Գոհար Նավասարդյանը կարծում է, որ հաշմանդամություն
ունեցող անձանց լուսաբանելիս չպետք է ծայրահեղությունների մեջ ընկնել
Գյումրիի «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի եւ Mobility international USA (MIUSA) հ/կ-ները համատեղ Հայաստանում անցկացնում են Կանանց Առաջնորդության եւ Հաշմանդամության Ինստիտուտ (WILD) ծրագիրը: Այն մեկնարկել է Գյումրիում նոյեմբերի 3-6-ը, եւ մասնակցել էին հաշմանդամություն ունեցող 21 կանայք: Ծրագրի ավարտից հետո այդ կանանցից յուրաքանչյուրը կոնկրետ թեմայով առանձին սեմինար է անցկացրել: «Առավոտի» հետ զրույցում Գոհար Նավասարդյանը նշեց, որ որպես ծրագրի մասնակից՝ ինքն ընտրել էր «Հեռուստաընկերությունները հաշմանդամություն ունեցող անձանց մասին» թեման:
Մեր զրուցակիցը փաստում է՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2014 թվականի վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում ապրում է մոտ 196000 հաշմանդամություն ունեցող անձ: Բնականաբար, պաշտոնական տվյալներով այդ թիվն ավելի պակաս է, քան իրականը:
Գոհարի ձեւակերպմամբ, ԶԼՄ-ները հսկայական դեր են խաղում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների եւ հիմնախնդիրների մասին հասարակական գիտակցության ձեւավորման գործում, քանի որ կարող են կոտրել կարծրատիպերն ու ապատեղեկատվությունը, նպաստել մտածելակերպը փոխելուն, խտրականությունը նվազեցնելուն ու հանրային իրազեկությունը բարձրացնելուն: Մեր զրուցակիցը ինչ-ինչ նկատառումներ ունի եւ համապատասխան եզրակացություններ է արել: Ասում է. «Պատահում է՝ որոշ լրագրողներ հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ շփման ընթացքում հաճախ տեսնում են միայն նրանց հաշմանդամությունը, այլ ոչ թե անձը: ԶԼՄ-ները հաշմանդամություն ունեցող անձին լուսաբանում են կամ որպես զոհի, կամ հերոսի դերում, ներկայացնում են պատմություններ, որոնք կամ կարեկցանք են առաջացնում հեռուստադիտողների մոտ, կամ վեհացնում են հաշմանդամություն ունեցող անձին որպես հերոսի, որը հաղթահարել է իր հաշմանդամությունը»: Գոհար Նավասարդյանը նաեւ հավելում է, որ հաճախ լրագրողների մի մասը լիարժեք չի տիրապետում հաշմանդամություն ունեցող անձից հարցազրույց վերցնելու ճիշտ ձեւերին, լեզվին եւ տերմինաբանությանը` հաշմանդամություն ունեցող անձանց լուսաբանելիս: Մյուս կողմից էլ, հաշմանդամություն ունեցող անձինք պատրաստ չեն երեւալ մամուլում եւ եթերում: Մեր զրուցակիցը վկայակոչում է հաշմանդամություն ունեցող անձանցից հարցազրույց վերցնելու էթիկայի կանոնները: Օրինակ, դրանցից մեկը հուշում է, որ հարցազրույցը նախապատրաստելիս ճիշտ է խորհուրդ հարցնել հենց փորձագետից՝ այսինքն հաշմանդամություն ունեցող անձից, ումից պետք է հարցազրույց վերցնել, քանի որ ինքն ավելի լավ գիտի իր կարիքները:
Կարդացեք նաև
Գոհարը զարմանում է, երբ հարցազրույց վերցնելիս տեղեկանում են, թե ինքն ինչ նախասիրություններ ունի, ասում են՝ «Օ՛, դուք հերոս եք»: «Բայց չէ՞ որ դա իմ առօրյան է, ինչպես դուք կարող եք տարբեր հետաքրքրություններ ունենալ ու ամեն ինչ հասցնել, հաջողություններ ունենալ, այնպես էլ ես»,- ասում է ժպտադեմ, կենսուրախ ու անչափ ակտիվ Գոհար Նավասարդյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.11..2015