինան, վերականգնեց ինչ-ինչ պատճառներով խաղացանկից դուրս մնացած հիշյալ օպերան՝ դիրիժոր Օհան Դուրյանի հետ համագործակցության արդյունքում: Հիշյալ օպերան ժամանակին գրավել է ճանաչված արվեստագետների ուշադրությունը, օրինակ՝ երեւանյան բեմում Ազուչենայի դերերգով հանդես է եկել աշխարհահռչակ մեցցո սոպրանո Ելենա Օբրազցովան, հայ երգիչներից էլ Օլգա Բաբայանը, Լիլիթ Հակոբյանը, Վարդուհի Խաչատրյանը (Շվեյցարիա), Քրիստինե Սահակյանը, անցյալ տարի մենք լսեցինք նաեւ Ինգա Կարապետյանին, որը վերջերս հիանալի հանդես եկավ Կարմենի դերերգով:
«Տրուբադուրը» Երեւանի օպերային թատրոնի եզակի բեմադրություններից է, որ վերջին տարիներին ղեկավարել են շվեյցարացի դիրիժորներ Միքայել Վինդերբերգը եւ Մարկ Կիսոցցին: Օրերս էլ հիշյալ օպերան ղեկավարեց իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, գլխավոր՝ Ազուչենայի դերերգով էլ առաջին անգամ հանդես եկավ երիտասարդ երգչուհի, մեցցո սոպրանո Սոֆյա Թումանյանը: Մյուս գլխավոր դերերգով հանդես եկան Մարինե Դեինյանը (Լեոնորա), Հովհաննես Այվազյանը (Մանրիկո), Դավիթ Բաբայանցը (Կոմս դի Լունա), Հայկ Տիգրանյանը (Ֆերանդո): Առաջին հայացքից թվում էր, թե «Ազուչենան» ունենալով նման վաստակաշատ խաղընկերներ, պետք է որ շփոթվելու աստիճան հուզվի, ինչը սակայն տեղի չունեցավ: Ներկայացումից հետո եւ մասնագետները, եւ հանդիսատեսը խոսում էին Սոֆյա Թումանյան-Ազուչենայի ոչ միայն վոկալի, այլեւ բարձրարվեստ խաղի մասին:
«Առավոտը» հանդիպելով Սոֆյային, տեղեկացավ, որ նա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտել է զուգահեռ դաշնամուրային (պրոֆեսոր՝ Սիլվա Բունիաթյան) եւ վոկալ բաժինները (պրոֆեսոր՝ Գեղամ Գրիգորյան):
Կարելի է պատկերացնել, թե ինչքան մեծ էր մեր զարմանքը, երբ տեղեկացանք, որ Սոֆյան օպերային թատրոնում, լինելով Գեղամ Գրիգորյանի ուսանողը, առայժմ «պայմանագրային» մեներգչուհի է: «Առավոտի» հետ զրույցում Սոֆյան նշեց, որ տարիք է առել թատրոնի կուլիսներում: Հայրը՝ Գեւորգ Թումանյանը, թատրոնի նվագախմբի կլարնետահարների կոնցերտմայստերն է, մայրը՝ ֆլեյտահարուհի Նաիրա Կաժոյանը: Երգչուհին հիշեց, որ հայրն է ուղղորդել իրեն Գեղամ Գրիգորյանի դասարան: Հետո պատմեց, թե Գեղամ Գրիգորյանը երբեք գովեստի խոսքեր չի շռայլում, լավագույն դեպքում կասի՝ «Ապրես, լավ էր»:
Սոֆյա Թումանյանը հայտնեց, որ ներկայումս պատրաստում է Նորմայի դերերգը Բելինիի համանուն օպերայում եւ Փառանձեմ թագուհունը՝ Չուխաջյանի «Արշակ Երկրորդում»:
Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ թեեւ «պայմանագրային» է, բայց շատ շուտով Գեղամ Գրիգորյանի երբեմնի ուսանողը կհամալրի թատրոնի մեներգիչների ցանկը, մեր զրուցակիցը պատասխանեց, թե ինքը դրան չի էլ ձգտում եւ շատ է ափսոսում, որ հիմա Գեղամ Միհրանիչը թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, ինչի պատճառով շատ ժամանակ չի կարող իրեն հատկացնել:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ «Տրուբադուրը» ղեկավարող իտալացի Ջանլուկո Մարչիանոյին: «Նման պրոֆեսիոնալի հետ աշխատելը, այն էլ, երբ առաջին անգամ ես մեծ դերերգով դուրս գալիս բեմ, դա բառերով չեմ կարող նկարագրել: «Տրուբադուրի» դեպքում իմ բախտը բերեց. պրոֆեսորս՝ պարոն Գրիգորյանը, ոչ միայն վոկալի, այլեւ իտալերենի արտաբերման գործում մեծ ավանդ ունի: Հետո՝ ռեժիսորը՝ Մարինա Սարգսյանը, որը իսկապես ջանք չխնայեց իմ առաջին գլխավոր դերերգով բեմելը հավուր պատշաճի ներկայացնելուն եւ իհարկե, գործընկերներս՝ թատրոնում արդեն բազմավաստակ երգիչներ Մարինա Դեինյանը, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Հայկ Տիգրանյանը, երգչախումբը, նվագախմբի արտիստները եւ այլն…»,- ասաց երգչուհին:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ
ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.11..2015