Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ թեման» հայ քաղաքականության մեջ

Նոյեմբեր 25,2015 12:00

Ինչպես կառուցել ելույթը՝ թեմային անծանոթ լինելով

Առաջ, երբ դպրոցականները շարադրություն էին գրում, նրանց հաճախ հնարավորություն էր տրվում ընտրելու՝ գրել տվյալ գրողի տվյալ ստեղծագործության մասին, թե գրել «ազատ թեմայով»: Շատերն ընտրում էին երկրորդ տարբերակը, որովհետեւ առաջինի դեպքում պետք էր կարդալ գրական գործը, իսկ «ազատ թեման» հնարավորություն էր ստեղծում պարզապես «օդի մեջ» փիլիսոփայել ազատ թեմայով՝ «ինչ է սերը», «ինչ է երջանկությունը», «ինչպես սիրել հայրենիքը»: Իհարկե, այս դեպքում նույնպես կարող էր ի հայտ գալ աշակերտի գրագիտությունը կամ գուցե նաեւ գրական ձիրքը, բայց՝ երբեք ոչ գիտելիքները:

Անշուշտ, բուն առարկայի մասին խոսելու համար պետք է նախ՝ նման ցանկություն ունենալ: Օրինակ՝ երբ ամուսինները վիճում են, նրանք այդ ցանկությունը չունեն: Ենթադրենք, երբ մեկն ասում է՝ «ինչու է այս ափսեն այստեղ դրված», նրան այդ ափսեն բացարձակապես չի հետաքրքրում, նրան հետաքրքրում են ափսեի դիրքի քննարկումից բխող փոխադարձ «ընդհանրացումները», որոնց «շղթան» մոտավորապես հետեւյալն է. «դու միշտ ամեն ինչ թափում ես»-«ոչ, այդ դու ես ամեն ինչ թափում», «դու խորտակեցիր իմ ամբողջ երիտասարդությունը»-«չէ, այդ դու ես, որ խորտակեցիր իմ ամբողջ կյանքը», «ճիշտ էր ասում իմ մայրիկը»-«ոչ, իմ տատիկն էր ճիշտ ասում», եւ այլն:
Ահա այդպիսի տրամաբանությամբ են բանավիճում մեր պատգամավորները, ընդ որում՝ կարեւոր չէ, թե որն է իրենց վեճի բուն թեման: Իրականում դա «ազատ թեմա» է: «Դուք թալանչի եք եւ ընտրակեղծարար», «դուք ձեր իշխանության օրոք ավելի մեծ թալանչիներ եւ կեղծարարներ էիք», «իսկ դուք 1920 թվականին երկրի կեսը տվեցիք թուրքերին», «ոչ, դուք պետք է մեր ոտերը լվաք եւ ջուրը խմեք», «ես ազնիվ մուզիկանտ, այդ դուք կործանել Արմենիա»: Եվ այսպես շարունակ: Թեման կարող է լինել, ասենք, «Գրավի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Բայց գրավը ոչ մեկին, բնականաբար, չի հետաքրքրում՝ մարդիկ գերադասում են խոսել «ազատ թեմայով»:

Բացի նրանից, որ բուն թեմայով խոսելու ցանկություն պետք է լինի, մարդիկ պետք է նաեւ իրենց նեղություն տան կարդալ քննարկման առարկա նյութը՝ ասենք, Սահմանադրության, բյուջեի կամ որեւէ օրենքի նախագիծը, բայց դրա «հավեսը» ոչ ոք չունի: Բարդ եւ գիտելիքներ պահանջող թեմաները թողնելով՝ պատգամավորները միանգամից անցնում են «ընդհանրացումների»՝ «դեւը բռնում է Սերժ Սարգսյանին», «այս պատգամավորը ԱՄՆ դեսպանատանն ասել է, որ արյուն է ուզում»: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ կապ ունի այդ ամենը բյուջեի հետ:

Թվում է, որ բյուջեի հետ կապ ունի չինովնիկների ծառայողական մեքենաների քանակը: Դրանք իսկապես շատ են, եւ այստեղ ամբողջ մոտեցումը պետք է փոխել՝ բացի ամենաբարձր պաշտոնյաներից, ոչ ոք չպիտի ունենա իրեն «կցված» մեքենա: Մնացած ծառայությունները պետք է արվեն պատվերով՝ աշխատանքային անհրաժեշտության պարագայում: Բայց դա ոչ թե տնտեսական, այլ էթիկայի, բարոյական խնդիր է, որովհետեւ պատգամավորները շատ լավ հասկանում են, որ խնայած գումարով հնարավոր չէ լուծել որեւէ տնտեսական խնդիր, պատրաստ էլ չեն անձամբ հրաժարվել «պադավատներից»: Պարզապես հնչեղ թեմա են գտել եւ զբաղվում են պոպուլիզմով: Ի դեպ, ճիշտ նույն ձեւով Սահմանադրության «ոչ բովանդակային» քննադատները շատ լավ գիտեն, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանի չի ղեկավարի երկիրը: Բայց սահմանադրական նախագծի դեմ որեւէ այլ փաստարկ գտնելու համար պետք է «թեմային» ծանոթանալ: Իսկ «ազատ թեմայի» համար ոչ մի ջանք պետք չէ:

Շատերը նույնիսկ հարցազրույց են այդպես տալիս: Հարց. «Ի՞նչ եք մտածում տիեզերքում առաջացող սեւ խոռոչների մասին»: Պատասխան. «Սերժ Սարգսյանը…»: «Ազատ թեմայով» ամենալավ անեկդոտը խարտոցի մասին է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30